HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բուժաշխատողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը նախատեսվում է պատժել քրեորեն

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ այսօր քննարկվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով՝ բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է` նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով։

Նախագիծը հեղինակել են ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող պատգամավորներ Հրայր Թովմասյանը և Կարեն Ավագյանը: Օրենքով սահմանվում է նաև, որ բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Նախագծի քննարկումը խորհրդարանում տարակարծություն առաջացրեց անգամ ՀՀԿ անդամ պատգամավորների միջեւ։

Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը նկատեց, որ նախագիծը ներկա պահին այս տեսքով խորհրդարան ներկայացնելը ժամանակավրեպ է, քանի որ մի քանի  հարցերի պատասխանների անհրաժեշտություն կա։ Պատգամավորը, դիմելով նախագծի համեղինակ Կարեն Ավագյանին, նկատեց, որ ճիշտ կլիներ ներկայացնել բժիշկների  նկատմամբ նման բռնության տեսակների վիճակագրություն։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, թե հասկանալի չէ` ինչու, օրինակ, տիեզերագնացի, պատշարի կամ երկրաբաժանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը չեն քրեականացվում, եթե նման մասնավորեցում է առաջարկվում Քրեական օրենսգրքում։ Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հռետորական հարցով պատասխանեց՝ միգուցե պատգամավորն այն կարծիքին է, որ լրագրողի նկատմամբ բռնության մասին դրույթը պետք է ուժը կորցրա՞ծ ճանաչել և առաջարկեց պատգամավորին նախաձեռնությամբ հանդես գալ՝ առաջարկելով Քր.օր.-ի բոլոր հատուկ կատեգորիաներն ուժը կորցրած ճանաչել։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝  առաջարկվող իրավադրույթը խոցելի է իրավական որոշակիության տեսանկյունից, ուստի մեծ է հավականությունը, որ ընդունվելու դեպքում կամ ընդհանրապես չի կիրառվի կամ կչարաշահվի։

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց՝ Քրեական օրենսգրքում առաջարկելու է լրագրողների գործունեությանը խոչընդոտող շատ ավելի խստացված իրավական կարգավորում, բայց չի կարծում, որ առանձին մասնագիտությունների գծով պետք է ծանրաբեռնել օրենսգիրքը։

«Բայց ի՞նչ ասել այն բժշկին, որ մահամերձ հիվանդի կողքը կանգնած ասում է՝ ես չունեմ ադրենալին, գնացեք ապտեկայից առեք։ Ես կոչ չեմ անում բռնության, բայց գտնում եմ` քրեական օրենսգիրքը խնդիրը կարգավորում է, առանձին մասնագիտությունների գծով տարբերակումը ճիշտ չէ»,- ասաց Զոհրաբյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ հստակեցրեց՝ նախագծի քննարկումներն այլ ուղղությամբ ընթացան․ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ոչ թե ուղղակի բժշկին պաշտպանել, այլ պաշտպանել այն արժեքը, ինչը պաշտպանում է բժիշկը:

Հարցի մասին արտահերթ ելույթով հանդես եկավ  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ վրդովվելով, որ խորհրդարանում կան պատգամավորներ, որոնք կարող են բժշկի գործունեությունը համեմատել օրինակ պատշարի հետ։ Բաբլոյանը հիշեցրեց, որ Գյումրիում եղել է դեպք, երբ Շտապօգնության մեքենայի ուշ հասնելու դեպքում բժշկին ծեծել են, որից հետո վերջինս մահացել է։ ԱԺ նախագահը կոչ արեց ճիշտ գնահատել մասնագիտությունները։

ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի՝ օրենքին դեմ լինելուն արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ նկատելով, որ չի անդրադառնա գործընկերոջ տեսակետին՝ հույս հայտնելով, որ վերջինս հնարավորություն կունենա ներկուսակցական այլ ձևաչափում հայտնել իր տեսակետը։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացվեց քվեարկության։ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը խոսք խնդրեց վարման կարգով՝ հայտնելով, որ փոփոխությունն առաջադիմական է, ուստի «Ելք»-ը կողմ է քվարկելու: «Ինձ համար առնվազն տարօրինակ է, երբ այլընտրանքային կարծիք է հնչում ՀՀԿ խմբակցությունից, միանգամից սաստեցիք, թե ներկուսակցական հարթակ կա»,- ասաց նա։

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց․ «Նկատառումս հետևյալն էր՝ գործընկերոջս մասնագիտական դիտարկմանը չեմ անդրադառնա ԱԺ ամբիոնից` հաշվի առնելով, որ մենք կարող ենք հանձնաժողովում մասնագիտական քննարկում ծավալել, սաստելու որևէ խնդիր չկա»։

Տեղեկացնենք, սակայն, որ Ռուստամ Մախմուդյանի ելույթից հետո նիստերի դահլիճից դուրս էին եկել Հրայր Թովմասյանն ու Ռուստամ Մախմուդյանը և վիճաբանում էին, որից հետո գնացին Թովմասյանի աշխատասենյակ։

Չնայած քննադատական ելույթին` ՀՀԿ-ական պատգամավորը կողմ քվեարկեց նախագծին: ՀՀԿ-ից, այնուամենայնիվ, նախագծին դեմ քվեարկողներ եղան` Միհրան Պողոսյանն ու Արթուր Գևորգյանը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 56 կողմ, 2 դեմ և 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter