HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ութ անգամ վիրահատված և քիմքի ճեղքվածքով երեխան «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ստացավ

Վայոց ձորի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը «Հետք»-ի հրապարակումից հետո վերանայել է հաշմանդամության կարգի չտրամադրման որոշումը և վերին շրթունքի ու քիմքի ճեղքվածքով 10-ամյա Արթուր Կյուրեղյանին տրամադրել «հաշմանդամ երեխա» կարգավիճակ։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Արթուր Կյուրեղյանի մայրը` Աննա Սիմոնյանը։ Աննան պատմեց, որ նոյեմբերի 13-ին Արթուրը բժշկասոցիալական հանձնաժողովի մոտ մի նոր փորձաքննություն է անցել, որի ժամանակ ներկայացրել են լոգոպեդի և երեխային բուժող բժշկի եզրակությունները, Արթուր Կյուրեղյանի առողջական գնահատումները, որից հետո հանձնաժողովը նրան կարգավիճակ է տրամադրել։

Հիշեցնենք, որ Արթուր Կյուրեղյանը ծնվել է վերին շրթունքի և քիմքի ճեղքվածքով, ժողովրդական խոսքով՝ «նապաստակի շրթունքով և գայլի երախով»: 10 տարվա ընթացքում ութ անգամ վիրահատվել է, սակայն վիրահատություններից հետո էլ քիմքի ճեղքվածքը չի փակվել: Իսկ 2017-ի փետրվարին Եղեգնաձորի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը մերժել էր երեխային տրամադրել «հաշմանդամ երեխա» կարգավիճակ՝ զրկելով նաև թոշակից:

Աննան ասում է, որ թոշակն իր համար էական չէ, կարևոր է երեխայի բուժումը։ Իսկ ըստ  Արթուր Կյուրեղյանին բուժող բժիշկ Իռեն Ռաֆայելովայի՝ իրենք պատրաստ են երեխային նորից վիրահատել, սակայն առաջնայինը  լնդաշարն ու ատամնաշարն ուղղելն է, որից հետո կկարողանան քիմքի խուղակը փակել։

Աննան պատմել էր, որ օրթոդոնտալ բուժման համար ընտանիքի եկամուտները չեն բավարարել և նշել էր, որ կարգավիճակի տրամադրումը Արթուրին` պետպատվերով բուժում իրականացնելու համար է։  

«Եթե երեխան առողջ եղավ, ինչի պիտի ամեն անգամ խնդրեմ, որ թոշակ տրամադրեն։ Ամենակարևորը երեխայի առողջությունն է։ Թոշակը նույնիսկ ճանապարհածախսին չի բավարարում»,- ասում է Աննան։

Աննա Սիմոնյանը նշեց նաև, որ իրենց զանգահարել են «Փայլ-դենտ» ստոմատոլոգիական կլինիկայից և հայտնել, որ պատրաստ են անվճար իրականացնել Արթուր Կյուրեղյանի օրթոդոնտալ բուժումը։

Արթուրը ուզում է բժիշկ դառնալ, մայրը հիշում է, թե ինչպես է վիրահատությունից հետո հայտնել ցանկությունը․ «Վերջին վիրահատությունից հետո, երբ կարերը քանդվեցին, Արթուրը տեսավ, որ հուզված եմ, ասաց ՝ մա՛մ, ես ուզում եմ բժիշկ դառնալ ու ինձ նման երեխաներին վիրահատեմ, որ էլ այսպիսի երեխաներ չծնվեն»,- հուզմունքը զսպելով՝ նշեց Աննան։ Մայրը վստահ է, որ դժվարությունները հաղթահարելուց հետո Արթուրիկի մոտ ամեն ինչ լավ է լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter