HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը հաստատեց «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման վարկի մասհանման վերջնաժամկետը

Խորհրդարանում այսօր ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2017 թվականի ապրիլի 10-ին և 2017 թվականի մայիսի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2»  և Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 3» վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը։

Համաձայնագրով կառավարությունն առաջարկում է վարկի մասնահանման վերջնաժամկետը երկարացնել` մինչեւ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարական աշխատանքներն ավարտին հասցվեն:

Համաձայնագիրը խորհրդարանին ներկայացրեց Տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  փոխնախարար Արման Խաչատրյանը։ Պատգամավորներից շատերը դժգոհություն հայտնեցին համաձայնագրի առնչությամբ` նկատելով, որ ճանապարհաշինական աշխատանքները դանդաղում են։ Փոխնախարարի վստահեցմամբ` վարկային համաձայնագրի երկարացման երկու պատճառ կա՝ հողերի օտարում և տարաբնակեցման ծրագրի իրականացում։

«Դատական գործընթացների հետ կապված` հողերի օտարման գործընթացը ձգձգվել է, իսկ կապալառու կազմակերպությունների պարտավորությունը ՀՀ-ի նկատմամբ սկսվում է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի ամբողջական ծավալով իրականացումից հետո»,- ասաց Խաչատրյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար է ծախսվել վարկային ծրագրի համար։ Փոխնախարարը պատասխանեց, որ ճանապարհի կառուցման համար ԱԶԲ-ն հատկացրել է 500մլն դոլարի վարկ, որից 60մլն-ը ծախսվել է առաջին տրանշի վրա, իսկ գումարի երկրորդ և երրորդ փուլերով հատկացումներից իրացումը կազմում է 330 մլն դոլար։

«Այժմ ԱԶԲ-ի շրջանակներում 170մլն դոլարի չիրացված գումար կա, որի համար նախարարությունը պատրաստում է Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի նախագծումը, այն կներկայացվի քննարկման»,- ասաց փոխնախարարը։ Վերջինիս խոսքով՝ մինչ այս պահն իրականացվել է տրանշ 2-ի 40%-ը, իսկ մինչև տարեվերջ կունենան 60% կատարողական,  տրանշ երրորդի 17%-ն է իրականացվել, իսկ մինչև տարվա վերջ կլինի 30% կատարողական:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կոչ արեց հասցեական խոսել և անուններ հնչեցնել, թե ովքեր են մեղավոր չարաշահումների համար, և ե՞րբ է նախանշված ճանապարհաշինական աշխատանքների ավարտը։ Փոխնախարարն արձագանքեց՝ իր ելույթում չարաշահում բառ չի օգտագործել, «չարաշահման մասին խոսք լինել չի կարող»։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ 30 կմ ճանապարհ կառուցելու համար սահմանված 150մլն դոլարն արդյոք ծրագրով նախատեսվա՞ծ է եղել և, ի վերջո, ե՞րբ է ավարտվելու ճանապարհի կառուցումը։

«Ծրագրի շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքների ծավալը համապատասխանում է ծրագրով նախատեսված նախահաշվին»,-պատասխանեց փոխնախարար Խաչատրյանը։ Ինչ վերաբերում  է աշխատանքների կատարման ավարտին, ապա, փոխնախարարի խոսքով, այն նախանշվում է  իրականացնել մինչ 2019-ի երրոդ եռամսյակ։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քվեարկությունից առաջ խոսեց վարման կարգով՝ նկատելով, որ թեեւ կարևորում են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցումն ու վերջինիս ռազմավարական նշանակությունը, միևնույն է, դեմ են քվարկելու վարկային համաձայնագրին, քանի որ «լուրջ վերապահումներ ունեն ծրագրի կատարողականի, հաշվետվողականության թափանցիկության առնչությամբ»։

«Ելք»-ի հետ այս հարցում համակարծիք էր «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը: Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝  կարևորում են ճանապարհի ռազմավարական նշանակությունը, սակայն իրենք ևս վարկերի օգտագործման հետ կապված լրջագույն վերապահումներ ունեն։

Համաձայնագիրը հաստատվեց 55 կողմ, 30 դեմ և 0 ձայների հարաբերակցությամբ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter