HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դատարանը մերժեց «Սասնա ծռերին» անհապաղ ազատ արձակելու միջնորդությունները

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռերի» գործով նիստը, որի ընթացքում պաշտպանները ներկայացրին միջնորդություններ։  

Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ դատարանին խնդրելով իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխել։ Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ իր պաշտպանյալի կալանքի վերաբերյալ որոշման ժամկետն ավարտվել է հուլիսի 30-ին, ուստի պետք է ազատ արձակել: «Կալանքի համար սահմանված ժամկետը լրացել է, սակայն երկարացման համար որոշում չի կայացվել»,- նշեց պաշտպանը։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Արթուր Օհանյանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ Թորոս Թորոսյանին անհապաղ ազատ արձակելու որոշման հիմքեր չի տեսնում։

Նմանատիպ միջնորդություն ներկայացրեց նաեւ փաստաբան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ Արայիկ և Մարտիրոս Հակոբյանների խափանման միջոցը ևս պետք է փոխել, և նրանք պետք է ազատ արձակվեն։

«Դատարանում կան բոլոր փաստաթղթերն ու որոշումները, որ իմ պաշտպանյալների կալանավորման որոշումների ժամկետները երկարացվել են մինչև 2017-ի հուլիսի 30-ը, դրանից հետո որևէ դատարան որոշում չի կայացրել՝ նրանց նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրելու վերաբերյալ, սակայն իմ պաշտպանյալներն ազատ չեն արձակվել»,- նշեց փաստաբանը, այնուհետև ավելացրեց, որ  դատարանը պարտավոր է քննարկել խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու հարցը, և որոշումները պետք է լինեն պատճառաբանված:

«Խափանման միջոցը պետք է ընտրվի դատարանի որոշմամբ և անհրաժեշտության մասին հիմնավորումներով։ Դուք ասել եք, որ դա պետք է թողնել նույնը, ուրեմն կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրված չի, Դուք ի՞նչն եք թողել նույնը` անազատությո՞ւնը, թե՞ ազատությունը։ Անազատության մասին որևէ որոշում չի եղել։ Միանշանակ է, որ իմ պաշտպանյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն, որովհետև նրանց անազատության մեջ պահելու որոշում չկա»,- հայտնեց Լուսինե Սահակյանը։

Փաստաբան Հարություն Բաղդասարյանն էլ նշեց, որ դատարանը պետք է հստակ պատասխան տա, որպեսզի փաստաբանների համար ավելի հիմնավոր լինի, թե ինչու են  ամբաստանյալները շարունակում մնալ անազատության մեջ, եթե կալանքի վերաբերյալ սահմանված ժամկետները լրացել են։

Դատախազ Հակոբ Ենոքյանն առարկեց միջնորդության դեմ։ Դատախազը նշեց, որ առարկում է, քանի որ ներկայացրած միջնորդության մեջ նշած փաստերն էական չեն։

Միջնորդության վերաբերյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) ևս  դիրքորոշում հայտնեց և նշեց, որ «վախենում են, դրա համար են մերժում միջնորդությունները»։

«Ստեղ արդարադատություն չկա, ընդամենը շրջանցված օրենքներ են գործում: Հիմնական պատճառն այն է, որ նրանք վախի ազդեցությամբ են պահում մեզ ազատության մեջ, իրենք վախեցած են։ Հայրենասեր մարդը չի կարող իր հայրենիքի հանդեպ սխալներ գործի, մեր պայքարն անօրինականության դեմ է»,- հայտնեց նա։

Նախագահող դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, նորից մերժման որոշում կայացրեց։

Արամ Հակոբյանի ինքնազգացողությունը վատացավ նիստի ընթացքում, նա խնդրեց նիստը հետաձգել, սակայն դատավորն ասաց, որ շտապօգնություն կկանչեն։ Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո ամբաստանյալները, այդ թվում` Արամ Հակոբյանը, նորից վերադարձան դահլիճ։

Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաև փաստաբան Դավիթ Գյուրջյանը: Դատավորն այս միջնորդությունը ևս մերժեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter