HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ուսանողները դադարեցնում են դասադուլն ու հացադուլը․ կանցկացվեն կլոր սեղան ձևաչափով քննարկումներ

«Հանուն գիտության զարգացման» շարժման անդամները դադարեցնում են դասադուլն ու հացադուլը։ Երիտասարդները նման որոշման են հանգել խորհրդարանում՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո։ Նկատենք, որ հանդիպումը նախաձեռնել էր ՀՀԿ խոսնակը։ Հանդիպումից հետո «Հանուն գիտության զարգացման» շարժման անդամ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ համաձայնության են եկել՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրության նախաձեռնության վերաբերյալ կլոր սեղանի ձևաչափով քննարկումներ կլինեն խորհրդարանում։

«Կլոր սեղանի առաջարկը պայմանավորված է նրանով, որ կարողանանք լսելի դարձնել բոլոր այն մարդկանց ձայնը, որոնք այս հարցի հետ կապված ունեն մտահոգություններ՝ գիտնականներ, դասախոսներ, քաղաքացիական նախաձեռնության անդամներ։ Պարոն Բաբլոյանը նշեց, որ եթե կարողանանք ապացուցել օրենքի սխալ լինելը, կկարողանանք դրա վրա ազդեցություն ունենալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Պետրոսյանը։

Պետրոսյանը նաև հավելեց, որ իրենց խնդրանքին ընդառաջ են գնացել, և պաշտոնապես ասվել է՝ դասադուլ իրականացրած ուսանողների նկատմամբ ճնշումներ չեն լինի.

«Կարծում եմ կլոր սեղանն այս պայմաններում լավագույն տարբերակն է, մեր նպատակը մեր ձայնը բարձրացնելն է եղել,  փոփոխություններ կատարել օրենքում։ Սա հնարավորություն է,  թե ինչպես այն կօգտագործենք, արդեն մեզնից է կախված»,- ասաց Պետրոսյանը։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին հավելեց, որ շարժման անդամներն առաջարկել են կլոր սեղան, իրենք էլ որպես «երկխոսության մարմին» պատրաստ են իրականացնել։

Շարմազանովը տեղեկացրեց, որ նոյեմբերի 22-ին սպասվող քննարկումը կլինի ԱԺ Գիտության, կրթության հարցերի մշտական հանձնաժողովում, և կքննարկվեն ինչպես տարկետման հետ կապված, այնպես էլ ուսումնառության և ուսանողության հետ կապված խնդիրներ։

«Մենք ևս մեկ անգամ ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և ամենակարևորն է՝ մեր ուսանողների ձայնը։ Մենք խնդրել ենք շարժման անդամներին, որ դասադուլը և հացադուլը դադարեցնեն, որովհետև այն ինքնանպատակ չէ,  դրա նպատակն է եղել ձայնը լսելի դարձնել, իրենք դա արել են»,- մանրամասնեց Շարմազանովը։

Դավիթ Պետրոսյանը հստակեցրեց՝ հացադուլն ու դասադուլը դադարեցնում են, իսկ թե ինչ կլինի քննարկումներից հետո, դեռ պարզ չէ։

Հիշեցնենք, որ «Հանուն գիտության զարգացման» շարժման անդամներն ու մի քանի հարյուր ուսանողներ մի քանի օր է` դասադուլ էին իրականացնում՝ ընդդեմ ակադեմիական տարկետման իրավունքի խստացման։ Երեկվանից շարժման անդամներից նախ հինգը, ապա չորսը հացադուլ էին սկսել ԵՊՀ լսարաններից մեկում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter