HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինչպես են քվեարկելու ԱԺ խմբակցությունները 2018 թվականի պետական բյուջեի նախագծին

2018 թվականի պետական բյուջեի նախագծին կողմ կքվեարկեն իշխող ՀՀԿ-ն ու իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն։

ՀՀԿ խմբակցության անունից ելույթով հանդես եկավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նկատելով, որ բյուջեի նախագիծը բխում է ՀՀԿ ծրագրից:

«Այն ամբողջությամբ իրատեսական է, ոչ մի թիվ շինծու չէ։ ՀՀԿ-ն ողջունում է 2018 թվականի պետական  բյուջեի նախագիծը, այն հիմք է լինելու ապագա տնտեսական զարգացման համար»,- ասաց նա՝ պնդելով, որ կառավարության կողմից առաջ քաշված նպատակներն իրականանալի են։

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ասելով, որ գոնե իր համար տեսանելի է, որ բարեփոխումները ընթացքի մեջ են.  «Կոալիցիոն կառավարության գնահատականը տրվելու է 2017-2022 հնգամյա ծրագրի իրականացմամբ կամ ձախողմամբ: Մեր կարծիքով, որդեգրված՝ տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու քաղաքականությունը, բյուջեն այդ հեռանկարի իրատեսական առաջին քայլերից է: Բնականաբար, ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու մեր կառավարության ներկայացրած բյուջեին» ։

«Ծառուկյան» խմբակցության մի շարք պատգամավորներ քննադատական ելույթներով հանդես եկան՝ նկատելով, որ բյուջեով ոչ միայն աշխատավարձերի ու թոշակների բարձրացում նախատեսված չէ, մի շարք կարևոր ոլորտների հատկացվող գումարները կրճատվելու են, ինչպես՝ սոցիալական պաշտպանության և առողջապահության։ Պատգամավորներն անդրադարձան նաև ՊԵԿ-ի կողմից իրականացվող, իրենց խոսքով` կոշտ վարչարարությանը առևտրականների նկատմամբ։ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն ասաց, որ դաշինքը չի կարող կողմ քվեարկել նման նախագծի. «Դաշինքը բնականաբար չի կարող այս բյուջեի իրականացման քաղաքական պատասխանատվությունը կիսել, և մենք միահամուռ դեմ ենք քվեարկելու»։

«Ելք» խմբակցությունից ելույթ չեղավ, քանի որ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը բացակայում են։ Ըստ կանոնակարգի՝ միայն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը կարող են խմբակցության անունից ելույթով հանդես գալու դիմում ներկայացնել։ Տեղեկացնենք, սակայն, որ խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանն ու Լենա Նազարյանն իրենց ելույթներով քննադատեցին բյուջեի նախագիծը: Արամ Սարգսյանն այն որակեց որպես հաշվապահական փաստաթուղթ։

Բյուջեի նախագծի քննարկումները ընդմիջվեցին առնվազն չորս օրով: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ պատգամավորները կարող են 24 ժամվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter