Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Կենտրոնական բանկի աշխատողների թիվը կկրճատվի, աշխատավարձը կբարձրանա



2018 թվականի համար առևտրային բանկերը կանխատեսել են ամսական 758 հազար դրամ միջին աշխատավարձ: «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի համաձայն` ԿԲ-ի աշխատակիցների աշխատավարձի միջինը պետք է համապատասխանի երկրի բանկային համակարգի միջին աշխատավարձին: Ըստ այդմ՝ 2018թ. համար պլանավորվել է 621.500 դրամ միջին աշխատավարձ՝ 2017թ. 603.500 դրամի փոխարեն:

Պետական բյուջեի նախագծով ներկայացվել է նաև Կենտրոնական բանկի աշխատակիցների ընդհանուր թիվը: 2018թ. աշխատակիցների թիվը կրճատվելու է 5-ով՝ 815: 2017թ. ԿԲ-ն ունեցել է 820 աշխատակից: Բանկի աշխատակիցների սոցիալական փաթեթով, այդ թվում` առողջության ապահովագրության ծախսերը հոգալու համար նախատեսվել է 422 մլն 500 հազար դրամ, որը  2017թ. համեմատ չի փոփոխվել:

Բանկի վարչական ծախսերը կազմելու են 7 մլրդ 294 մլն 728 հազար դրամ: 

Գործուղումներ, ներկայացուցչական ծախսեր

2018թ. նախատեսվում է կազմակերպել թվով 125 վերապատրաստման ծրագիր, այդ թվում` ուսուցողական այցեր, ստանդարտ և նպատակային դասընթացներ, որոնց կմասնակցի մոտ 210 աշխատակից: Վերապատրաստման դասընթացները և փորձի փոխանակման նպատակով կազմակերպվելիք ուսուցողական այցերն ուղղված են լինելու հմտությունների զարգացմանը և գիտելիքների խորացմանը:

ԿԲ-ի  գործուղման ծախսերն իրականացվում են բանկում գործող կարգի և գործուղման նորմերի համաձայն: Ինչպես 2017թ., այնպես էլ 2018թ. բյուջեի այս հոդվածում նախատեսված միջոցների պլանավորման հաշվարկի հիմքում ընկած է հետևյալ տրամաբանությունը` վերապատրաստման դասընթացների միջին տևողությունը 5 օր է, որի դեպքում աշխատակիցը մեկնում է դասընթացը սկսելուց մեկ օր առաջ և վերադառնում դասընթացի ավարտին հաջորդող օրը` ստանալով համապատասխան օրերի կացության վճարը և ճանապարհածախսը:

Պլանավորված և այլ չնախատեսված գործուղումների կազմակերպման նպատակով ԿԲ-ի ծախսերի նախահաշվում արտաքին վերապատրաստումների համար 2018թ. պլանավորվել է 373 մլն 440 հազար դրամ: Իսկ Հայաստանի տարածքում ուսուցման և վերապատրաստման ծախսերի համար պլանավորվել է մոտ 60 մլն 935 հազար դրամ:

ԿԲ-ն զգալի միջոցներ է հատկացնում նաև ներկայացուցչական ծախսերին: Նախատեսվում են մի շարք միջազգային պատվիրակությունների ընդունելություններ, օտարերկրյա բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների այցեր` համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քննարկումների և բանակցությունների նպատակով: Այդ նպատակով նախատեսվում է ծախսել 54 մլն 218 հազար դրամ, նույնքան, որքան 2017թ.:

Ծառայողական փոխադրամիջոցների շահագործում, սպասարկում

2018թ. ԿԲ-ի 32 ավտոմեքենայի շահագործման համար նախատեսվել է 74 մլն 70 հազար դրամ:

Հաշվի առնելով 2016-2017թթ. առաջին կիսամյակում ավտոմեքենաների սպասարկման համար կատարված ծախսերը` 2018թ. ծառայողական փոխադրամիջոցների սպասարկման համար նախատեսվող գումարը մեկ ավտոմեքենայի համար ամսական 72,000 դրամ է, որի տարեկան գումարը կկազմի 27 մլն 648 հազար դրամ:

2018թ. բենզինի 1 լիտրի համար կանխատեսվել է 380 դրամ,  իսկ դիզելային վառելիքի 1 լիտրի գինը` 330 դրամ: Շահագործվող թվով 32 ավտոմեքենաներից բենզինով են աշխատում 25-ը: ԿԲ-ում նախատեսվում է սպառել մոտ 83,760լ բենզին, որի տարեկան ծախսը 2018թ. կկազմի 31 մլն 829 հազար դրամ:

Ինչ վերաբերում է դիզվառելիքին, ապա  տարեկան ԿԲ-ում ծախսվում է մոտ 2 9,640լ դիզելային վառելիք: Մեկ լիտրը 330 դրամով հաշվելու դեպքում տարեկան ծախսը կկազմի մոտ 9 մլն 781 հազար դրամ: Նավթամթերք, քսայուղեր ձեռք բերելու համար 2018թ. նախատեսվում է 2 մլն 812 հազար դրամ:

Տրանսպորտի համար նախատեսված գումարը 2017թ. համեմատ չի փոխվել:

Ծառայողական հեռախոսակապի ծառայություններ

Ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը 2017թ. նկատմամբ նախատեսվում է նվազեցնել 7.5% ով:

Կենտրոնական բանկի վարչական շենքում և ք. Դիլիջանում բանկին պատկանող տարածքներում առկա է 125 քաղաքային հեռախոսագիծ: Քաղաքային հեռախոսակապի համար նախատեսվում է 25 մլն 797 հազար դրամ: Հաշվի առնելով րոպեավարձի կիրառումը` օրական միջինը 1 հեռախոսի համար հաշվարկվել է 45 րոպե      :

2018թ. կենտրոնական բանկում գործելու է 3 կառավարական հեռախոսակապ, որոնց տարեկան սպասարկումը կազմելու է 1մլն 200 հազար դրամ:

Բանկում առկա են նաև թվով 39 բջջային հեռախոսներ: Հեռախոսներից մեկի ամսական ծախսը նախատեսվում է 30 հազար դրամ, 6-ինը՝ 20 հազար, 32-ինը՝ 12 հազար դրամ : Տարեկան ընդհանուր ծախսը կազմելու է 6 մլն 408 հազար դրամ:

Կապիտալ ներդրումներ և հիմնական միջոցների ձեռքբերում

Աշխատանքային շենքերի և շինությունների կառուցման, ձեռքբերման և կապիտալ վերանորոգման համար նախատեսված գումարները 2017թ. նկատմամբ նվազելու են 86 %ով՝ կազմելով 300 մլն դրամ:

ԿԲ-ում, որպես կանոն, ձեռք է բերվում բարձրորակ այսպես կոչված "Brand Name" կարգի DELL, Hewlett Packard, IBM, Cisco Systems, Juniper, Huawei ընկերությունների համակարգչային տեխնիկա՝ մրցութային հիմունքներով: Վերջիններս 25%-ով ավելի թանկ են ոչ "Brand Name" համակարգչային տեխնիկայից, սակայն՝ ավելի երկարակյաց: Ընդհանուր համակարգչային տեխնիկայի գծով ծախսերը ընթացիկ տարվա համեմատ գրեթե չեն փոխվել՝ 348 մլն 632 հազար դրամ:

Կենտրոնական բանկի ստորաբաժանումներում և պահուստային բանկում հինգ տարուց ավել շահագործվող Notebook տիպի համակարգիչները փոխարինելու նպատակով նախատեսվել է 2018թ. ձեռք բերել 36 Notebook տիպի համակարգիչներ: Այդ նպատակով նախատեսվել է հատկացնել 23 մլն 400 հազար դրամ:

Իսկ ցանցային սարքավորումների գծով կապիտալ ներդրումները պլանավորվել են 68 մլն 21 հազար դրամ: Մոտ 1 մլրդ 240 հազար դրամ է նախատեսվել  համակարգչային ծրագրերի համար:

Գրասենյակային գույք, կապիտալ ներդրումներ

ԿԲ-ի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ այլ հիմնական միջոցներ, մասնավորապես՝ կապի միջոցներ, պատճենահանող սարքեր, թուղթ ոչնչացնող սարքեր, տնտեսական գործիքներ և այլն: Դրանք ձեռք բերելու համար 2018թ. նախատեսված է մոտ 91 մլն դրամ: Այս հոդվածի գծով ծախսերը 2017թ նկատմամբ ավելացել են 44%-ով:

18.6%-ով նախատեսվում է նվազեցնել անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հիմնական միջոցները՝ 79 մլն 664 հազար դրամ:

23% -ով ավելանալու է իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում կատարվելիք ներդրումները: Մասնավորապես՝ 2018թ ԿԲ-ի կողմից նախատեսվում է իրականացնել 24 մլրդ դրամի կապիտալ ներդրում «Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ կապիտալում՝ պայմանավորված վերջիններիս զարգացման հնարավորությունների ավելացման անհրաժեշտությամբ:

Իսկ «Հայինկասացիա» ՓԲԸ կանոնադրական կապիտալում պլանավորվում է կատարել 300 մլն դրամի կապիտալ ներդրում, որն ուղղվելու է ՓԲԸ-ի տեխնիկական վերազինմանը:     

Կապիտալ ներդրումների և հիմնական միջոցների ձեռքբերման ծրագրով նախատեսվում է հատկացնել մոտ 26 մլրդ 790 հազար դրամ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ