HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի մասին. ինձնից հետո՝ ջրհեղեղ»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք։ 

«Կրթության մինչև 2030 թվականը զարգացման  պետական ծրագրի նախագծի հակիրճ բովանդակությունը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «մշակվել է հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը, կրթության համակարգի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» և «Կրթություն 2030. Դեպի ներառական և արդարացի որակյալ կրթություն ու կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» Ինչհոնի հռչակագիրը»։

Սույն նախագծում, որն արդեն հանրային քննարկման է դրված, առկա են ոչ թե գեղեցիկ, այլ շքեղ նախադասություններ, որոնք եթե կարդալու լինի այլ երկրի քաղաքացին, կասի երանի այս երկրի երեխաներին ու երիտասարդներին: Այնինչ ինձ, որպես մեր երկրի կրթության բոլոր բարեփոխումների ուղն ու ծուծն իմացող մարդու, ով այս  նախագծում գրված նախադասությունների մեծ մասին հանդիպել է 1998թ.-ից  գրված  նախորդ զարգացման  ու վարկային բարեփոխումների ծրագրերում, այն անչափ տխրեցնում է, որովհետև նրանք տարեց տարի տեղափոխվում են ծրագրից ծրագիր ու ոչ միայն ըստ էության դրված նպատակներին համապատասխան չեն իրականանում, այլև գրվում է մի բան, բայց արվում է ճիշտ հակառակը, իսկ ամենատխուրն այն է, որ հսկայական գումարներն այնուամենայնիվ ծախսվել են, բայց արդյունքում կրթության ոլորտում ետընթաց ենք արձանագրել: Ու որքան ետընթաց է եղել կրթության մեջ, այնքան ավելացել է արտագաղթն ու աղքատությունը:

Մասնավորապես, նախագծում  դրված է ներառական և արդարացի որակյալ կրթության հասնելու նպատակ, շատ լավ ու դրա համար 2014-ին ընդունված «Հանրակրթության մասին» օրենքով թե՛ իրավական դաշտը կա, թե՛ 2016-ին կառավարության որոշմամբ հաստատված այն մինչև 2025թ. իրականացնելու ժամանակացույցն  ունենք, որի համաձայն 2018-ին Երևանում պե՛տք է ներդրվի համընդհանուր ներառական քաղաքականությունը: Այնինչ Երևանի քաղաքապետարանն իր հնգամյա ծրագրում չնախատեսեց այն սկսելու համապատասխան քայլեր, ավելին՝ մերժեց այդ ուղղությամբ իմ առաջարկները, որովհետև գործող ԿԳ նախարարը չի հետևում և տեր չի կանգնում երկրի համար այս կարևոր քաղաքականության ընթացքին այն դեպքում, երբ այս պետական ծրագրով ներառական կրթության անհրաժեշտության և այն իրականացնելու վերաբերյալ հրաշալի կետեր են գրել, տեսնես ինքը կարդացե՞լ է դրանք:

 ԻՆՉՊԵ՞Ս, Ի՞ՆՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ, Ի՞ՆՉ ռեսուրսներով է կառավարությունը պատրաստվում իրականացնել այս ծրագիրը, որի ճանապարհային քարտեզում, մասնավորապես գրված է. Ներդրված է մանկավարժների վարձատրության և սոցիալական պաշտպանվածության արդարացի (արդյունքահեն) և արժանապատիվ (զարգացած երկրների ցուցանիշներին համադրելի – շնչային ՀՆԱ-ի համեմատ) համակարգ»։ Նկատում եք չէ՞, գրված չէ , թե որքան է այդ «համադրելի- շնչային ՀՆԱ –ի համեմատ» համակարգը ու  այս ծրագրի ճանապարհային քարտեզի ոչ մի կետում դրված չէ այդ նպատակին հասնելու արժեքը և ԻՆՉՊԵ՞Ս հարցի պատասխանը: Ընդհանրապես այս նախագիծը չունի այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ  ֆինանսավորման մասին գլուխ, ստացվում է,  որ առանց կրթության ծախսերն ավելացնելու հասնելո՞ւ են այդ նպատակներին, ինչպե՞ս: 

Սույն ծրագրում չի դրված ոչ մի երաշխիք այն մասին, թե  ծրագրի եռափուլ ընթացքի յուրաքանչյուր հանգրվանում բյուջեի միջնաժամկետ ծրագրերում որքա՞ն գումար է դրվելու, հաջորդ փուլի շարունակության համար պետական բյուջեն ՀՆԱ-ի ո՞ր  տոկոսն է կրթության համար նախատեսելու: Շատ չերկարացնեմ  ու ասեմ, որ այս նախագիծը կարդալուց հետո տպավորությունս սա է, ոնց որ  45 համարի կոշիկ հագնող հասուն մարդուն ուզենաս հագցնել 36  համարի կոշիկ ու համոզես, որ գիտե՞ս, շատ լավ է, իսկական քո հագով է: Շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ այս նախագիծը:

Եզրակացությունս մեկն է. Կրթության մինչև 2030 թվականը զարգացման  պետական ծրագիրը այս կառավարության հերթական բլեֆն է, ի մասնավորի կրթության գործող նախարարինը ու կառավարության հոգը չէ, թե ինչ ընթացք կունենա այն, նամանավանդ որ առջևում 2018 թվականն է և իրենց մնալ-չմնալը իրենցով չի պայմանավորված: Գործող նախարարն, իմ տպավորությամբ, առաջնորդվել է հետևյալ մտայնությամբ՝  գրենք էլի, առանց էդ էլ ուշացրել ենք,  այն պետք է 2016-ին արդեն ընդունված լիներ, միևնույն է ես չեմ  լինելու գործընթացի պատասխանատու կատարողը (տա՛ Աստված), ով կգա՝ թող նա էլ մտածի, ինձնից հետո՝ ջրհեղեղ: Ոչ միայն գործող, այլև անցած տարիների ՀՀ  իշխանության «ինձնից հետո՝ ջրհեղեղ» մտածելակերպի տեր պաշտոնյաների անպատասխանատու գործունեության հետևանքն էլ մեր այսօրվա աղքատացող ու դատարկվող Հայաստանն է: Աղքատության աճը միանշանակ երկրում կրթության հասանելիության ու մատչելիության անկման փաստն է արձանագրում ու կրթության ֆինանսավորումն անընդհատ կտրելով՝ ներկայացնել կրթության զարգացման նման պետական ծրագի՞ր, նշանակում է ուղղակի ծաղրել ոչ միայն մեր հասարակությանը, այլև ՀՀ նախագահից սկսած հենց իրենց՝ իշխանությանը, ով հայտարարում է, թե 2040-ին Հայաստանի բնակչությունը կլինի 4 միլիոն: Տեսնում եք չէ՞, նույն մտածելակերպն է՝  ինձնից հետո՝ ջրհեղեղ, ինչպես ժողովրդական խոսքն է ասում. 2040-ին ով սաղ՝ ով մեռած»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter