HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Լավագույն համա՞յնք», թե՞ «լավագույն գործելակերպ». կամ ինչպես արժանանալ նախարարի պարգեւին

«Համայնքների միություն» ՀԿ-ի համար տարին թերեւս շատ հոբելյանական է, այդ իսկ պատճառով այս տարի երկու անգամ հանդիսավորությամբ տոնեցին հիմնադրման 20-ամյակը եւ նույն տարվա մեջ երկու անգամ մրցանակներ շնորհեցին համայնքների ղեկավարներին:

2017թ.-ի փետրվարի 24-ին հրավիրված Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովի ժամանակ կազմակերպությունը պարգեւատրեց 2016 թ.-ի «լավագույն համայնքներին», երկրորդ անգամ պարգեւատրեց նոյեմբերի 10-ին՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ներդրման 21-ամյակի եւ Համայնքների միության 20-ամյակի առիթով հրավիրված համաժողովի ժամանակ: Տարին դեռեւս չավարտված, միությունն ամփոփեց եւ հայտարարեց 2017-ի «հաջողություններ արձանագրած համայնքներին»:

Նոյեմբերի 10-ին տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նույնպես շնորհակալագրեր եւ պատվոգրեր հանձնեց «տարվա ընթացքում հաջողություններ արձանագրած» մի շարք համայնքների ղեկավարների (Գավառ, Կարմիրգյուղ, Եղեգնաձոր, Սարապատ, Աբովյան, Մեղրի, Զառիթափ, Չարենցավան եւ այլն):

Ինչպես ներկայացվում է մրցանակների հանձնման երկու արարողությունների ժամանակ` «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ-ի եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութան կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» ամենամյա միջոցառման նպատակն է «...ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաեւ ձեւավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետությունը»։

Պարգեւատրված եւ մրցանակների արժանացած համայնքների հաջողությունները դահլիճին չներկայացվեցին, հետեւաբար ներկաների համար հասկանալի չէր, թե ինչն են համատեղ խրախուսում նախարարությունը եւ Համայնքների միությունը՝ «Լավագույն համայնք», «Մշակութային լավագույն համայնք», «Տարվա նշանակալից առաջընթաց արձանագրած համայնք», «Մաքուր համայնք» անվանակարգերում:

Ասել, որ ավանդաբար տրվող այս մրցանակներին համայնքների ղեկավարներն սպասում են՝ ճիշտ չի լինի, եւ բազմիցս զայրույթով են արտահայտվել այդ անհասկանալի մրցանակաբաշխության մասին: Ասել, որ մրցանակ ստացողները լավ աշխատանքի օրինակ են մյուս համայնքների ղեկավարների համար, դարձյալ ճիշտ չի լինի, եւ ոչ ոք այդպես չի ընկալում այդ մրցանակաբաշխությունը: Մեկ անգամ առիթ ունեցել ենք գրելու «Տարվա մաքուր քաղաք» ճանաչված Գորիս քաղաքի մասին, այն դեպքում, երբ ողջ քաղաքը պատված էր աղբով, եւ մենք մինչեւ վերջերս հրապարակում էինք աղբանոցի վերածված քաղաքի մասին:

Եթե սրանք վաստակած պարգեւներ են եւ տրվել են լավ աշխատանքի դիմաց, ուրեմն պետք էր ներկայացնել օրվա «հերոսների» ձեռքբերումները, նրանց արձանագրած «նշանակալից առաջընթացը»: Լրագրողները միշտ հետաքրքիր կերպարներ են փնտրում, օրինակելի աշխատանք, նորարար լուծումներ, ստեղծարար մարդկանց: Չենք ուզում կասկածել մրցանակակիրների ընտրությանը, բայց պետք է նշել, որ այդ օրը պարգեւատրված համայնքների ղեկավարների մեծամասնությունը լրատվամիջոցների ուշադրությանն արժանացել են միայն անօրինական գործելակերպի համար կամ ոչնչով աչքի չեն ընկել:

 

Դավիթ Լոքյանը պարգևատրում է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին

Որպեսզի լրագրողներին չմեղադրեք միայն վատը տեսնելու մեջ, ինքներդ գովաբանեք, տարածեք ձեր ընտրյալների գործունեությունը, որպեսզի մյուսների համար էլ տեսանելի, ընկալելի լինի, թե ինչն է արժանի խրախուսանքի, որն է լավ աշխատանքի ձեր չափանիշը:

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ իրականացրած մի ծրագրի շրջանակում 2014 թ.-ին Հայաստանում նաեւ լավագույն աշխատանքը գնահատելու մշակույթ ներմուծեց: Ներդրվեց «Լավագույն գործելակերպի» ծրագիրը, որը մշակել է ԵԽ-ի տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների փորձագիտական կենտրոնը: Անգլիայում առաջինը կիրառված եւ մի շարք եվրոպական երկրներում հաջողություններ արձանագրած ծրագրի նպատակը համայնքում սոցիալական եւ տնտեսական կայուն զարգացում ապահովելն է: Ծրագիրը բացահայտում է այն տեղական նախագծերը, որոնք որոշակի ոլորտներում հաջողված նախաձեռնությունների օրինակ են եւ զգալի ազդեցություն են ունեցել իրենց համայնքներում:

Պարգեւատրման նպատակն է՝ ապահովել իրենց իսկ աշխատանքի գնահատականը եւ աջակցությունը՝ լավագույն կառավարման փորձը այլ համայնքների, մասնագետների ու քաղաքացիների հետ կիսելու գործում:

Ծրագիրը Հայաստանում գործեց երկու տարի՝ 2014 եւ 2015 թթ.: Ամեն տարի 3 թեմա էր ընտրվում համայնքների աշխատանքը գնահատելու համար, եւ համայնքները հրավիրվում էին ներկայացնելու այդ թեմաների շրջանակում իրենց ունեցած նորարարական լուծումները, խնայողության արդյունավետ օրինակները, քաղաքացիներին ավելի որակյալ ծառայություններ մատուցելու եղանակները: Դիմումատուների հայտերը պետք է համապատասխանեին հետեւյալ չափորոշիչներին՝ կարեւորություն, արդյունավետություն, նորարարություն, ազդեցություն, կենսունակություն, կրկնելիություն:

2014 թ.-ին ընտրված թեմաների համար՝ քաղաքացիների մասնակցություն, նախադպրոցական եւ արտադպրոցական կրթություն, տեղական արվեստներ եւ արհեստներ, 915 համայնքից ընդամենը 49-ն էին հայտեր ներկայացրել եւ նրանցից 8-ը համապատասխանեցին սահմանված չափորոշիչներին:

2015 թ.-ին ընտրված թեմաները՝ քաղաքացիական մասնակցություն, համագործակցություն, ավագանու գործելակերպ, 897 համայնքից 44 հայտ ներկայացվեց, որից 8-ը հաղթող ճանաչվեց: Միաժամանակ, հանձնաժողովը ցավով արձանագրեց ոչ միայն համայնքների գերակշիռ մեծամասնության գաղափարական սնանկությունը, ինքնանպատակ գոյությունը, որոշ մարզպետարանների անգործությունը, այլեւ ավագանու բացարձակ ձեւական դերակատարությունը տեղական ինքնակառավարման ոլորտում: «Ավագանու գործելակերպ» թեմայով ոչ մի հայտ չներկայացվեց:

Լավագույն գործելակերպի ծրագրի հաղթողներին նույնպես մրցանակները հանձնվեցին հանդիսավորությամբ, սակայն երկու տարիներին էլ մրցանակների հանձնմանը չմասնակցեցին ոչ տարածքային կառավարման նախարարը եւ ոչ էլ փոխնախարարը: Սա ուղերձ էր առաջին հերթին համայնքների ղեկավարներին, որ նախարարությունը լավագույն աշխատանքը չէ, որ գնահատում է: Նրանց աշխատանքը գնահատելու  չափորոշիչները թղթի վրա չկան, արագ կողմնորոշվող համայնքապետերը դրանք պետք է սերտեն կուլիսներում:

Ընտրված լավագույն գործելակերպերը, որպեսզի ճանաչեն բոլորը եւ հետագայում տարածվի այլ համայնքերում, որպեսզի բոլորին տեսանելի, ընկալելի լինի լավագույն աշխատանքը, լավագույնը ճանաչված պատմությունները մանրամասնորեն ներկայացվեցին տեսաֆիլմով եւ գրքույկով (այդ մասին կարող եք կարդալ նաեւ այս հղումով): Հաղթողներին շնորհվում էր լավագույն գործելակերպի կարգավիճակ, որը չափազանց բծախնդիր ընտրությամբ էր կատարվում՝ դիմումների գնահատում, այցելություններ վերջնացանկում ընդգրկված համայնքներ, քննարկումներ, վերլուծություններ եւ այլն: Հայտաձեւում մանրամասնորեն շարադրված էին այն չափորոշիչները, որոնց բավարարելու դեպքում միայն համայնքները կարող էին արժանանալ խրախուսանքի:

Ընտրող հանձնաժողովը ձեւավորվել էր տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայությունների տրամադրման ոլորտի անկախ փորձագետներից, այդ թվում նաեւ Համայնքների միությունից: Ծագիրը փորձագետների այդ խմբով կիրառվեց երկու տարի եւ ենթադրվում էր, որ նախարարությունը շարունակականություն կապահովեր դրա համար: Այդ նպատակով էր այն տեղայնացվել Հայաստանում: Սակայն ԵԽ-ի ծրագրի ավարտից հետո վերադարձան շոուներին, պարգեւատրման մի ձեւի, որը հանձնողի համար, անշուշտ, շահեկան է, բայց ստացողին հաստատ պետք չէ:

«Լավագույն գործելակերպ» 2015-ը ներկայացնող տեղեկագրում հրապարակված է նաեւ Համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի խոսքը. ««Լավագույն գործելակերպ» ծրագիրը եվրոպական լավագույն փորձը վերցնելու, մեր կարողությունները զարգացնելու լավ հնարավորություն է...»:

Համայնքների միության նախագահը, եթե անկեղծ է, ուրեմն ինչո՞ւ հրաժարվեց կիրառել եվրոպական լավագույն փորձը, ո՞ւմ հետ ընտրեց լավագույններին: Ինչո՞ւ նախարարությունը բազմաթիվ համայնքների համար խնդրահարույց հարցերի գտնված լուծումները չխրախուսեց, չտարածեց: Ինչպե՞ս եք համոզելու հանրությանը, որ լավագույնը ձեր կատարած ընտրությունն է:

Մրցանակներն ինքնանպատակ չեն լինում, այն առաջին հերթին պետք է պատիվ բերի հանձնողին, հետո՝ ստացողին:

Գլխավոր լուսանկարում' ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը պարգևատրում է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին

Մեկնաբանություններ (2)

Լաուրա
Դուք շատ ճիշտ եք ամեն դեպքում ու շատ տեղյակ: Ուղղակի այս ամեն ինչին տեղյակ են բոլորը, ու չեն արտահայտվում:
Խարիկ
Ոչինչ չեմ կարող ասել մյուս համայնքերի մասին, բայց վստահ կարող եմ պնդել, և դա կհաստատեն բոլոր աշտարակցիները: Աշտարակի քաղաքապետը օրինակելի է բոլոր առումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter