HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսուցիչը խախտում է բոլոր նորմերը

Ես չգիտեմ, եթե դպրոցական ռեֆորմ լինի, ու նոր տեսակի դպրոց կերտելու լինենք՝ մենք պետք է փնտրենք ու գտնե՞նք այնպիսի ուսուցիչներ, որոնք կիմանան, արդեն իմացած կլինեն, որ աշակերտի ընտանեկան կյանքի մանրամասներին տեղյակ լինելու դեպքում չպետք է այն պատմեն ծնողներին, աշակերտներին, ամեն պատի տակ չպետք է բարձրաձայնեն: Կամ ուղղակի եղած ուսուցիչներին, եթե խիստ հրահանգավորվի ու կանոնակարգը խախտելու դեպքում, ասենք, աշխատավարձից տուգանք սահմանվի՝ հին ուսուցիչներն էլ կարող են հիսուն կամ վաթսունն անց տարիքում հասկանալ, որ ուսուցիչն աշակերտին սովորեցնողն է, և չի կարելի սովորեցնել լինել բանսարկու, բամբասող ու չի կարելի հոշոտել ամենածանր տարիքում գտնվող մարդկանց սկսնակ կյանքը:

Դպրոցի հետ շփումն իմ կյանքում ամենածանր փորձությունն է եղել և՛ խորհրդային տարիներին, երբ ես էի աշակերտ, և՛ անկախության տարիներին, երբ սովորում էին երեխաներս: Նշեմ, որ և՛ ես, և՛ նրանք սովորելու հարցում խնդիր չենք ունեցել:

Դպրոցի մասին, ես մտածել եմ բոլոր մյուս կառույցներից ավելի շատ, որովհետև միշտ վստահ եմ եղել, որ այստեղից է սկսվում ամեն ինչը՝ պետությունը, հայրենիքը, հասարակությունը, քաղաքացին, ստորը, վեհը: Դպրոցական տարիքում են ծնվում երազանքները, որոնք սկսում են սարքել մարդուն: Բայց հաստատ գիտեմ, որ այդ երազանքները ավելի հաճախ մեռնում են դպրոցում, և դպրոցը երազների յուրատեսակ եղբայրական գերեզման է դառնում շատ կարճ ժամանակում: Տեսակ դառնալու բնազդը առաջինն է մորթվում հանրակրթականում: Զարգանում է աննկատ մնալու, չծաղրվելու, մատնացույց չարվելու պաշտպանական մոլուցքը: Ու այս անմարդկային վիճակի դիրիժորները հիմնականում դասղեկներն են, ուսուցիչները: Դասղեկներին պատահաբար չեմ առանձնացնում, որովհետև դպրոցն այս առումով շատ նեղ ոլորտներ ունի: Դասղեկն է որոշում` ով է ապրելու, իսկ ով՝ ծաղրվելու: Որոշումը կայացվում է բացառապես սեփական շահի, ծնողի դիրքի ու ֆինանսական վիճակի, ծնողի հայտնի մարդ լինել-չլինելու տվյալներն հավաքագրվելուց հետո: Մնացած բոլոր դեպքերը հույսերը դնում են միմիայն  սեփական կամային հատկանիշների, ֆիզիկական ուժի ու հնարամտության վրա: Իհարկե, ունենք բացառություններ և՛ դպրոցների, և՛ ուսուցիչների շրջանում, բայց այսպիսին է հիմնական, գերիշխող վիճակը:

Հիմա, անդրադառնանք բուն հարցին. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում առաջին դասարանցու նկատմամբ բռնության մասին նյութի հրապարակումից հետո, aravot.am-ը հրապարակում է դպրոցի տնօրենի հետ հարցազրույց:

Մենք չենք կարող առանց լուրջ հետաքննության որևէ եզրակացություն անել կամ մեղադրել: Հետևաբար դեպքի քննությունը թողնում ենք ոստիկաններին: Բայց հարցազրույցի ընթացքում տնօրենի մի քանի նախադասությունն ուղղակի նետով խփել է ժամանակակից դպրոցի ամենաախտոտ ու ամենաաղտոտ կետերին, դիպուկահարի պես կրակել է ամենավատ մթնոլորտը ստեղծող երևույթի ուղիղ նշանակետին:

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն ասում է. «Դարձել ենք առաջին դասարանցու ամուսնալուծված ծնողների հարաբերությունների մատաղացուն»:

Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերլուծությունը սկսել երկու ծնողի ինտիմ կյանքի լուսաբանումից` ուղղակի պաթոլոգիա է:

Ուսուցիչն իրավունք չունի աշակերտի ընտանեկան կյանքի մանրամասները հանրային իմացության նյութ դարձնել: Իսկ հիմա պատկերացրեք, թե քանի անգամ, քանի ծնողի ներկայությամբ, իսկ մի քիչ բարձր դասարաններում նաև աշակերտների ներկայությամբ է այս ուսուցիչը նույն միտքը մի քանի անգամ ասել և ասելու: Փա՞ստ: Այն, որ լրագրողի առաջին հարցին, թե ինչ է տեղի ունեցել, նա ի լուր ողջ Հայաստանի պատմում է ծնողների հարաբերությունների մասին:

Իհարկե, մարդկանց միշտ հետաքրքրում է այլ մարդկանց մասնավոր կյանքը: Հատկապես շատ է հետաքրքրում,երբ ինտելեկտուալ ծանրաբեռնվածությունը քիչ է, և սեփական կյանքը անհետաքրքիր է ընթանում: Բայց ուսուցչի  օրենսգրքի մեջ առաջին հերթին մտնում է աշակերտի անձնական արժանապատվությունը չվիրավորելու պայմանը: Իսկ աշակերտի արժանապատվությունը վիրավորվում է ամենախորը, ամենակոշտ, ամենաներքին դաժանությամբ:

Այն պահից, երբ ուսուցիչը բարձրաձայն նշում է աշակերտի կյանքի որևէ դրվագ, որով տարբերության կետագիծ է նշում իր և մնացածի միջև՝ նույն պահից ուսուցիչը խնդիր է ծնում այդ տարիքով փոքր մարդկանց մեջ, որոնք մեծանալու խնդիր են սկսում ունենալ:

Հետո, դպրոցի տնօրեն տիկին Խոսրովյանը պատմում է տղայի նախկին մասնավոր դպրոցի տնօրենի հետ իր մասնավոր խոսակցությունը:

Հստակ ընդգծվում է բացասական վերաբերմունքն առաջին դասարանցու նկատմամբ: Առաջին դասարանցիների իննսուն տոկոսը դաս են խանգարում, որովհետև առաջին դասարանցի են: Եթե վստահենք տնօրենին ու հավատանք, որ երեխան ինքն է կտրել իր թարթիչը՝ անկեղծ ասած, բացի այն, որ երեխան հետաքրքրասեր է՝ ուրիշ ոչինչ մտածել չի լինում: Մեր դասարանում երեսունվեց հոգի կար, ու միայն մեկն էր այդպիսի փորձեր անում, օրինակ՝ փորձել էր ծնոտը դնել լվացքի պարանին ու տեսնել` իրոք մարդիկ էդպես կախվո՞ւմ են: Նրա ծնողները ամուսնալուծված չէին, ավելին՝ հայտնի մտավորականներ էին, իսկ տղան, ինչպես պարզվեց, մեր դասարանի երեսունվեց հոգու մեջ միակ տաղանդավոր մարդը դուրս եկավ:

Տիկին Խոսրովյանը շարունակում է. «Երեխային մեր դպրոց են բերել մասնավոր դպրոցից, դպրոցի տնօրենը խնդրեց, որ վերցնենք… Ինքն ասաց, որ երեխան խանգարում է դասերին, իսկ իրենց մոտ մասնավոր դպրոց է, ծնողները գումար են վճարում, և այլն, և ես ստիպված երեխային ընդունեցի»:

Մասնավոր դպրոցում դաս խանգարող երեխա չկա՞, չի՞ լինում: Չեմ պատկերացնում: Ինչու՞ «ստիպված» ընդունեց, միայն այն պատճառով, որ մասնավոր դպրոցի տնօրենը խնդրե՞լ էր: Զարմանալի է:

Ապա, սկսվում է պատմության իրենց սիրելի հատվածը. «Հետո իմացանք երեխայի ճակատագրի մասին. նա ծնվել է Հունաստանում, ծնողները բաժանված են: Սա, ի դեպ ուսուցիչների ամենասիրած թեման է:

Դպրոցի տնօրենը մանրամասն պատմում է, որ «…շաբաթվա որոշակի օրերին  տղան մոր մոտ է մնում, մյուս օրերին՝ հոր մոտ: Գիտեմ, որ հայրը շատ ուշադիր է, վարորդ է վարձել, որը երեխային տանում-բերում է: Մենք ավելի շատ շփվել ենք վարորդի հետ»:

Այստեղ առանձնանում են «հայր» և «վարորդ» բառերը, որոնք հետո էլի կրկնվում են: Հոգեբանական  վերլուծության դեպքում, կարելի է մի շարք հետևություններ անել, որոնցից մեկն այն է, որ տնօրենի համար հայրը և հոր վարորդը կարևոր հատկանիշներ են: Հարգանքով նշելով հոր վարորդ ունենալու փաստը՝ տնօրենը որպես հաստատում, որ հայրը ուշադիր է,  բերում է  հոր՝ վարորդ վարձած լինելու փաստը: Չեմ կարծում, որ վարորդ վարձելը երեխայի հանդեպ ուշադրության երաշխիք  է: Հնարավոր է, որ հայրը շատ ուշադիր հայր է, և չեմ էլ համարձակվի կասկածի տակ առնել, բայց տեքստը վերլուծելիս վարորդի առկայությունը որպես ուշադրության փաստ ներկայացնելը խոսում է այն մասին, որ վարորդը ուսումնական ոլորտում հարգանքի արժանի ատրիբուտներից է:

Տնօրենն իր խոսքում պատմում է, որ երեխան ունի հոգեբանի, լոգոպեդի, սոցմանկավարժի կարիք: Արդյոք սա չի՞ մտնում մասնավոր կյանքի իրավունքների մեջ, և արդյոք այն հրապարակելով չի՞ խախտվում առաջին դասարանցու իրավունքները, ի վերջո՝ տնօրենի կողմից հարգված հոր իրավունքները, ում այս մանրամասների հրապարակումը հաստատ հաճելի չի լինի: Կամ այն ենթադրությունը, թե հայրը թարթիչները կտրելու փաստից հետո մոր հետ կոպիտ է խոսել: Որտեղի՞ց  է տնօրենը վերցրել այդ փաստը, իսկ միգուցե մեղմ է խոսել: Իսկ եթե անգամ ունի նման փաստ՝ կարելի՞ է այն հրապարակել:

Ես վստահ եմ, որ բոլոր նշված փաստերը աշակերտի իրավունքի կոպիտ ոտնահարում են: Սա հին, շատ հին ավանդույթ է: Խորհրդային ժամանակներից սկիզբ առած ու հետո ավելի անկախ ու անկաշկանդ դարձած վարքագիծ, որի հետևանքով աշակերտների մեջ ձևավորվում են հաջողակներ ու անհաջողակներ, լավեր ու վատեր, սիրելիներ ու ոչ սիրելիներ: Հետո, ստացվում են խեղված «սիրելիներ» ու «խեղված չսիրվածներ»: Հետո նրանք մեզ մի օր ղեկավարում են, բռնություն են գործադրում մեզ վրա, փողոցում ծեծում են երիտասարդ ցուցարարներին, դատարկում են պետական գանձարանը, մարդ են խփել տալիս, նվաստացնում են ենթականերին, ծաղրում են, որ չծաղրվեն, կեղծում են ընտրությունները, ստիպում են տնօրենին ձայն բերել, չբերելու դեպքում` հայհոյում են կամ հեռացնում աշխատանքից, երկիր են ապականում, որովհետև իրենց նվաստացրել են դպրոցում՝ «սիրել են» կամ «չեն սիրել» հանուն ինչ-որ բանի կամ ինչ-որ բանի պատճառով:

Ես  վստահ չեմ, որ եթե մի օր Աստված համբուրի մեր ճակատն ու Հայաստանում դպրոցական  ռեֆորմ լինի, հին ուսուցիչներին կարելի կլինի բացատրել, որ դաստիարակված մարդը չի կարող ուրիշի երեխայի պատմությունները պատմել ամեն տեղ, բոլորին: Սա հետամնացություն է: Դժվար ռեֆորմ է լինելու. հավանաբար պետք է կլինի ցրել անձնակազմն ու նորից հավաքել:

Բայց ուսուցիչները ճկուն են. չզարմանաք, եթե տարիներ հետո, երբ, ասենք տղան արտակարգ ընդունակություններ ցուցաբերի ու  արտերկիր սովորելու մեկնելուց առաջ կրթության նախարարից պատվոգիր ստանալու իր լուսանկարը տեղադրի սոցիալական ցանցում՝ նույն ուսուցիչները նկարի տակ մեկնաբանություն թողնեն. «Ես միշտ հավատացել եմ քո պայծառ ապագային, տաղանդավորս»: Նման դեպքեր եղել են … 

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Գևորգյան
Հարգելի Լուսինե, իսկապես շատ լավ հոդված է: Շոնհրակալություն նման առողջ վերլուծության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter