HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հույսի շող եւ չփարատված մտավախություն

Հայաստանի հավաքականի՝ Կիպրոսի հանդեպ երեկվա հաղթանակը (3-2) հերթական անգամ փաստում է, որ մեր ընտրանին, լինելով միջին մակարդակի թիմ, մեծապես կախված է կոլեկտիվում առկա տրամադրությունից, ինչի վրա մեծ ազդեցություն են ունենում նախորդ ելույթները:

Նախկինում եւս ոչ մեկ անգամ ականատես ենք եղել, որ երբ թիմը հաջող է հանդես գալիս ու դրական արդյունք գրանցում, հաջորդ խաղերն անցկացնում է ավելի լավ՝ տրամադրված, աշխույժ, մարզական չարությամբ: Անհաջողությունների երկարատեւ շարքից հետո բելառուսների նկատմամբ 4-1 հաշվով հաղթանակը լրացուցիչ խթան էր դարձել Արթուր Պետրոսյանի սաների համար: Չնայած կիպրոսցիները Վրաստանում 0-1 հաշվով զիջել էին մեր հարեւաններին, թե վերջիններից, թե հայերից մակարդակով ավելի բարձր հավաքականի համբավ ունեն: Սակայն երեկ Հայաստանի ընտրանին մեկ, գուցե մի քանի գլուխ բարձր էր մրցակցից հատկապես առաջին կեսում:

Դժվար է ասել, թե որն էր մրցակցի թույլ ու անատամ խաղի պատճառը, բայց կիպրոսցիները գործում էին բավականին դանդաղ, երկչոտ, պրեսինգի չէին դիմում, ազատ տարածություններ էին թողնում, այնինչ դաշտի տերերի պարագայում լրիվ հակառակ պատկերն էր: Գուցե մերոնց համար շարժառիթ էր նաեւ այն, որ լավ հնարավորություն կար տանը ռեւանշի հասնել մի մրցակցի հանդեպ, ում նախկինում երբեք չէր հաջողվել հաղթել, 5 հանդիպումներից 4-ն էլ ավարտվել էին կիպրոսցիների հաղթանակով:

Արթուր Պետրոսյանը երկրորդ խաղում էլ դարպասապահի դիրքը վստահել էր Արսեն Բեգլարյանին՝ խաղից հետո նշելով, որ նա այս պահին առաջինն է Հայաստանում: Այդուհանդերձ, մեր թիմի բաց թողած երկրորդ գոլն Արսենի մանկական սխալի արդյունք էր, ինչը չի կարող չմտահոգել: Դա, թերեւս, ավելորդ ինքավստահության հետեւանք էր:

Պաշտպանության գիծն ամբողջությամբ փոխված էր՝ Համբարձումյան-Միքայելյան-Անդոնյան-Ղադիմյան քառյակի փոխարեն խաղում էր Հովհաննիսյան-Հարոյան-Իշխանյան-Դաղբաշյան քառյակը: Գուցե մի փոքր վաղ է ասել, բայց, այնուամենայնիվ, Հարոյանն ու Իշխանյանը կենտրոնում համագործակցում են շատ ավելի լավ, քան Միքայելյանն ու Անդոնյանը: Թե Վարազդատը, թե Հայկը ֆիզիկապես պինդ են, համառ ու շարունակ պայքարի մեջ են, ինչն անհրաժեշտ որակ է թե թիկունքում, թե առջեւում: Պատահական չէ, որ հենց նրանք խփեցին առաջին երկու գոլերը:

Եթե 16-րդ րոպեին Մխիթարյանի իրացրած տուգանային հարվածից հետո մրցակցի դարպասապահ Պարդոն անվստահ խաղաց ու գնդակը հետ մղեց ուղիղ Հայկի վրա, որից անդրադառնալով՝ այն հայտնվեց ցանցում, ապա 38-րդ րոպեին անկյունայինի խաղարկումը մերոնք գեղեցիկ ձեւով ավարտեցին: Մարկոս-Մխիթարյան-Մարկոս-Հովսեփյան-Հարոյան կոմբինացիան նույնքան գրագետ էր, որքան բելառուսների հետ խաղի երկրորդ գոլի ծնունդը: Հայկն իր երկրորդ խաղում խփեց առաջին գոլը, իսկ Հարոյանը ազգային թիմում հաջողության հասավ երկրորդ անգամ: Երկրորդ գոլի դրվագում հատկապես մեծ դեր խաղաց Ռումյան Հովսեփյանի գլխով փոխանցումը դիմային գծի մոտից:

Նախորդ հոդվածում էլ նշել ենք, որ Ռումյանը լավ է խաղում գլխով: Ուրախանալի է, որ դա արդյունք է բերում ոչ միայն մրցակցի գրոհները խափանելիս, այլեւ մեր գրոհների եզրափակիչ հատվածում:

Երեկվա խաղում էլ Պետրոսյանը հենակետայինի գոտում վստահել էր Մխիթարյան-Հովսեփյան դուետին, բայց երկրորդ կեսում Ռումյանին ընկերակցեց Արտակ Գրիգորյանը, իսկ Հենրիխը սկսեց խաղալ իրեն շատ ավելի հարազատ ենթահարձակվողի գոտում: Կիսապաշտպանության առաջ քաշված եռյակում միակ փոփոխությունը աջ թեւում էր. Արասի փոխարեն խաղում էր Ղադիմյանը, կենտրոնում Մարկոսն էր, ձախում՝ Մալաքյանը: Այս երեքը, ինչպես նաեւ աջ պաշտպան Կամո Հովհաննիսյանը հատկապես առաջին կեսում մրցակցին շնչելու հնարավորություն գրեթե չէին տալիս: Շարունակական պրեսինգն ու գնդակի համար անզիջում պայքարը բերում էր խաղը վերահսկելու եւ վտանգավոր գրոհներ ձեռնարկելու հնարավորության: Առաջին կեսում հաշիվը 2-0-ից ավելի խոշոր կարող էր լինել, եթե մի քանի դրվագներում վերջին փոխանցումը հաջող լիներ: Երբեմն այդպիսի դրվագներում շտապում էր Էդգար Մալաքյանը, մի անգամ էլ շատ լավ դիրքում խաղից դուրս էր Ռուսլան Կորյանը, ով փոխարինել էր նախորդ հանդիպմանը հանդես եկած Տիգրան Բարսեղյանին: Ընդ որում՝ երբ վերջինս դաշտ մտավ, Կորյանը տեղափոխվեց ենթահարձակվողի գոտի:

Հյուրերի գոլը 50-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո պաշտպանական գծի թերացումն էր, քանի որ մեր խաղացողները սեղմվել էին դարպասին, փոխանակ մրցակցի ֆուտբոլիստներին ավելի կիպ դասավորվեին: Բեգլարյանը ոչինչ չէր կարող անել՝ ի տարբերություն 89-րդ րոպեին բաց թողած երկրորդ գոլի, երբ պիտի չլքեր դարպասը:

Իսկ մինչ այդ՝ 64-րդ րոպեին, Մխիթարյանն իրացրեց Բարսեղյանի վաստակած 11-մ հարվածը, չնայած Պարդոն հասավ գնդակին, բայց հետ մղել չկարողացավ: Հենրիխն իր գոլերի քանակն ազգային թիմում հասցրեց 25-ի (70 խաղում): Այսինքն՝ Մխիթարյանը գոլ է խփում 252 րոպեն մեկ (2,8 խաղում), ինչը լավ ցուցանիշ է կիսապաշտպանի համար: Չնայած կիպրոսցիները համամիտ չէին մրցավարի որոշման հետ, կրկնապատկերում էլ երեւաց, որ Բարսեղյանի աջ ոտքին հարված եղել է, մյուս կողմից՝ հայ հարձակվողը, ըստ էության, ձգտում էր նման խախտման:

Երկրորդ կեսում, երբ փոխարինվեցին մրցակցի համար գլխացավանք դարձած Մալաքյանը, Մարկոսն ու Հովհաննիսյանը, հաշիվն էլ 3-1 էր, մերոնց գրոհների թափն ընկավ: Վերջին 10 րոպեներին Պետրոսյանը փորձում էր 5 պաշտպանով մարտավարությունը: Նախորդ հանդիպմանն էլ նման պատկեր տեսանք: «Երեւի կլինեն խաղեր, երբ մի գնդակի առավելությամբ հաղթելու ենք, եւ դրա համար հիմա սա փորձարկում էինք, որպեսզի պատրաստվեինք նման վիճակներին եւ այդ պահին ուժեղացնենք պաշտպանությունը։ Ըստ իս՝ երկու խաղերում էլ դա շատ լավ ստացվեց»,- խաղից հետո նշել է գլխավոր մարզիչը: Ամեն դեպքում, խաղավերջում բաց թողած երկրորդ գոլը նաեւ պաշտպանության ձախողման հետեւանք էր: Կարելի էր ու պետք էր հաղթել երկու գնդակի առավելությամբ: Խաղի տրամաբանությունն էր այդպիսին:

Նախորդ հոդվածում գրել էինք, որ երկրպագուների վերաբերմունքի փոփոխությունը կերեւա այս խաղում, բայց «Հանրապետականը» կրկին կիսադատարկ էր: Երկրպագուները, թերեւս, չեն մոռացել, որ 2016-ին՝ ամերիկյան շրջագայության ժամանակ, հավաքականը 7-1 ու 4-0 հաշիվներով հեշտ հաղթանակներ տարավ Գվատեմալայի եւ Սալվադորի նկատմամբ, բայց հետո՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի պաշտոնական խաղերում, աննախադեպ խոշոր հաշիվներով պարտություններ կրեց: Այսինքն՝ ընկերական հանդիպումներում դրական արդյունքները չեն կարող մեծ ոգեւորությամբ ընդունվել, եթե կա մտավախություն, որ պաշտոնական խաղերում տխուր պատմությունը կրկնվելու է:          

Հատկապես այս վերջին հանդիպման ժամանակ հավաքականի ցուցադրած ագրեսիվ խաղը, պրեսինգի մարտավարությունը, խաղակցվածության որոշակի բարելավումը, տարբեր ձեւերով խփված գոլերը (այդ թվում՝ պաշտպանների կողմից) եւ, իհարկե, հաղթանակն ազգային թիմի ու ընդհանրապես հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված մթնոլորտում հույսի շատ փոքր շող են:

Լուսանկարը՝ ffa.am-ի (Հարոյանը հաշիվը դարձնում է 2-0)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter