HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կրթությունը գերակա իրավունք է». Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը, որը կրթական ոլորտի 9 մասնագիտական կազմակերպությունների, անհատ փորձագետների և 150-ից ավելի քաղաքացիների միավորում է, հայտարարություն է հրապարակել տարկետման իրավունքի, կրթական խնդիրների և ուսանողների շարժման վերջին դեպքերի վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք նույնությամբ.

«Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ լիովին անտեսելով հացադուլի և դասադուլի դիմած ուսանողների պահանջը, դասախոսական և փորձագիտական հատվածի ծանրակշիռ փաստարկներով ահազանգերն ու առաջարկությունները:

Կրթական ոլորտի վերջին զարգացումները, կրթական համակարգը փլուզելու, անդառնալի հետևանքներ պարունակող հարված հասցնելու գործելաոճը, և ընդհանրապես կառավարության որդեգրած կրթական բյուջետային քաղաքականությունը խորին մտահոգություն են առաջացնում։

Փաստում ենք, որ.

1. Այս օրինագիծն անցկացնելու համար չիրականացվեցին իրական, բազմակողմանի կարծիքների ու փորձագետների ներգրավմամբ հանրային քննարկումներ:

2. Ընդհանրապես չդիտարկվեցին օրինագծից բխող հետևանքները, որպիսիք են սովորելու մոտիվացիայի կտրուկ անկումը, ԲՈՒՀ ընդունվողների թվի կրճատումը, դպրոցահասակ տղաների արտագաղթը, գիտությամբ զբաղվելու և Հայաստանում մնալու մոտիվացիայի վերացումը, կրթության ռազմականացումն ու ռազմական դիսկուրսի կողմից կրթության բովանդակության գաղութացումը:

3. Կրթական համակարգի վնասներն ու ռիսկերը գնահատելու ուղղությամբ որևէ հետազոտություն կամ համապարփակ քննարկումներ չիրականացվեցին, չդիտարկվեց, թե ինչ ռիսկեր է պարունակում օրենսդրական նախագիծը, և ինչպես է պլանավորվում կարգավորել կամ կառավարել դրանք:

Հաշվի առնելով վերագրյալը և հանրության, ուսանողական, ակադեմիական գիտակից հատվածի ծանրակշիռ փաստարկներով հիմնավորված դիրքորոշման անտեսումը՝ Կրթական-քաղաքացիական նախաձեռնությունը, վերահաստատելով կրթության ֆինանսավորման կրճատման քաղաքականությունից հրաժարվելու իր հանրային պահանջը և միանալով տարկետման իրավունքի վերականգնման առկա ուսանողական պահանջին, ՀՀ կառավարությանը և ԱԺ բոլոր խմբակցություններին ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ.

1. Պահպանել ժողովրդավար և սոցիալական պետության սահմանադրական հիմնարար սկբունքը՝ ընդունելով տարկետման իրավունքի վերականգման վերաբերյալ հանրության պահանջը:

2. Դադարեցնել տարկետման իրավունքի պահպանման պահանջով հանդես եկող ուսանողների դեմ բուհերում կիրառվող վախի, ճնշումների, վարչական ռեսուրսների և արգելքների ու սպառնալիքների մեթոդների կիրառումը:

3. Բացառել դասադուլավորների նկատմամբ՝ ոստիկանության և այլ կառույցների կողմից ուժի և բռնության որևէ գործողության հնարավորություն:

4. Տրամադրել հարթակ ԿՔՆ-ի կողմից բարձրաձայնած՝ կրթության ու գիտության ֆինանսավորման վերաբերյալ հանրային պահանջի արդյունավետ և մասնակցային քննարկման համար:

ՈՂՋ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ. ինքնակազմակերպվել հանուն սոցիալական արդարության և կրթության իրավունքի, որը մեր երկրի զարգացման ու նաև բանակի հզորացման միակ գրավականն է, ոտքի ելած ուսանողների հետ պայքարել սոցիալական արդարության, հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտի համակարգային խնդիրների դեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter