HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է՝ 6 տոկոս

2017թ. նոյեմբերի 14-ի նիստում Կենտրոնական բանկի խոչհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:

2017 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.8% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 1.2%: Ընդ որում, շարունակվում է վերջին ամիսներին գրանցվող 12-ամսյա բնականոն գնաճի արագացումը, որը հուլիսի 0.7%-ից հոկտեմբերին հասել է 2.4%-ի: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր գնաճը դեռևս ցածր է մնում մրգի և բանջարեղենի սպասվածից քիչ գնաճի տեմպերի հաշվին, որի ազդեցությունը մոտակա ամիսներին կչեզոքանա և գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում:

Ըստ հաղորդագրության՝ արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են գնաճային երևույթները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդն ակնկալում է արտաքին պահանջարկի վերականգնմանը զուգահեռ որոշակի գնաճային ազդեցություններ:

Խորհուրդն արձանագրում է, որ 2017թ. անցած ինն ամիսների արդյունքներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է՝ հիմնականում ի հաշիվ ծառայությունների ոլորտի բարձր աճի: Ներքին պահանջարկը շարունակում է վերականգնվել սպասվածից արագ տեմպերով՝ պայմանավորված իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ և արտերկրից դրամական փոխանցումների աճի որոշակի վերականգնմամբ: Ներքին պահանջարկի վերականգնման մասին է վկայում նաև ներմուծման բարձր աճը և բնականոն գնաճի դրսևորված վարքագիծը: Ընդ որում, բնակչության գնաճային սպասումներն աճում են փոքր- ինչ ավելի արագ՝ ածանցվելով առանձին պարենային ապրանքների շուկաներում միջազգային գների և առաջարկի գործոնների հաշվին գրանցված գների աճից:

Չնայած ԿԲ Խորհուրդը գնահատում է գնաճային միջավայրի և գնաճային սպասումների որոշակի ընդլայնում, այնուամենայնիվ, դեռևս նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային ներկա խթանող պայմանները: Միևնույն ժամանակ խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջինժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար:

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017թ. նոյեմբերի 24-ը հրապարակվելիք գնաճի հաշվետվությունում (դրամավարկային քաղաքականության 2017թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter