HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասադուլավորները բախվեցին ոստիկանների հետ. կան տուժածներ

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողները այսօր փակել էին Դեմիրճյան փողոցն ու Բաղրամյան պողոտան:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ժամանելով դեպքի վայր, հրահանգեց դասադուլ իրականացնողներին 5 րոպեում ազատել ճանապարհը: Ոստիկանության աշխատակիցները հրելով փորձեցին հետ պահել ուսանողներին, ինչի հետևանքով բախում տեղի ունեցավ ոստիկանների և ուսանողների միջև:Դասադուլավորները վանկարկում էին` «ամոթ, ոստիկան»:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հայտնեց, որ բախման հետևանքով կան տուժածներ. «Մի քանիսը գետնին էին ընկել, վնասվել էին որոշ ուսանողների ձեռքերը, դեմքը»: Ուսանողներից Էմիլ Թամրազյանը պատմեց, թե ինչպես է իր դեմքը վնասվել. «Ես ընկած էի գետնին, երբ ինչ-որ մեկը մոտեցավ ու ինձ օգնեց վեր կենալ: Չտեսա, թե ով էր ինձ օգնողը, չտեսա նաև թե ով էր ինձ հրողը: Ինձ գցել էին գետնին ու ոտքով հարվածում էին»:

Վահան Կոստանյանը կոչ արեց հացադուլի մեջ գտնվող իր ընկերներին միանալ շարժման մասնակիցներին: Քիչ անց ժամանեցին նախօրեին հացադուլ հայտարարած երիտասարդները: Շարժման համակարգողներից Դավիթ Պետրոսյանը փոխանցեց, որ իրենք միասին պատրաստվում են քննարկել իրենց հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ ուսանողները բողոքում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ, որն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից: Շարժման ընթացքում նրանք հանդիպում են ունեցել վարչապետի, ՊՆ և ԿԳ նախարարների հետ, սակայն արդյունքը գոհացուցիչ չի եղել: Դասադուլավորները շարունակում են իրենց պայքարը:

Նելլի Պետրոսյան

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter