Շաբաթ, 25 նոյեմբերի

Գործարարը սնանկության գործով կառավարիչներին մեղադրում է փողերի յուրացման մեջ



Գործարար էդիկ Թումանյանը 2012 թվականին դատական հայց է ներկայացրել սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյանի դեմ՝ պահանջելով հօգուտ իրեն կառավարչից բռնագանձել 16 489 337 միլիոն դրամ:

Գործարարը դատարան ներկայացրած հայցադիմումում նշել է, որ կառավարիչը իրացրել է իրեն պատկանող «Տեխնոսարք» ընկերության 10 անուն մեխանիկական սարքերը, 2008-2009 թվականների դրությամբ 12 891 500 դրամ շուկայական արժեքով գույքը գնահատվել է 1 503 363 դրամ, իրեն պատճառել է 11 388 137 դրամի նյու­թա­կան վնաս։ Այդ գույքի հիմնական մասը ձեռք է բերել Մավրիկ Մելքոնյանը, ով հետագայում քննչական բաժնում տված ցուցմունքով հրաժարվել է ձեռք բերածից:

Էդիկ Թումանյանը յուրացումնների գործում նաև մեղադրում է գործը քննող դատախազներին, դատավորներին՝ Սուրեն Անտոնյանին և Խաչիկ Խաչատրյանին. «Էդ փողից իրանք են կերել։ Ես մտածում եմ, որ նա (Սուրեն Անտոնյանը-հեղ.) ինչ-որ ձևով կարգավորում է այդ գործը, որ չբացվի։ Դրանք էնքան բան են ծախել ու փողերն իրար մեջ բաժանել՝ դատավորը, դատախազը, որ բոլորն էլ կապ ունեն այդ գործի հետ»,- նշում է նա։

«Տեխնոսարք»-ը կամ ինչպես վանաձորցիներն են ասում` ռոբոտների գործարանը, կառուցվել է 1985-1986թթ.-ին: Էդիկ Թումանյանը 2004-2005 թթ.-ին եղել է այդ գործարանի տնօրենը։ «Տեխնոսարք» ԲԲԸ-ն Թումանյանը աճուրդով գնել է 2005 թվականի սեպտեմբերին, 92 միլիոն դրամով: Ընկերության սնանկ ճանաչելու պահին Թումանյանը «Տեխնոսարք»-ի հաշվին մուծել է մոտ 64,6 միլիոն դրամ: Հետագայում չի կարողացել մարել մնացած գումարը, արդյունքում 2007 թվականին դատարանը որոշել է Էդիկ Թումանյանին սնանկ ճանաչել:

գործարանի նախկին շենքը

Դատարանի վճռով՝ սնանկ ճանաչելու պահին Թումանյանի պարտքը կազմել է 33 315 783 դրամ: Հետագայում օրենքով հաշվարկված տոկոսներով՝ նրա վերջնական պարտքը դարձել է 37 միլիոն դրամ:

Է. Թումանյանը նպատակ ուներ գործարանում մեքենաշինական սարքավորումներ արտադրել։ Այն գնել էր՝ վաճառելով ունեցած տունը, որդու խանութն ու որոշ գումար պարտքով վերցնելով։

Թումանյանը սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյանին մեղադրում է ընկերության հիմնական գույքը միտումնավոր չվերագնահատելու և դրանք մի քանի անգամ ցածր գնով վաճառելու մեջ: Նրա փոխանցմամբ՝  Հակոբյանը, 2008 թվականին ստանձնելով կառավարիչի պաշտոնը, առաջին իսկ օրվանից անօրինականություններ է կատարել, կամայական վերաբերմունք դրսևորել, կանխամտածված, առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական վնասներ պատճառել:

Սեյրան Հակոբյանը միջնորդություն է ներկայացրել դատարան «Տեխնոսարք» գործարանում գտնվող գույքի հրապարակային սակարկությունները դադարեցնելու և այն (անշարժ գույքը, շարժական և հիմնական միջոցները) վերագնահատելու թույլտվություն ստանալու մասին: Դատարանը նրա միջնորդության երկու պահանջն էլ բավարարել է: 

Ընկերության սեփականատերը պնդում է, որ այդ ժամանակ չեն վերագնահատվել արագ վաճառվող ու պահանջարկ ունեցող գույքերը. կանխամտածված վերագնահատում արել։ Էդիկ Թումանյանի փոխանցմամբ՝ Ս. Հակոբյանը շարժական և հիմնական միջոցները չի վերագնահատել, հիմք է ընդունել 2005 թվականի գնահատման 26 506 150 դրամը, չնայած, որ 2005-2008թթ․ ընթացքում նշված ապրանքների գները կտրուկ աճել են: Ասում է՝ որևէ դատավոր մինչ օրս չի տրամադրել վաճառված գույքի բանկային շարժը, որպեսզի հավաստիանա, թե ինչ գնով է վաճառվել այդ գույքը։

2012թ. Թումանյանը դիմել է  «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ի մասնագետներին, խնդրել գնահատել վաճառված գույքի շուկայական արժեքը: Ընկերությունից ստացել է պատասխան, ըստ որի՝ Ս. Հակոբյանի կողմից իրացված 10 անվանում գույքի գները շեշտակի տարբերվում են այդ ժամանակահատվածում գոյություն ունեցող շուկայական գներից։

Այդ գնահատումներով՝ օրինակ՝ 670 000 դրամ արժողությամբ ամբարձիչը իրացվել է 96 000 դրամով, 1200 000 դրամանոց թերմոպլաստը՝ 750 000 դրամով, իսկ հղկող հաստոցը հաշվարկած գնից 202 հազար դրամ ցածր գնով են վաճառել:

Գործարարը պնդում է, որ կառավարիչը աճուրդները անցկացրել է անօրինական կարգով, իրեն պատկանող գույքը վաճառել բազմակի անգամ ցածր գնով։

Է. Թումանյանի փոխանցմամբ՝ կառավարիչը այլ միջոցով ևս գումար է յուրացրել։ 2009 թվականի հունվարի 27-ին վաճառել է ընկերության գույքը, սնանկության գործով բացված հատուկ հաշվեհամարին փոխանցել 3 557 000 միլիոն դրամ, այնինչ դատավորի հաստատմանը ներկայացրած բաշխման ծրագրում նշել, որ հատուկ հաշվում առկա է 17 150 000 դրամ։

«Դատավորը, թե ոնց է հաստատել, ինչ է արել, պարզ չէ, որովհետև այդքան գումար չի եղել, ընդամենը եղել է 3 557 000 միլիոն դրամ։ Ես պարզել եմ՝ նա (Սեյրան Հակոբյանը-հեղ․ ) այդ գումարից ստանում է 10 տոկոս աշխատավարձ։ Եթե 3 557 000-ից պետք է ստանար 357 հազար դրամ աշխատավարձ, 17 միլիոնից ստացել է 1 715 000 աշխատավարձ»,- նշում է Էդիկ Թումանյանը։

Թումանյանը Սեյրան Հակոբյանին նաև մեղադրում է պարտքի մարման 3 800 000 դրամը հավաստող փաստաթուղթը դատարան միտումնավոր չներկայացնելու մեջ: Ասում է՝ 2008 թվականին վաճառել է  2500 քմ հողատարածք, շենք, շինություններ: Վաճառքի գումարից 5 980 000 դրամ գումար է փոխանցել սնանկության գործով նախկին կառավարիչ Ս. Աբրահամյանին՝ «Տեխնոսարք» գործարանի պարտքը մասամբ մարելու համար,  որի փաստաթղթերը հաջորդ կառավարիչ Ս. Հակոբյանը, դատարան միտումնավոր չի ներկայացրել:

Թումանյանը 2009 թվականին դատարան է ներկայացրել  նաև «Տեխնոսարք» ԲԲԸ-ի առողջացման ծրագիր, որը, սակայն, դատարանը մերժել է: Առողջացման այդ ծրագիրը` որոշ ավելացրած դրույթներով, կառավարության կողմից հավանության է արժանացել: Սակայն մինչ այդ առողջացման այդ ծրագիրը դատարանն արդեն մերժել էր:

 Առողջացման այդ ծրագրի իրականացման դեպքում ապահովելու էր 200 աշխա­տա­տեղ, և առկա էին կնքված պայմանագրեր իրանական «Էներջիգրուպ» ընկերության հետ՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ: Իրանական կողմի պահանջով՝ պատրաստվել էին փորձնական նմուշներ և փորձարկվել իրանական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ ու արժանացել բարձր գնահատականի:

գործարանի շենքը, որը օտարվել է այլ սեփականատիրոջ, Թումանյանի փոխանցմամբ՝ անօրինական ձևով

Յուրացումների գործի քննությունը այս պահին արդեն երկրորդ անգամ Վերաքննիչ դատարանում է. մարզային դատարանները գործում յուրացումներ չեն գտնում, Վերաքննիչ դատարանը բեկանում է այդ որոշումները՝ կրկին քննության ուղարկելով։

Գործարանի տարածքը բնակելի ավան է դարձել

Գործարանի տարածքի տնակային ավանում քսան տարուց ավելի բնակվում են գործարանի նախկին աշխատակիցները։ Բնակիչները բազմիցս դիմել են Վանաձորի քաղաքապետին, նախարարներին՝ խնդրելով  իրենց ապահովել բնակարաններով։ Պաշտոնյաների խոստումները անարդյունք են եղել։ Բնակիչները դիմել էին նաև այն ժամանակ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով էլ խնդիրը ներկայացրել էլ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Վարչապետը Վանաձորի քաղաքապետարանին հանձնարարել էր ներկայացնել ավանի բնակիչներին բնակարանով ապահովելու լուծումներ։ Նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը բնակիչների հետ հանդիպմանն առաջարկել էր հատկացնել գործարանի շենքերից մեկը՝ ամրացման աշխատանքներ իրականացնելով։ Սակայն այս առաջարկը և պաշտոնյաների ներկայացրած խոստումները մնացին թղթի վրա։ Մինչ օրս գործարանի տարածքի տնակային ավանում շարունակում են բնակվել տասնյակ ընտանիքներ։ Սեփականության վկայականով ավանի տնակները ևս պատկանում են Էդիկ Թումանյանին։

2014 թվականին, քաղաքապետ Սամվել Դարբինյանի որոշմամբ  քանդվեց գործարանի 1-ին մասնաշենքը։ Դեռևս այդ ժամանակ գործարանի տնօրեն Էդիկ Թումանյանը «Հետք»-ի հետ զրույցում նշել էր, որ սեյսմիկ ուսումնասիրություններով 4-րդ կարգի վթարային է միայն արտադրական մասնաշենքի 3-րդ հարկը, 1-ին եւ 2-րդ հարկերը տեխնիկապես ամուր են եւ քանդման ենթակա չեն: Թումանյանը Վանաձորի քաղաքապետի մասնաշենքի քանդման որոշումը համարել էր անօրինական:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ