Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ձգձգվող տարաձայնություն, որը հանգեցրեց ավագանու անդամների լիազորությունների դադարեցման



2018 թվականի մարտի 11-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրություն կանցկացվի։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

2016 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրված ավագանու ինը անդամներից հինգի լիազորությունները այս տարվա օգոստոսի 18-ին վաղաժամկետ դադարեցվել են։ Պատճառաբանությունն այն է, որ  այս անդամները մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից։ Համայնքի ավագանու մյուս անդամներն են կազմել այդ հինգ անդամների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունը, այն փոխանցել Տավուշի մարզպետին, վերջինս էլ հոկտեմբերի 2-ին ներկայացրել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը գործադիրին հարցը զեկուցելիս չթաքցրեց, որ ավագանու չներկայանալու հիմքում «այլ պրոբլեմներ էլ կան». «Բայց բոլոր դեպքերում կառավարության որոշումով մենք առաջարկում ենք լուծարել և նոր ընտրությունների ժամկետ նշանակել մարտի 11-ը»,- նշեց նախարարը։

Վարչապետն ու կառավարության որևէ անդամ չհետաքրքրվեց, թե համայնքում ինչ խնդիրներ կան և թե Լոքյանը, «այլ պրոբլեմներ» ասելով, ինչ նկատի ունի։ Նոր ընտրություններ անցկացնելու որոշումն ընդունվեց առանց առարկության:

Համայնքում այդպես էլ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների միջև տարաձայնությունը չհարթվեց:

Վաղաժամ դադարեցվել են ավագանու անդամներ Մարգարիտա Ալթունյանի, Ալիկ Էլարյանի, Հակոբ Մելիքբեկյանի, Լևոն Սարիբեկյանի և Սևակ Գասպարյանի լիազորությունները։ Ինչպես ասվում է որոշման նախագծում, այդ անդամների բացակայությունների պատճառով անհնարին էր դարձել ավագանու նիստերի անցկացումը:

Իրականում ավագանու անդամների նիստերին չներկայանալը պահատական և կամայական չէ։ Մեր նախորդ հրապարակումներում հայտնել էինք, որ համայնքում ավելի քան մեկ տարի տարաձայնություն կա համայնքի ղեկավարի և ավագանու որոշ անդամների միջև։ Համայնքի ավագանու որոշ անդամներ չէին ներկայանում նիստերին, քանի որ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանն ավագանու նորընտիր անդամներին հրաժարվել է տրամադրել 2016 թվականի ծախսերի և 2017-ի բյուջեի վերաբերյալ տեղեկատվություն, չի փոխանցել այն անձանց անունները, ովքեր աշխատավարձ և սոցիալական օգնություն են ստացել համայնքային բյուջեից։ Նիստերի ընթացքում էլ համայնքապետի հետ հաճախ վեճեր են եղել։


Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանը

Ավագանու անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցվելու այսօրվա որոշումից կարելի է ենթադրել, որ կառավարությունն այդպես էլ չմիջամտեց այդ տարաձայնությունների կարգավորմանը, որևէ լուծում չառաջարկեց։ Ի դեպ Ազատամուտը հանրապետության միակ համայնքն է, որի 2016 թվականի ծախսերը ու 2017-ի բյուջեն չի հաստատվել։

Մեր հրապարակումներից ամիսներ անց էլ համայնքում իրավիճակը չէր հարթվել։

Մեզ հետ զրույցում ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած անդամները պնդում են, որ նիստերին չեն ներկայացել, քանի որ իրենց ձայնը տեղ չի հասել, համայնքի ղեկավարից բազմիցս պահանջել են փաստաթղթեր, որոնք չի ներկայացրել, նիստերին հաճախ վեճեր են եղել։

Օրինակ՝ ավագանու արդեն նախկին անդամ Սևակ Գասպարյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ ավագանու նիստերին չի ներկայացել, քանի որ լիազորությունները ստանձնելով՝ համայնքի ղեկավարից պահանջել են բյուջեից աշխատավարձ ստացած անձանց ցանկը, վերջինս հրաժարվել է ներկայացնել այն, ապա ներկայացրել՝ կիսատ ցանկ։

«Ասում ենք՝ ցուցակը բեր անուններով լրացրած, տենանք ով, որտեղ է աշխատում, քանի հոգի է աշխատում։ Անընդհատ խաբելով, քիչ-միչ, ստից-մտից երկու հոգի բերում է 14 հոգի բացակա է բերում, չգիտեմ էդ մարդիկ ով են, ինչ են։ Ինչ ասում ենք, չի տալիս։ Ասում է՝ ես ոնց ուզեմ, նենց եմ անելու։ Էդ լրիվ, սաղ ընդհանուր պատճառներ ա։ Իմ ձայնը էնտեղ չի լսվում, հետո էլ ես արդեն հավես չունեմ, որ իրա հետ անընդհատ վեճի մեջ մտնեմ»,- նշեց ավագանու անդամը։

Ավագանու մյուս անդամ Հակոբ Մելիքբեկյանը ևս նշում է, որ նիստերին մեծամասամբ չեն հաճախել, քանի որ համայնքապետ Ժորա Մարտիրոսյանը չի տրամադրել իրենց պահանջած փաստաթղթերը, նիստեր գումարելու մասին պատշաճ չի ծանուցել, հետագայում էլ նիստերը նշանակվել է իր աշխատանքի ժամերին։ Ասում է՝ նիստերի ժամերի անհարմարության մասին բազմիցս հայտնել է համայնքի ղեկավարին, սակայն անարդյունք։

Ավագանու մյուս անդամ Մարգարիտա Ալթունյանը ևս նիստերին չներկայանալու հանգամանքը պատճառաբանեց իր աշխատանքային ժամերի հետ համընկնումով։ Ասում է՝ համայնքի ղեկավարը նիստերը նշանակել է առավոտյան 10-11-ին, իսկ ինքն այդ ժամերին դպրոցում աշխատանքի է եղել։

Ժորա Մարտիրոսյանին խնդրել է նիստերի ժամերը նշանակել այլ ժամի, որպեսզի կարողանան ինքն ու ավագանու մյուս աշխատող անդամները նիստերին ներկա գտնվել, սակայն որևէ փոփոխություն չի արվել․ «Ինքը չէր լսում մեզ, չէր համաձայնվումդուք ով եք, որ դուք պետք է ասեք։ Մեզ անընդհատ ասում էր՝ դուք ով եք։ Ոնց որ ամեն վայրկյան մեզ նեղացներ։ Բոլորս էլ ներկայացել ենք շատ-շատ անգամ, բայց պարտադիր ավարտվել է վեճով։ Վիճել ենք, կեսից դուրս ենք եկել՝ մի 15-20 րոպե հետո, երևի չի գրանցել։ Միայն ներկա չենք եղել այն ժամանակ, երբ նշանակել է այնպիսի ժամ, երբ աշխատանք ենք եղել»։

Նիստերին չներկայանալու մյուս պատճառը կրկին 2016 թվականի ծախսերի մասին առանձնացված տեղեկատվության չտրամադրումն է եղել։ Մարգարիտա Ալթունյանի փոխանցմամբ՝ իրենց հետաքրքիր էր, թե ինչպես է կանաչապատման վրա գումար ծախսվել, երբ համայնքում այդպիսի աշխատանքներ չեն արվել, կամ էլ մինչ այժմ չգիտեն՝ ովքեր են մանկապարտեզում աշխատում և համայնքային բյուջեից աշխատավարձ ստանում։ Կարծում է՝ համայնքի ղեկավարը չտվեց այդ անվանացանկը, քանի որ փոքր համայնք է, դրանում կարող էին լինել մարդկանց անուններ, ովքեր այնտեղ չեն աշխատում․ «Արդարություն էինք ուզում, ուրիշ ոչինչ»,- նշեց ավագանու նախկին անդամ Մարգարիտա Ալթունյանը։

Ալթունյանի փոխանցմամբ՝ ավագանու վերջին նիստը եղել է հունիսին, դրանից հետո, մինչ օրս համայնքի ղեկավարը ավագանու որևէ նիստ չի գումարել։

Հավելում այս ամենի նշենք, որ մենք զրուցել էինք 2016 թվականին սոցիալական օգնություն ստացած որոշ ազատամուտցիների հետ և պարզել, որ նրանցից երկուսը այդպիսի օգնություն չէին ստացել։ Հարուցվել էր քրեական գործ, պարզվել, որ Ազատամուտում կեղծվել են սոցօգնություն ստանալու որոշ դիմումներ։ Սակայն օրեր առաջ Տավուշի մարզային քննչական վարչությունից նամակ ենք ստացել, որով հայտնել են, որ հարուցված քրեական գործը կարճվել է և մերժվել է քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ