HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ձեր կառավարությանը չի հաջողվում ճիշտ մոդել ընտրել, ձեր ուժը չի հերիքում»․ ԱԺ-ում քննարկվում է 2018 թվականի բյուջեի նախագիծը

Խորհրդարանում մեկնարկել է «2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումները, ներկա են վարչապետն ու կառավարության անդամները։

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով նախագծից ցուցանիշներ, հիշեցրեց, որ թոշակների ու աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, իսկ կրթության, առողջապահության ու սոցիալական պաշտպանության ոլորտների ծախսերը կրճատվելու են։

«Եվ 2018 թվականը վերջին տարիների համեմատությամբ լինելու է ամենամեծ գնաճով տարին։ Այս արձանագրումը նշանակում է, որ աղքատներն ավելի են աղքատանալու, մարդիկ առնվազն 10 տոկոսով ավելի վատ են ապրելու 2018 թվականին»,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց, որ պետական աշխատողների պարգևատրումները դրան հակառակ ավելացել են:

Նախարարը պատասխանեց՝ բյուջեն մեկ տարվա համար չի կազմվում.

«Միջին թոշակները 2013-ին եղել են 31 հազար, այսօր 41 հազար դրամ է, այլ հարցադրում է, թե դա բավարա՞ր է, որ մեր թոշակառուներն իրենց նորմալ զգան, իհարկե, բավարար չէ: Գնաճի մասով՝ 2014-2016 թվականների կուտակային գնաճը եղել է 5.3 տոկոս, ընդ որում պետք է նայել միջին գնաճը: Այդ տեսանկյունից պետք է հաշվի առնել, որ 2016-ին գնանկում է գրանցվել: Այսինքն՝ պետք է հաշվի առնել, թե նախորդ տարիներին նաև ինչ է արվել»,- ասաց Արամյանը։

Փաշինյանն արձագանքեց՝ փաստն այն է, որ աղքատության մակարդակը չի հաջողվում կրճատել։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե արդյոք վերջինիս «դուխը» չի՞ հերիքում հարկային տեռոր անել արտոնյալներին, որ «ընկել են ՓՄՁ-ների հետևից»: Զոհրաբյանի խոսքով՝ 20 000 ապրանքատեսակ ներկրում է յոթ անձ, պատգամավորը նաև հավելեց, որ հարկ եղած դեպքում անուններն էլ կարող են հրապարակել:

Ֆինանսների նախարարը վստահեցրեց՝ «դուխները հերիքում է, իսկ խաղի կանոնները բոլորի համար նույնատիպ են»: Արամյանի խոսքով՝ իրենք գիտակցում են, որ եթե չլինեն հավասար պայմաններ, չեն կարող հավակնել տնտեսական բարձր ցուցանիշների, ներդրումների արտոնյալ միջավայր չեն ունենա:

«Մենք լավ պատկերացնում ենք դրանք, բայց մի բան էլ պետք է հաշվի առնենք՝ անկախ նրանից տնտեսվարող սուբյեկտը մեծ է, թե փոքր, հարկային պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ կերպով, ընդ որում քիչ չեն դեպքերը, որ փոքր և միջին բիզնեսի շղարշի տակ խոշորները փորձում են իրենց ոչ ֆորմալ շրջանառությունները մաքրել: Փաստաթղթավորումը մեզ համար կարևոր խնդիր է, և մենք մեր առջև դրել ենք խնդիր, որ լուծում տանք»,- ասաց նախարարը։

Ըստ Արամյանի՝ խոշորների հետ համակցված ՓՄՁ-ները աղմուկ են բարձացնում, քանի որ Կառավարությունը համապատասխան  փաստաթղթավորում է պահանջում։

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն էլ հստակեցրեց՝ Կառավարության «դուխը չի հերիքում» հավասար պայմաններ ստեղծել ապրանք ներկրողների համար։

«Մարդիկ, որ տարիներով ապրանքները ներկրում են, ի՞նչ դեմբինգային քաղաքականություն է վարվում, որ շատ մարդկանց դուրս են շպրտում այդ շուկայից, ասում եք՝ դարձնենք ներդումային գրավիչ երկիր, բայց տեղական փողերը պահեք այստեղ նախևառաջ, մտածեք ռեալ շուկաների ազատ մուտքի ու ազատ ելքի մասին, իսկ եթե երկրում չկա կապիտալի ազատ տեղաշարժի պայման, կապիտալը գնալու է, կապիտալը վախեցած է»,- ասաց Մելքումյանը:

Ֆինանսների նախարարը համաձայնեց՝ կապիտալը վախենում են ներդնել այնտեղ, որտեղ կան խաղի կոշտ կանոններ:

«Մենք դա շատ լավ գիտակցում ենք, և վարչապետն էլ մի քանի անգամ հայտարարել է, ՊԵԿ նախագահն էլ ասել է, որ եթե կլինեն նման խնդիրներ, եկեք, նայենք, հասկանանք, թե ինչումն է խնդիրը: Բանանի շուկայի հետ կապված՝ խոսք գնաց, հիմա 5-6 ներդրող կա հենց այս ոլորտում: Պետք է իրական պատկերը նայենք»,- ասաց Արամյանը։

«Ձեր կառավարությանը չի հաջողվում ճիշտ մոդել ընտրել, չի հաջողվում մոնոպոլիզացված վիճակը ցրել, ապամոնոպոլացնել, որպեսզի մրցակցության որակ լինի: Ամեն ինչ, հասկանալի է, որ մի տարում չի եղել, բայց տնտեսական մոդելի փոփոխության համար քաղաքական որոշումների կայացման ինստիտուտը պետք է փոխել, ձեր ուժը չի հերիքում, փաստ է, որ նախարարներ կան, որ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ»,- նկատեց Միքայել Մելքումյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter