Երեքշաբթի, 21 նոյեմբերի

Խորհրդարանն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը



Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ հիմա նախագծին դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության պատգամավորները։ Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ 120 գիտաշխատող և դասախոս միացել է ուսանողների պահանջին, նաև հավելեց, որ չորս ուսանող հացադուլի մեջ է։ Պատգամավորը կոչ արեց խմբակցություններին դեմ քվեարկել՝ այդ կերպ հնարավորություն ընձեռելով կարճ ժամանակում նախագիծը լրամշակել և նորը ներկայացնել:

Նախագիծը ընդունվեց 86 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, կրկին 85 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել ակադեմիական տարկետում ստանալու իրավունքը, այսուհետ այն կտրվի միայն այն երիտասարդներին, ովքեր ՊՆ-ի հետ կկազմեն քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայության անցնելու մասին:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ «Հանուն գիտության զարգացման» շարժման անդամներն ու մի քանի հարյուր ուսանողներ ու գիտաշխատողներ բողոքի տարբեր ակցիաներ են իրականացնում նախագծի դեմ, իսկ երեկվանից արդեն շարժման առաջնորդներից մի քանիսը, փակվելով ԵՊՀ լսարաններից մեկում, հացադուլ են հայտարարել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ