Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Շեկաղբյուրի ոսկու պաշարների նկատմամբ հավակնություններ ունեցող ընկերությունը կրկին հանրային քննարկում է անցկացնելու



Շեկաղբյուրի ոսկու պաշարների նկատմամբ հավակնություններ ունեցող «Միռամ» ՍՊԸ-ն նորից է պատրաստվում հանրային լսումներ անցկացնել Շեկաղբյոււրի ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախագծի վերաբերյալ: Այս անգամ ընկերությունը հանրային քննարկումները նախատեսել է կազմակերպել Օձունի համայնքապետարանում, քանի որ Արդվին խոշորացել է Օձունի կազմում: Հանրային քննարկումները նախատեսված են նոյեմբերի 29-ին` ժամը 12:00-ին:

Հիշեցնենք` հուլիսի 26-ին նախատեսված հանրային քննարկմանը, ի նշան բողոքի, Արդվի համայնքի բնակիչները ընկերության ներկայացուցիչների առաջ փակեցին ճանապարհը, և քննարկումն այդպիսով տապալվեց: Նրանք կտրականապես դեմ արտահայտվեցին որևէ տեսակի ուսումնասիրության` իրենց բնության և հուշարձանների պահպանության հաշվին հանք ունենալու նպատակները մերժելով:

Սեպտեմբերին Արդվի համայնքի բնակիչները նամակով դիմել էին  Բնապահպանության նախարարություն' պահանջելով մերժել «Միռամ» ՍՊԸ-ի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում որոնողական աշխատանքների իրականացման հայտը:

Հիշեցնենք, որ «Միռամ» ՍՊԸ-ն Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. նախատեսում էր իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ և հայտ էր ներկայացրել ԲՆ:

«Միռամ» ՍՊԸ-ն կարճ պատմություն ունի. գրանցվել է այս տարվա մայիսի 10-ին: Ընկերության ամենամեծ բաժնետերը Արայիկ Սամվելի Զադոյանն է: Նրան է պատկանում բաժնեմասի 34 %-ը: Արայիկ Զադոյանը նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար, վանաձորցի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է: Մնացած 33-ական տոկոս բաժնեմասերի տերերը վանաձորցի Անահիտ Շավարշի Դանիելյանն է և ՌԴ քաղաքացի Հենրիկ Մեսրոպի Գևորգյանը: Վերջինս նաև ընկերության տնօրենն է:

Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումը գտնվում է Լոռու մարզի կենտրոնական մասում՝ Լեջան-Լալվար լեռնաշղթայի հարավային լանջին, Մղարթ գյուղից 3.2 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Հովնանաձորից՝ 2.9 կմ դեպի արևելք: Հանքերևակման տարածքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 200 հա մակերես: Ընդգրկում է երկու համայնքների՝ Մղարթի 54 հա և Արդվի 146 հա տարածքները: Բացի այս երկու գյուղերից, մոտակա բնակավայրերն են նաև Հովնանաձոր, Յաղդան Կողես և Օձուն գուղերը: Լեռնագրական տեսակետից հանքերևակման տարածքը հարում է Ջավախքի լեռնաշղթային մինչև Դեբեդի կանիոնը 73 կմ երկարությամբ ձգվող Վիրահայոց լեռների հարավային լանջերին:

Լրացված, 17.11.17թ.:  Հրապարակումից մեկ օր անց ԲՆ-ն փոփոխել է հանրային լսումների վերաբերյալ հայտարարությունը, որտեղ փոփոխվել են նաև լսումների վայրը և ժամը` նշանակելով այն Օձուն համայնքի Մղարթ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում` դեկտեմբերի 1-ին, ժամը` 12:00-ին: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Միհրան Թորգոմյան18:47 - 18 նոյեմբերի, 2017
Անաբուռ մարդիկ են, տզի նման կպել են էդ գյուղի ջանին: Էդ քան թքեցին ու մրեցին, բայց իրանց համար անձրեւ էր
2. Minas17:09 - 19 նոյեմբերի, 2017
Հակառակ իրենց հանդիսավոր խոստմանը, բնապահպանության նախարարությունը ցուցաբերել է ֆորմալ եւ կողմնակալ մոտեցում՝ հաշվի առնելով միայն տարածքի վարչա-տնտեսական պատկանելիությունը, անտեսելով ամենամոտիկ գտնվող եւ առաջինը վնասակար ազդեցության ենթարկվող բնակչության կարծիքը: Նման պարզունակ խորամանկությունը բոլորովին պատվաբեր չէ պետական լուրջ մարմնին: http://ecolur.org/.../ra-nature-protection-ministry.../9532/
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ