HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Տաշիր գրուպ», բանկեր, դեսպանատներ․ ովքե՞ր են գրավել կայանատեղիները

Գագիկ Աղբալյան

Ճանապարհային ոստիկանությունն այս տարվա հոկտեմբերի 19-ին շրջայց էր կատարել մայրաքաղաքում եւ ավտոկայանատեղիներում մետաղյա կանգնակներ տեղադրելու համար զգուշացրել կազմակերպությունների ներկայացուցիչներին, պարզաբանել իրավախախտման դրույթը։

Ոստիկանությունը շրջայցի ժամանակ նկարահանած տեսանյութում հիշեցնում էր եւ զգուշացնում․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածը 30 հազար դրամի չափով տուգանք է նախատեսում ճանապարհային երթեւեկությանը խոչընդոտներ ստեղծելու համար։ Ըստ տեսանյութի՝ ոստիկանները կայանատեղիներում կանգնակներ տեղադրողներին զգուշացրել էին, որ կրկնվելու դեպքում իրավախախտումը կարձանագրվի։

«Հետք»-ը ստուգեց, թե ինչ է փոխվել ՃՈ շրջայցից հետո։ Որոշ տեղերում երթեւեկությանը խոչընդոտ հանդիսացող առարկաները հանված են, որոշ տեղերում էլ, այդ թվում՝ Չեխիայի դեսպանատան եւ «Մելլաթ» բանկի կողմից տեղադրված կանգնակները շարունակում են մնալ։ Բանն այն է, որ, ինչպես երեւում է ոստիկանության տեսանյութի հենց սկզբում, դեսպանատան եւ բանկի աշխատակիցներն այդ օրը զգուշացում են ստացել։


Առ այսօր թե՛ Չեխիայի դեսպանի, թե´ «Մելլաթի» ղեկավարության եւ աշխատակիցների համար կայանատեղի պահելու նպատակով շարունակում են կանգնակներ տեղադրել։

Չեխիայի դեսպանատունն օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից միակը չէ, որ խախտում է Հայաստանի օրենսդրությունը։

Շվեյցարիայի դեսպանությունը նույնպես գնում է չեխ գործընկերոջ ճանապարհով։ Մելիք-Ադամյան փողոցի մի հատվածը «զարդարում են» Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության կանգնակները։

Իհարկե, Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունը կարող էր դա ընդօրինակած լինել նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներից։ Դեսպանության հարեւանությամբ՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ, նույնպես ինչ-որ «ընտրյալների» համար ավտոկայանատեղի է պահվում կանգնակների օգնությամբ։

ՀՀԿ-ի ուղիղ դեմ դիմաց Կառավարության շենքն է։ Գործադիրում նույնպես նախընտրում են խախտել օրենքը, միայն թե Մելիք-Ադամյան փողոցում մեկ-երկու ավտոմեքենայի տեղ պահեն։

Պետական այլ մարմիններ նույնպես աչքի են ընկնում` ճանապարհային երթեւեկության սեփական կանոնները թելադրելով։ Հաջորդ լուսանկարում Կադաստրի պետական կոմիտեի գրասենյակի կանգնակներն են՝ կոմիտեի ղեկավար կազմի համար կայանատեղի ապահովելու նպատակով։ Կանգնակներն այստեղ շարված են օրվա մեծ մասում։ Տպավորություն է, որ այդ մի քանի մետր տարածությունն ընդհանրապես չի ծառայում որպես կայանատեղի։ Բայց կանգնակները մնում են։

Կադաստրի պետական կոմիտեի հարեւանությամբ նույն իրավիճակն է։ Այստեղ արդեն, կանգնակները կայանատեղի են երաշխավորում Հայ-ռուսական կազակական միավորման եւ ԴՕՍԱԱՖ-ի աշխատակազմի համար։

Կանգնակները տարբեր են լինում՝ գեղագիտորեն պատրաստված, աթոռի տեսքով, կամ՝ ուղղակի ինչ ուզես։

Կանգնակների միջոցով երթեւեկությունը խոչընդոտողները բաժանվում են երկու կատեգորիայի՝ վճարած եւ չվճարած։ Խոսքը տեղական տուրքի մասին է։

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են դիմել համայնքի ղեկավարին` ավագանու որոշմամբ իրենց կողմից նշված տարածքում ավտոկայանատեղ նախատեսելու համար եւ վճարել ամսական կամ տարեկան տուրք ամբողջ ավտոկայանատեղի տարածքի համար: Տուրքի չափը հաշվարկվում է ըստ տվյալ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղերի թվի եւ ավագանու կողմից սահմանված մեկ ավտոտրանսպորտային միջոցի դրույքաչափի:

Ավտոկայանատեղի ամբողջ տարածքի համար տուրք վճարած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը։ Օրինակ «Մելլաթ» բանկը վճարել է տեղական տուրքը եւ իրավունք ունի սեփական տրանսպորտային միջոցների կամ բանկի այցելուների համար կայանատեղի պահելու։ Խնդիրն այստեղ կանգնակն է, որը կիրառելու իրավունքը չունի։

Բայց կան ընկերություններ, որոնք նույնպես կանգնակներ են կիրառում՝ անգամ վճարած չլինելով անգամ այդ կայանատեղիների համար։ Եվ այնտեղ կանգնակներ տեղադրելով` նրանք ապօրինի կերպով զրկում են տեղական տուրքը վճարած վարորդներին՝ օգտվելու վճարովի կայանատեղիից օգտվելու իրենց իրավունքից։

Պարզելու համար՝ տվյալ ընկերությունն ավտոկայանատեղիներն իրենով է անում վճարած լինելով տեղական տուրքը, թե ոչ, ընդամենը պետք է կայանատեղիների տարածքում փնտրել համապատասխան ցուցանակը։ Եթե այն չկա, ապա նշանակում է, որ ընկերությունը «կարմիր գծերին» տիրացել է անօրինական։

Նման ընկերությունների թվում կարելի է նշել, օրինակ, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկին, որը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է երրորդ տասնյակը։ 



Կամ օրինակ Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպին»։ Հսկայական կապիտալով այս ընկերությունը Տերյան փողոցում զավթել է միանգամից մի քանի ավտոկայանատեղի։

 

Լուսանկարում պատկերված այս կանգնակներն ավելի շատ ժամանակով են զբաղեցնում տարածքը, քան՝ ավտոմեքենաները։ Այս տարածքն ընկերության բարձր ղեկավարության՝ մեկումեջ այցելությունների համար է պահվում։

Մեկնաբանություններ (1)

Մամիամ
Օրնակելի երկրի տերուտիրակալ իշխանության կողմից կատարած բեզպրիդել խաղտումները օրինակ են ծառայում թե հասարակ մարդկանածոներին այնպես էլ օտարերկրյա դիվանագետներին այնպես որ Զարմանալու բան չկա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter