HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վեչեռը լավն էր՝ դիսցիպլինա չկար…»

Սայաթ-Նովա փողոցի վրա ապրում էր մի մարդ, որը ծնվել էր 1902 թ-ին Շուշի քաղաքում: Առաջին անգամ նրան տեսել եմ 1980թ-ին: Չորրորդ դասարանում էինք: Դպրոցում ընդունված էր՝ իրար ազգանունով էինք դիմում, չգիտեմ խորհրդային համակարգի սովորություն էր, թե՝ ինչ: Դասընկերուհիս իմ մասին պատմելիս տանը միշտ ասել էր «Հովհաննիսյանի հետ տեղ ենք գնում»: Այդ Հովհաննիսյանը ես էի: Մի անգամ երկուսով բարձրացանք իրենց տուն, որ ասենք «տեղ ենք գնում»: Տեղը սովորաբար մզկիթի բակի Երևանի պատմության թանգարանն էր: Չգիտեմ, շա՞տ էինք սիրում թանգարանը, թե տեղն էր մատչելի: Չորրորդ դասարանի երկու աշակերտ զանգում են իրենց տան մեխանիկական զանգը, իսկ այդ զանգից էլ ոչ մի տեղ չկար ու հաճախ հենց միայն զանգը տալու համար բարձրանում էինք իրենց տուն:

Դուռը բացում է ընկերուհուս յոթանասունութամյա պապը: Կլոր, բարի ժպիտով, բաց ճակատով Հովսեփ պապը, ու ընկերուհիս հերթական անգամ ասում է. «Հովհաննիսյանի հետ տեղ ենք գնում»: Տնեցիները սկսում են հարցեր տալ. «Բա ե՞րբ եք գալու, բա ո՞ւր եք գնում»: Ու ինչ-որ մեկը վերջապես հարցնում է. «Բա ո՞ւր ա  հիմա Հովհաննիսյանը»՝ վստահ լինելով, որ Հովհաննիսյանը դասատուներից է: Առանց որևէ տարօրինակ բան գուշակելու` դասընկերուհիս, մատն ինձ վրա տնկելով, ասում է. «Հես ա Հովհաննիսյանը»: Հովհաննիսյանը, տվյալ պահին դպրոցական համազգեստի գոգնոցի թևը կախված, մատերը թանաքոտ, մազերը գանգուր ու շատ ինքնավստահ ներկայանում է: Հովսեփ պապի գլխավորությամբ ևս չորս հոգի մի քրքջոց են դնում, որի իմաստը ես ու դասընկերուհիս, իհարկե, հասկանալ չէինք կարող: Ընտանիքը մոտ մի տարի Հովհաննիսյան ազգանվան տակ նկատի էր ունեցել որևէ ուսուցչի: Ուրախ օր էր:

Մի քանի տարի առաջ, Հովսեփ Յուզբաշյանի դուստրը՝ ընկերուհուս մայրն ու արդեն վաղուց մեր ընկերը՝ Տատյանա Յուզբաշյանը, ինձ տվեց հոր ձեռագիր հուշերն ու առաջարկեց կարդալ, միգուցե մի հետաքրքիր բան ստացվի: Կարդացի, նորից կարդացի, մի քանի անգամ կարդացի անհարթ ձեռագրով ռուսերեն հուշերը, քանի որ Հովսեփ Յուզբաշյանը դպրոց է հաճախել արդեն Թիֆլիսում: Հուշերը ռուսերեն էին, բայց անընդհատ հիշեցնում էին Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»-ն: Գիրք սարքելու միտքն այդ նմանությունից առաջացավ:

Հովսեփ Յուզբաշյանը պատմում էր Շուշիի իրենց տան մասին, քաղաքի տեսքի, մարդկանց, նրանց հագուստի, խանութների, խնջույքների, հումորների մասին: Սկզբում թվաց, թե կրկնությունը շատ է, հետո, զգացի, որ նա չի կրկնում, նա փորձում է հագեցնել իր կարոտն` անընդհատ, նորից պատմելով տան դիրքի, տան սպասքի, սենյակների մասին, թե որ սենյակը դեպի ուր է դուրս  գալիս: Կարող է թվալ, թե անհետաքրքիր էր անընդհատ կարդալ նույնը, բայց ես կարդում էի մեծ հարգանքով ու նույնքան մեծ հաճույքով, որովհետև ամեն տողի մեջ զգում էի այդ տարիքն առած մարդու արցունքները, մանավանդ, որ ինքը հաճախ էր տողերում պատմում, թե ինչ է կատարվում հետը, երբ հիշում է բոլոր այդ  մանրամասները:

Շատ հետաքրքիր մարդիկ տվեց այդ ընտանիքը, բոլորը կրթվեցին Շուշիի գիմնազիայից մինչև Բեռլինի ու այլ եվրոպական քաղաքների համալսարաններում, բոլորն ինչ-որ հետք թողեցին քաղաքների ու մարդկանց  կյանքում:

Հովսեփ Յուզբաշյանի քրոջ՝ Սառայի ամուսինը, հայտնի Գրիգոր Սաղյանն էր՝ բժիշկ-թոքաբան, որը տեղափոխվեց Հայաստան  Առաջին հանրապետության ստեղծումից անմիջապես հետո, Դիլիջանում ստեղծեց մանկական տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոնը: Գրիգոր Սաղյանն Աղասի Խանջյանի անձնական բժիշկն էր, որը չստորագրեց Խանջյանի ինքնասպան եղած լինելու եզրակացությունը: Գնդակահարվեց 1937թ.-ին:

Ես սիրեցի նրանց Շուշիի ընտանիքը, թեև չէի տեսել ու չէի կարող տեսնել: Այդ ընտանիքի սերունդներին շատերս գիտենք, նրանց մի մասն ապրել և ապրում է Երևանում. կոմպոզիտոր Արմեն Բուդաղյանը թոռն է Սառա Յուզբաշյանի և Գրիգոր Սաղյանի, հայտնի ծնոտաբան Գրիգոր Էմիլի Խաչատրյանը ծոռն է Սառա Յուզբաշյանի և Գրիգոր Սաղյանի, արևելագետ Կարեն Յուզբաշյանը Նիկիտա Յուզբաշյանի որդին է: 1973-1988թթ. լուսավորության  նախարար Սեմյոն Հախումյանի մայրը՝ Նինան, նույնպես ծնվել ու մեծացել է Շուշիում, Շուշիում հայտնի դեղագործ Սարգիս Շաքարյանի դուստրն է և Հովսեփ Յուզբաշյանի մորեղբոր աղջիկը:

Հուշերը կարդալիս հասկացա, որ անպայման ուզում եմ մարդիկ կարդան, թե հազար ութ հարյուրականներին և ինը հարյուրականների սկզբին ինչեր ուներ Շուշին, ինչ քաղաք էր Շուշին իր «Շուշի-կրեդիտ» բանկով, Խանդամիրյանի թատրոնով, դեղատներով, արվեստանոցներով, Խուբլարովների հրուշակեղենի խանութով, խնջույքների ժամանակ պարած վալսերից փոքրիկ Հովսեփի հիշողության մեջ մնացած «vis –a-vis» «a gauch» արտահայտություններով, «Բեքեր» մակնիշի դաշնամուրով, «Շուշիի լիստոկ» և «Ղարաբաղ» թերթերով, Շուշիի հումորով, որից շռայլորեն մեջբերում է Հովսեփ Յուզբաշյանը:

Թե ինչպես Շուշիում հայտնի Թագուշ-խանումը, որն իր գեղեցկությունից բացի հայտնի էր նաև սեփական սալոնով, որտեղ հավաքվում էին դերասաններ, գրողներ, մեծահարուստներ, Մոսկվայից եկած իր քրոջ պատվին մեծ խնջույք է կազմակերպում ու անհավանական ուտեստներ մատուցում, որ մոսկվաբնակ քրոջից հետ չմնա և երբ վերջում հարցնում է քրոջը, թե ինչպես է անցնում խնջույքը, մոսկվաբնակ քույրը պատասխանում է. «Վեչեռը լավ ա, բայց դիսցիպլինա չկա»: Ինչին Թագուշ-խանումը կարծելով, թե «դիսցիպլինան» թխվածքի տեսակ է, պատասխանում է. «Քուռանամ, կանդիտեր Կրիքորը տորթերը ղարկալ ա, դիսցիպլինան ղարկալ չի»:

Հովսեփ Յուզբաշյանն ազնվորեն է պատմում. այն, ինչ իր տեսածը չէ, նշում է, որ ավագ եղբայր Նիկիտան է պատմել, չի ներկայացնում  հղկված-փայլեցրած իր թանկագին մարդկանց ու քաղաքը, պատմում է զավեշտականը, նաիվը, ծիծաղելին: Նա 1902-1918թթ.-ի Շուշին հասցնում է մեզ՝ բարի, անկաշկանդ:

Կյանքի անհավանական շրջադարձները ուղղակի շշմեցնող են: 1980թ-ի այդ օրը, Սայաթ-Նովա փողոցի իրենց տանը, երբ Հովսեփ Յուզբաշյանն ու տան բոլոր մեծերը դռան մոտ հավաքված ծիծաղում էին ինձ ու ընկերուհուս վրա` հայտնագործելով, որ Հովհաննիսյանը ոչ թե ուսուցիչներից մեկն է, այլ իրենց թոռան կողքին կանգնած, գոգնոցի թևը կախ չորրորդ դասարանցին, որևէ մեկը կպատկերացնե՞ր, թե Հովսեփ Յուզբաշյանի հուշերը կորած քաղաքի մասին, իր աղջիկը ինձ պիտի վստահի ու ես, վերջապես պիտի համարձակվեմ որոշել, որ այն գիրք է դառնալու:

Իսկ որոշման և այն հնարավոր դարձնելու համար շնորհակալ եմ Արցախում ապրող, անընդհատ կրթվող ու ամեն ինչին նոր հայացքով նայող երիտասարդներին, որոնք իրենց նախաձեռնությամբ հուշերն առաջարկեցին կարդալ այն ժամանակ ԱՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին, և նրա շնորհիվ  Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ հուշերը գիրք դարձան ու 1902թ.-ին  Շուշիում ծնված Հովսեփ Յուզբաշյանի պատմությունները կարող են կարդալ շատերը:

Գրքում տպված լուսանկարները Յուզբաշյանների անձնական արխիվից է, որոնց հեղինակն Աննա Յուզբաշյանի ամուսինն է՝ Տիգրան Աղամալյանը, որը Շուշիի սեմինարիայում մաթեմատիկայի ուսուցիչ էր, դաշնակցության անդամ և լուսանկարչական տաղանդ ուներ: Հովսեփ Յուզբաշյանի պատմելով՝ ընտանեկան ալբոմում շատ նկարներ կան Շուշի քաղաքից, բայց հնարավոր եղավ գտնել առայժմ այսքանը:

Կմտածե՞ր արդյոք Շուշիում հայտնի մեծահարուստ Մովսես Յուզբաշյանը, որը ընկերության տնօրեն էր և Շուշիից Ղափան կոքս էր տեղափոխում, իսկ Ղափանից բերում պղինձ, հետո պղինձը բարձում ձիակառքերին՝ Եվլախ տեղափոխելու համար, իսկ Եվլախից տեղափոխում Մոսկվա, որ իր ամենափոքր որդին, ով ամենաքիչը հասցրեց ապրել Շուշիում՝ պիտի հուշեր գրեր, որ մարդիկ իմանային իրենց  հետաքրքիր քաղաքի կյանքի մասին, որն այն օրերին առօրյա կյանք էր, իսկ հետո դարձավ կորած քաղաք: Հետո՝ շատ տարիներ անց, վերացրին նաև այրված քաղաքի ավերակները՝ թողնելով մի քանիսը միայն:

Բայց կան ընտանեկան արխիվներ, ալբոմներ, մարդիկ, ովքեր կարևորում են բոլոր հուշ պարունակող թղթերը: Թղթերից մեկի վրա Հովսեփ Յուզբաշյանը գրել է. «Մի անգամ հայրս մեր տուն էր հրավիրել հյուրախաղերի եկած դերասանների: Այսօրվա պես հիշում եմ՝ Աբելյանն էր, Ոսկան Ոսկանյանը, Ալիխանյանը, Ժասմենը, որն այնպես հրաշալի էր պարում, իսկ վերջում խոնարհվում ու տարածում էր ձեռքերը»: Իսկ օրագրի վերջում նշել է Գոլսուորթիից մի տող, որ տպվել է իր ուղեղում. «Դատարկ բան է կյանքը՝ մի քիչ սեր, մի քիչ ատելություն ու արդեն վերջն է»…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter