HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2017թ. մրցանակակրին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի մրցանակին արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական հիացմունքն ու երախտագիտությունն այն մարդկանց նկատմամբ, ովքեր առաջ են տանում քաղաքակրթությունը՝ դառնալով ժամանակի խորհրդանիշներ:

«Մենք նաև դրանով փորձում ենք մեր երիտասարդների ուշադրությունը հրավիրել հաջողված փորձերի և հաջողակ մարդկանց վրա՝ բոլոր միջոցներով բացատրելով, որ ամենամեծ հարստությունը մարդն է՝ իր թերություններով, իր խնդիրներով, բայց նաև իր տաղանդով: Այս ոլորտի վրա ուշադրությունը, կարծում եմ, տալիս է արդյունքներ: Մեր երիտասարդները մեծ հետաքրքրություն ունեն ոլորտի նկատմամբ, և շատ ուրախալի է, որ այդպիսի հետաքրքրություն ունեն նաև դպրոցականները»,- նախագահի խոսքերն է մեջբերում president.am-ը:

Թոնի Ֆադելը նշել է, որ արդեն հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ և տեղյակ է Հայաստանում ՏՏ ոլորտում, հատկապես՝ էլեկտրոնային կառավարման համակարգում իրականացվող նորամուծությունների մասին:

«Դուք պետք է բացեք ձեր երկիրը արտաքին աշխարհի համար, պետք է պատմեք, թե ինչ դրական զարգացումներ կան ձեզ մոտ: Մենք հիմա շատ հետաքրքիր ժամանակներում ենք ապրում: Ձեր կրթական համակարգում շատ լավ դիրքավորված է ֆիզիկայի, մաթեմատիկայի և այս ոլորտի այլ առարկաների դասավանդումը, և սա ձեզ հնարավորություն է տալիս տվյալների հետ աշխատանքում, տվյալների ինժեներիայում մեծ հաջողությունների հասնել: Եթե այն ամենը, ինչ վերջին 12 ժամերի ընթացքում ես լսում եմ ձեր երկրում, ճիշտ է՝ ես արդեն սկսել եմ մտածել, որ այն ստարտափները, որոնք ես եմ հիմնել, այստեղ բերելով և այստեղի աշխատուժի հետ աշխատելով՝ նոր հնարավորություններ կարող են ունենալ»,- ասել է Թոնի Ֆադելը և ընդգծել, որ կցանկանար կրկին վերադառնալ Հայաստան ու հանրապետության նախագահից հետաքրքրվել է, թե ինչով կարող է օգտակար լինել Հայաստանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter