HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդակոծությունների տակ ապրող Կոթին

«Փառք Աստծո, 2017-ին Կոթիում կրակոցներ շատ չեն եղել: Բերքահավաքի ժամանակ խոչընդոտներ են եղել: Այդ ընթացքում նաև նյութական կորուստներ ենք ունեցել: Հրդեհվել է  1,3 հա հացահատիկի դաշտ: Դաշտում աշխատող կոմբայնի ուղղությամբ կրակոցներ են եղել, մոտ 1,5 ժամ աշխատանքը դադարեցվեց, սակայն հացահատիկը դաշտում չթողնելու համար մեխանիզատորները էլի շարունակեցին աշխատանքը: Ամեն դեպքում, սահմանին ապրելու վտանգը կա: Այդ ամենն անկանխատեսելի է, կարող է ցանկացած ժամանակ կրկնվել»,- ասում է Նոյեմբերյան համայնքի ղեկավարի Կոթիի լիազոր ներկայացուցիչ Ֆելիքս Մելիքյանը:

Կոթի գյուղը համայնքների խոշորացման արդյունքում ներառվել է Նոյեմբերյան համայնքի մեջ: Համայնքների խոշորացման մասին իր կարծիքը Ֆելիքս Մելիքյանը հայտնում է մեր մի քանի հարցից հետո. «Համայնքների խոշորացման գնացքն արդեն շարժվել է, քաղաքական որոշումը կայացվել է, պետք է ուժերը համատեղել, որպեսզի գնացքը ճիշտ ուղղությամբ և ճիշտ նպատակակետին հասցնենք: Էս պարագայում հաջողությունը կապված է խոշորացված համայնքի ղեկավարից և կառավարման մեխանիզմից»:

Մինչ խոշորացումը նա 11 տարի ղեկավարել է Կոթին եւ կարծում է, որ պետբյուջեից ավելի ծանրակշիռ դոտացիաներ պետք է հատկացվեն Նոյեմբերյան խոշորացված համայնքի բյուջեին՝ սահմանային բնակավայրերի խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար:  

Իբրեւ համայնքների խոշորացման դրական կողմ լիազոր ներկայացուցիչը թվարկում է Կոթիում իրականացվող ծրագրերը. հաշված օրերի ընթացքում մեկնարկելու է Կոթիի կենտրոնական փողոցների լուսավորության ցանցի կառուցումը: Այս ծրագրի համար ներդրում է կատարվել նաև համայնքի բյուջեից, աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: «Այս պահին գյուղի փողոցների մի հատվածն է լուսավորված: Անցած մեկ տարվա ընթացքում մենք վերանորոգել ենք մանկապարտեզի խաղասենյակը, մշակույթի տան շենքի մի առանձին հատվածը»,- հայտնեց նա:

Ֆ. Մելիքյանը նշեց, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համայնքի հնգամյա զարգացման ծրագրով Կոթիի 330 հա մշակելի անջրդի հողատարածքների ոռոգման ներքին ցանցի կառուցման մի քանի տարբերակներ են քննարկվել: «Կարող է այնպես ստացվի, որ այդ ծրագրին մի քանի կազմակերպություններ համաֆինանսավորեն: Այո, այս պահի դրությամբ այդ ծրագիրը սոսկ գաղափար է, որ  նախատեսված է 5-ամյա ծրագրում»,- բացատրեց Ֆ. Մելիքյանը:

Վերջինս, այնուամենայնիվ, համոզված է, որ ծրագիրն իրականանալու է: Կոթիի 1500 հա վարելահողերի կեսից ավելին ադրբեջանական դիրքերի հսկողության տակ են եւ չեն մշակվում:

Անջրդի վարելահողերը Կոթիի նախկին խաղողի այգիների տարածքներն են: «Ոռոգման ջրով ապահովելուց հետո շահառու կդառնան Կոթիի բոլոր գյուղացիները, բոլորը այնտեղ ունեն հողակտորներ»,- բացատրեց Ֆ. Մելիքյանը: «Այդ տարածքներում թշնամու գնդակոծման սպառնալիք կա՞» հարցին Ֆ. Մելիքյանը պատասխանեց. «Հիմա այստեղ որ նստած ենք, այս պահին կարող են մեզ վրա կրակել»: Նախկին գյուղապետը Կոթիի բնակելի տների բակերից հավաքել է գնդակոծությունների բեկորները եւ պահում է իր աշխատասենյակի պահարանում. «Եթե Ձեր ասած մոտեցմամբ մենք նայենք, պետք է Կոթիում տուն չնորոգենք, այգի չմշակենք, մանկապարտեզ ու դպրոց չնորոգենք: Կոթին 38 կմ սահմանագծով սահմանակից է Ադրբեջանին, բայց կյանքը կոթեցիների համար շարունակվում է»:

Սահմանային գյուղերի տնտեսավարող սուբյեկտներին տված հարկային արտոնություններից հետո Կոթիում հենց ադրբեջանական դիրքերի դիմաց 2016թ. փետրվարին երևանաբնակ կոթեցի Ռուդիկ Գանջալյանի ներդրումներով մսի վերամշակման արտադրամաս է կառուցվել: Այստեղ պահածոյացված միս են արտադրում: Առայժմ ամսական վերամշակում են 1,5 տոննա միս: Հումքը գնում են կոթեցիներից և տարածաշրջանի գյուղերից՝ կգ-ը 1500-1800 դրամով: Միայն տավարի միս են վերցնում:

«Միսը մինչև վերամշակելը մեր կողմից սանիտարական և լաբորատոր ստուգման է ենթարկում:  Մենք հնարավորություն ունենք ամիսը մշակել ոչ թե 1,5 տոննա, այլ ավելի մեծ քանակությամբ հումք: Դա կախված է նաև մեր արտադրանքի իրացման հնարավորությունից: Արտադրանքի ծավալն ավելացնելու դեպքում շուկա ենք որոնելու Հայաստանի բոլոր մարզերում»,- բացատրեց արտադրամասի տնօրեն Սեյրան Ղազարյանը: Վերջինիս խոսքով` արտադրած պահածոյացված միսը վաճառվում է Երևանի մեծ սուպերմարկետներին: Մեր այցելության ժամանակ արտադրամասը չէր աշխատում, ջրագծի հետ կապված աշխատանքներ էին կատարվում: «Առաջիկայում արտադրամասի 4 աշխատողներին կավելանան նաև 10 աշխատողներ»,- ասաց տնօրենը:

Արդեն յոթ տարի է` կոթեցի Գուրգեն Աբովյանի ընտանիքը զբաղվում է պանրի արտադրության ընտանեկան բիզնեսով. «Մեր ընտանիքում 5 անձ ենք: Պանրի հումքը մեծամասամբ Ոսկեպարից ենք բերում: Սեզոնին ամիսը մեկ տոննայից ավելի կաթ ենք մշակում, հիմա` այս ամիսներին, մշակում ենք մինչև 250 կգ կաթ: Գուրգեն Աբովյանը ամեն ինչ անում է իր «Կոթի պրոդուկտ» ապրանքանիշը արտերկրում եւս ճանաչելի դարձնելու համար:

Կոթիի մանկապարտեզ 40 երեխա է հաճախում: «Մանկապարտեզի սանհանգույցները նախորդ տարի վերանորոգվել են «Շեն» բարեգործական կազմակերպության և «Միրաք» ընտանիքի կողմից: Երեխաների անվտանգությունն ապահովելու համար մանկապարտեզի շենքի 1-ին հարկի պատուհանների առաջ պատ է կառուցվել:

Կոթիի միջնակարգ դպրոցում 199 աշակերտ է սովորում: «Երբ 1994-95թթ. ընդունել եմ դպրոցը, այստեղ 415 աշակերտ էր սովորում»,- հայտնեց տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը: Այդ ժամանակ, երբ սահմանի վրա նորից խոշոր տրամաչափի ականանետերից սկսել են կրակել, դպրոցի շատ աշակերտներ գյուղից տեղափոխվել են Նոյեմբերյան, Իջևան և Ռուսաստանի Դաշնություն:

Տնօրենի ասելով, եթե սահմանային խնդիրը չլինի, աշակերտների թիվը գոնե 30-40-ով կավելանա, որովհետև գյուղից բացակայողները հիմնականում երիտասարդ ընտանիքներ են, որոնք դպրոցահասակ և մանկապարտեզային տարիքի երեխաներ ունենԴպրոցի պատուհանները նայում են թշնամու դիրքերին: Կրակոցների դեպքում աշակերտներին դասասենյակներից տեղափոխում են միջանցք:

«Մենք ունենք նկուղային հարկ, որն իբր թե պետք է ծառայեր ապաստարան, բայց իրականում չի գործում այդ ապաստարանը: Հիմա «Կարմիր խաչի» ջանքերով դա վերանորոգվում է, շուտով կավարտվեն, աշխատանքների մեծ մասն արված է»,- ասաց նա: Մուշեղ Սիրադեղյանի կարծիքով` արդարացի չէ սահմանային գյուղերում և մայրաքաղաքում աշխատող ուսուցիչներին նույն դրույքաչափով վարձատրելը: Տնօրենը բացատրում է, որ Կոթիի դպրոցի ուսուցիչները գնդակոծության տակ հայտնվելու վախով են գնում դպրոց: Դասապրոցեսի ընթացքում ամեն րոպե սպասում են կրակոցների: «Մենք աշխարհագրության ուսուցիչ ունենք՝ երիտասարդ տղա է, մեր դպրոցում է սովորել, բուհ է ավարտել: Երկու երեխա ունի, դասաժամերը քիչ են, ստանում է 34 հազար դրամ աշխատավարձ: Մի քանի օր առաջ ինձ հայտնեց, որ ուզում է Ռուսաստան գնալ: Ինչ-որ մի ձևով պետք է այդ ուսուցչին աջակցել, որ նա Կոթիում մնա: Այլապես մենք աշխարհագրության ուսուցիչ որտեղի՞ց ենք գտնելու»,- իր մտահոգությունը հայտնեց Մ. Սիրադեղյանը: Դպրոցի կերպարվեստի ուսուցիչը 7 դասաժամ ունի: Նա 30 տարուց ավելի աշխատում է Կոթիի դպրոցում, սակայն սոցփաթեթից չի օգտվում, որովհետև 0,5 դրույք դասաժամ չունի: Մուշեղ Սիրադեղյանը կառավարությանն առաջարկում է  մայրաքաղաքում աշխատող ուսուցչի համեմատ  սահմանապահ գյուղերի դպրոցների ուսուցիչների համար աշխատավարձի ավելի բարձր դրուքաչափ սահմանել և ցածր դրույքաչափով աշխատող ուսուցիչներին չզրկել սոցփաթեթից օգտվելու արտոնությունից:

Կոթեցի Աշոտ Սեփխանյանի արքայանարնջի ծառը կքել է բերքի ծանրությունից. «Ուրիշ այգի չունենք, արքայանարնջի էս մի ծառն ունենք, հողամաս չունենք: Չենք կարողանում ծառի բերքը ծախենք»,-դժգոհեց նա: Այդուհանդերձ, Աշոտը գոհ է իր կյանքից: «Եթե կրակոց չլինի, կաշխատենք, գյուղ տեղ ա, էլի: Հիմա այգուս խորքումը փիփերթ կա դուրս եկած, եթե ուրիշ բան չլինի, հո փող չենք տալիս, երկու կարտոլ կգցենք, ճաշ կեփենք, կուտենք: Բայց որ կրակոց լինում ա, էդ ուրիշ ա»,- ասաց նա:

Աշոտը ձմեռվա վառելիք փայտը դարսել է իր տան լուսամուտների առաջ` գնդակոծություններից պաշտպանվելու համար: «Կյանքը Կոթիում լավ կլինի էն ժամանակ, երբ կրակեն ոչ: Հենա՜յ, կրակած հետքերը դեռ կենում ա, տներն էլ քանդվել է, նորից վերանորոգել ենք: Հեռվից` պոստերից, կրակում են, արդեն սովորել ենք»,- ասաց կոթեցի տարեց Վարդուշ Աբովյանը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter