Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափածների քրեական հետապնդումը դադարեցնելու համար սահմանված դրույքաչափերը բարձրացնել



Խորհրդարանում քննարկվում է ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի և Աղվան Վարդանյանի կողմից հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը։

Պատգամավորներն առաջարկում են երկարացնել օրենքի գործողության ժամկետը, քանի որ վերջինիս գործունեության ժամկետը վերջացել է 2015-ի մայիսի 1-ին: Ընդգծվել է, որ օրենքի շահառու կարող են դառնալ նրանք, որոնց 27-ը լրացել է մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը։ Ըստ այս օրենքի՝ 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են համապատասխան գումար վճարել՝ ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հանրապետություն։

Նախագծի համահեղինակ, գլխավոր զեկուցող Կարինե Աճեմյանն ասաց, որ նախագիծը հասարակական մեծ հետաքրքրություն ունի, և այս ընթացքում բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել արտերկրում գտնվող հայաստանցիներից, որոնք օրենքի չգործելու պատճառով չեն կարողանում Հայաստան վերադառնալ։

Տեղեկացնենք, որ օրենքի հեղինակներն առաջարկում են նաև բարձրացնել քրեական հետապնդումը դադարեցնելու դրույքաչափերը, եթե մինչ 2015 թվականը գործող օրենքով մեկ զորակոչից խուսափելու համար քաղաքացին վճարում էր նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ապա առաջարկվում է չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով գումար։ Աճեմյանը տեղեկացրեց՝ առաջարկում են օրենքում նաև ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու փոխարեն կարող է դիմում գրել նաև վերջինիս կողմից լիազորված անձը։

«Այս տարիների ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ են վերադարձել Հայաստան, վճարել են գումարները և պետական բյուջե է մուտք գործել ութ միլիարդից ավելի գումար։ Լսելով Կառավարության ներկայացուցչին՝ որոշեցինք, որ սահմանված գումարի շեմը պետք է բարձրացնել»,- ասաց Աճեմյանը։

Նախագծի հարակից զեկուցող, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ օրենքն այս տարիների ընթացքում ութ անգամ փոփոխության է ենթարկվել, միշտ ներկայացվել է սփյուռքի նախարարության կողմից, և նպատակը մեկն է եղել, որ ապահովվի հայաստանցիների վերադարձը հայրենիք։

«Դիտարկումները ցույց են տվել, որ այս օրենքը որոշակի ճանապարհ է դարձել 15 տարիների ընթացքում, որ մարդիկ նստեն թուղթ ու գրիչը վերցնեն ու հաշվարկ անեն, ևս մի ճանապարհ փնտրեն՝ ի տարբերություն մեր մյուս քաղաքացիների, ովքեր կատարում են իրենց սահմանադրական պարտքը: Դե ի՞նչ է եղել որ, երկու զորակոչ կխուսափենք 200 հազար կմուծենք, 18 զորակոչ կխուսափենք՝ մեկ միլիոն 800 հազար կվճարենք, դրանով կհամարենք մեր պարտքը կատարած։ Սա կարծում եմ՝ ճիշտ մոտեցում չէ, և ժամանակն է, որ պաշտպանության նախարարությունն արձագանքի»,- ասաց Զաքարյանը։

Փոխնախարարը վստահեցրեց՝ իրենց նպատակը փողի շեմը չէ, պարզապես համարժեքության խնդիր կա։ Զաքարյանը չցանկացավ հստակեցնել, թե քանի քաղաքացու նկատմամբ է ՊՆ-ն քրեական հետապնդում հայտարարել, միայն ասաց, որ նրանք հազարավոր են։

«Այս օրենքի հետ կապված երկու խնդիր ունենք, առաջինը, որ որոշակի զսպող հանգամանք լինի, ինչպես ֆինանսական պատասխանատվություն սահմանելը և մեր քաղաքացիներին ասենք՝ հարգելիներս, 10-րդ, 11-րդ անգամ ՀՀ-ն չի պատրաստվում այս կարուսելն անընդհատ պտտել և յուրաքանչյուր անգամ բացատրություն գտնել այն քաղաքացիների առջև, ովքեր որ ծառայում են, թե ինչու ունենք նաև քաղաքացիներ, ովքեր չեն ծառայում»,- ասաց փոխնախարարը։

Զաքարյանը հստակեցրեց՝ օրենքի ընդունվելուց հետո այն կարող է գործել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այն քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն ունեն այս օրենքից օգտվելու։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Պողոս23:12 - 16 նոյեմբերի, 2017
Իսկ մտածում եք երբևէ որ այդ հազարավոր երիտասարրդներից քանիսը ոչ միայն ցանկություն չունեն վերադառնալ ՀՀ այլ նաև քանի հայուհի Հայաստանից կանչել տարել են ամուսնանալու նպատակով իրենց ընտանիքների հետ՞ ՞՞ քանի հայ ընտանիքից
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ