Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Հին արխիվի գործ է, ո՞վ է դրան նայելու». ըստ մեղադրանքի՝ ասել է կաշառքի գործով դատավոր Աղվան Պետրոսյանը



Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի, մարզի դատախազ Սևակ Շհոյանի, փաստաբան Էդվարդ Չինարյանի և և այլ քաղաքացիների վերաբերյալ կաշառքի գործն այսօր մտավ դատաքննության փուլ:

Այս գործով նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Դավիթ Կարապետյանին բացարկի միջնորդություն էր ներկայացվել, որը  մերժվել է: Այսօր մեղադրողն ընթերցեց ամբաստանյալներից ոմանց վերաբերյալ մեղադրական եզրակացության եզարփակիչ մասը:

Ըստ եզրակացության՝ «Աղվան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Մասնավորապես՝ Աղվան Պետրոսյանը, հանդիսանալով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, այսինքն՝ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, որպես դատավոր իր վարույթում գտնվող քրեական գործով՝ ըստ մեղադրանքի Գոռ Կամոյի Գալստյանի, Մասիս Արարատի Կարապետյանի և Տարոն Կարենի Կարապետյանի՝ դատաքննության ընթացքում՝ 2015թ. սեպտեմբեր-2016թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում, Գոռ Գալստյանի ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից՝ նրանց որդու Գոռ Գալստյանի և դստեր ամուսնու՝  Մասիս Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ նույն անձանց օգտին գործողություն կատարելուն նպաստելու, ավելի կոնկրետ՝ Գալստյանին մեղմ պատժի դատապարտելու, իսկ Մասիս  Կարապետյանին քրեական պատասխանատվությունից ազատելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23000 ԱՄՆ դոլար կաշառք: Ըստ մեղադրանքի` կաշառքի միջնորդ են եղել գործով ամբաստանյալներ, դատավորի վարորդ Կարեն Մարտիկյանն ու վերջինիս մտերիմ, Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանը:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Աղվան Պետրոսյանը  2017թվականի փետրվարի 27-ին, ժամը 15.00-ից 17.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում՝ իր աշխատասենյակում, քաղաքացի Ռոբերտ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Էդվարդ Չինարյանի միջոցով վերջինիս ներկայացրած անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելուն՝ այն է՝ Ռուբերտ Գրիգորյանի կնոջ՝  Զարիկ Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի կապակցությամբ վճռի ապօրինի պարզաբանում տալուն նպաստելու համար, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի հետ խմբով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք։

Այսպես՝ ըստ մեղադրանքի՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով անցնող ամբաստանյալ Գոռ Գալստյանի ծնողները 2015 թվականի սեպտեմբեր ամսին դիմել են ամբաստանյալ Հայկ Կարապետյանին՝ հայտնելով, որ ցանկանում են գտնել ծանոթի, ով կարող է օգնել, որպեսզի  իրենց որդու գործով դատավորը որդու օգտին որոշում կայացնի՝ մեղմ պատիժ սահմանելով: Կարապետյանը, տեղյակ լինելով, որ գործը գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Գալստյանի ծնողներին խոստացել է օգնել այդ հարցում և շուտով հայտնել է, որ Աղվան Պետրոսյանը 20 հզ ԱՄՆ դոլարի դիմաց խոստացել է Գոռ Գաստյանին դատապարտել մեղմ պատժի, իսկ Գալստյաններին փեսային՝ Մասիս Կարապետյանին ազատել պատժից: Գալստյան ամուսիններն, ըստ մեղադրանքի անմիջապես համաձայնել են և խնդրել Հայկ Կարապետյանին նրա միջոցով գումարը փոխանցել դատավորին:

Հայկ Կարապետյանն, ըստ մեղադրանքի երկու անգամ 10 հզ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կաշառքը վերցրել և փոխանցել է Աղվան Պետրոսյանին:

Վերջինս էլ կատարել է խոստումը. քրեական օրենսգրքի 258-րդ( խուլիգանություն) և 118-րդ հոդվածներով (ծեծ) նախատեսված արարքները կատարելու մեզ մեղադրվող Գոռ Գալստյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել է, իսկ խուլիգանության հոդվածը վերաորակվել  ու դարձել «դիտավորությամբ առողջությանը ծանր  մարմնական վնասվածք հասցնել, ըստ որում, անհիմն կիրառել է քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը՝ այն է՝ Գալստյանի նկատմամբ նախատեսվածից ավելի մեղմ պատիժ է սահմանվել՝  վերջինիս դատապարտվելով մեկ տարի ժամկետով ազատազրկման:

Ինչ վերաբերում է խուլիգանության մեջ մեղադրվող Մասիս Կարապետյանին, դատարանը նրան վերագրվող արարքը ևս վերաորակել է ծեծի և Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել:

Դատարանի կողմից կայացված այս դատական ակտի դեմ մեղադրող կողմը բողոք է ներկայացրել, և Հայկ Կարապետյանը Գալստյանի ծնողներից ևս 3000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել՝ իբր առաջին ատյանի դատական ակտն ուժի մեջ թողնելու համար, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատավճիռն ու ուղարկել նոր քննության:

Դրանից հետո Գոռ Գալստյանի ծնողները սկսել են բողոքել,  ըստ գործի նյութերի՝ կաշառքի միջնորդ հանդիսացող Հայկ Կարապետյանի միջոցով դատավոր Պողոսյանից պահանջել, որպեսզի վերջինս տեր կանգնի իր խոստմանը կամ ետ վերադարձնի գումարը:

Ինչ վերաբերում է Աղվան Պետրոսյանին վերագրվող կաշառքի վերաբերյալ երկրորդ դրվագին, ապա, ըստ մեղադրանքի՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Ռոբերտ Գրիգորյանը դիմել է փաստաբան, այս գործով ամբաստանյալ Էդվարդ Չինարյանին՝ խնդրելով իրավաբանական օգնություն ցույց տալ նույն գյուղում գտնվող իրենց հողատարածքի հետ կապված խնդիրների հարցում: Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Գրիգորյանը ցանկացել է կնոջը՝ Զարիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքին կից «ինքնակամ զավթված հողատարածքի նկատմամբ»  սեփականության իրավունք ձեռք բերել:

Զարիկ Գրիգորյանին այժմ սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի հետ կապված 2006 թվականին Աղվան Պետրոսյանի կողմից դատական ակտ է կայացված եղել, որում, այսպես կոչված ինքնակամ զավթված հողատարածքի մասին առհասարակ որևէ խոսք չի եղել: Կադաստրի կոմիտեում Զարիկ Գրիգորյանի անվամբ նրան սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը գրանցվել է, այսինքն՝ ստացվում է, որ դատավոր Աղվան Պետրոսյանի վճիռը կատարվել է:

Երբ Ռոբերտ Գրիգորյանը դիմել է փաստաբան Չինարյանին`կնոջը սեփականության իրավունքով պատկանող հողատարածքին կից հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերլու հարցով, փաստաբանն  ասել է, որ  հարցի լուծման երկու տարբերակ կա. կամ պետք է դատարան դիմել՝ «ինքնակամ զավթված» հողատարածքի սեփականության ճանաչման հարցով  կամ դիմել դատարան՝ Աղվան Պետրոսյանի վճռի վերաբերյալ պարզաբանում ստանալու հարցով: Գրիգորյանը նախընտրել է երկրորդ տարբերակը, և Չինարյանը վճռի պարզաբանման վերաբերյալ գրություն է ուղարկել դատարան:

Փաստաբանը նշել է, որ դատական ակտում նշված սեփականության իրավունքով Զարիկ Գրիգորյանին պատկանող հողատարածքի չափը չի համապատասխանում հատակագծով սահմանված հողատարածքի մակերեսին, և հարցրել, թե արդյոք հատակագծում առկա կից հողատարածքը սեփականության իրավունքով պատկանո՞ւմ է Զարիկ Գրիգորյանին:

Դրանից  հետո Էդվարդ Չինարյանն ու Աղվան Պետրոսյանը հանդիպել են, վերջինս ասել է, որ այժմ քաղաքացիական գործերով չի զբաղվում և որ այս դիմումը պետք է ուղարկել Գեղարքունիքի մարզի Մարտունու նստավայր, ապա Չինարյանից հետաքրքրվել, թե վերջինիս վստահորդը հարցը լուծելու համար իրեն ի՞նչ է տալու: Չինարյանն, ըստ մեղադրանքի հասկացել է, որ խոսքը գումարի մասին է, պատասխանել է, որ տեղյակ չէ, առաջարկել է դատարանում գտնվող իր վստահորդներից ճշտել և ասել:

Քիչ անց դատարան է եկել դատավոր Վանիկ Վարդանյանը, և դատավոր Պետրոսյանը նրան ծանոթացրել է Չինարյանի հետ, ասել, որ նա իր վաղեմի ընկերն է, ապա ուսումնասիրելու նպատակով Պետրոսյանը Վարդանյանին է տվել Գրիգորյանի գործի նյութերը:

Վանիկ Վարդանյանն այդ նյութերն ուսումնասիրելով՝ ասել է, որ վճռի պարզաբանման հիմքերն ու իրավական հնարավորությունները բացակայում են, քանի որ վճիռը կատարվել է:

Դրանից հետո, ըստ մեղադրանքի Չինարյանը խոսել է իր վստահորդ Ռոբերտ Գրիգորյանի հետ, և վերջինս 120  հզ ռուբլի գումար է տվել, որը Չինարյանը փոխանցել է դատավոր Աղվան Պետրոսյանին: Վերջինս 15 000  ռուբլի գումարը վերադարձրել է Չինարյանին, իսկ մնացած գումարը կիսել Վանիկ Վարդանյանի հետ՝ Գրիգորյանի ցանկացած գործարքը կատարելու համար:

Վարդանյանը, սակայն, շուտով հայտնել է, որ ինքը չի կարողանում վճռի պարզաբանում գրել, քանի որ ինչպես արդեն նշել է, փաստաթղթերից երևում է, որ վճիռը կատարված է, դրա վերաբերյալ առկա են համապաստախան փաստաթղթեր, սակայն Պետրոսյանը դժգոհել է, թե վճռի պարզաբանման վերաբերյալ դատական ակտ կայացնի:

 «Հին արխիվի գործ է, ո՞վ է դրան նայելու»,- ըստ մեղադրանքի՝ ասել է Աղվան Պետրոսյանը:

Ըստ գործի նյութերի՝ ի վերջո որոշվել է այս պատմության մեջ ներքաշել նաև Կադաստրի կոմիտեին և գործի նյութերից հանել  Կադաստրի կոմիտեի տեղեկանքն այն մասին, որ դատարանի վճիռը կատարված է: Ապա գործում հայտնվել է տեղեկանք այն մասին, որ Զարիկ Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցման դիմումի վարույթը մերժվել է: Նշենք, որ այս դրվագով ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաև Կադաստրի կոմտեի ղեկավարն ու աշխատակիցը:

Վերը շարադրվածը հաշվի առնելով՝ Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին և մարզի դատավոր Վանիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ  կետերով, այն է՝ համապատասխանաբար առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը, և դատավորի կողմից կաշառք ստանալը:

Դատախազ Սևակ Շհոյանը ևս անցնում է Գոռ Գալստյանի վերաբերյալ գործով: Մասնավորապեսէ ըստ մեղադրանքի` Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը Գալստյանի ծնողներից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, և Գոռ Գալստյանը կալանավորվել է:

Դատարանն այսօր չավարտեց բոլոր ամբաստանյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությունների հրապարակումը:

Իր վերաբերյալ մեղադրական եզարակացության եզրափակիչ մասը լսելուց հետո Աղվան Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն հասկանալի չէ մեղադրանքի իրավական որակումը, որ պարզաբանման կարիք ունի, որ չի կարող ընկալել, թե ինչ է նշանակում խմբի կողմից կաշառք վերցնելը: Սա որակում է, որ առկա է Պետրոսյանի և Վանիկ Վարդանյանի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ:

Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Վանիկ Վարդանյանը ևս իրեն մեղավոր չճանաչեց և բարձրացրեց իր մեղադրանքում առկա  «խմբի կազմում կաշառք  վերցնել» ձևակերպմանը:

«Այսինքն՝ գումարի մի ծայրից ե՞ս եմ բռնել»,- հեգնեց Վարդանյանը:

Ամբաստանյալ Սևակ Շհոյանը հայտարարեց, որ իր վերաբերյալ մեղադրանքը հիմնված է ենթադրությունների, բամբասանքների, հակակրանքի վրա և որ ինքը բացարձակ անմեղ է:

Ընթերցվեց նաև կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալների՝ Կարեն Մարտիկյանի և Հայկ Կարապետյանի  վերաբերյալ մեղադրական եզրակացության եզրափակիչ հատվածները, և վերջիններս իրենց մեղավոր չճանաչեցին:

Այսօր դատարանը  մասնակի բավարարեց Վանիկ Վարդանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի միջնորդությունը և վերացրեց Վարդանյանի կենսաթոշակի ու աշխատավարձի գումարների վրա դրված կալանքը, իսկ անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասով միջնորդության լուծումը հետաձգվեց մինչև գործով  էական հանգամանքների պարզելը:

Դատավոր Արսեն Նիկողոսյանը հետաձգեց նաև պաշտպան Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը`իր պաշտպանյալի ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտումը ճանաչելու մասին:

Հակոբյանի միջնորդության համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ Գեղարքունիքի մարզի դատավորներն այս գործով ինքնբացարկ էին հայտնել, բայց միևնույն ժամանակ որոշում կայացրել ամբաստանյալների խափանման միջոցի վերաբերյալ և  նրանց նկատմամբ ընտրված կալանավորումը թողել անփոփոխ:

Ըստ Հակոբյանի՝ այն պահից, երբ դատավորներն ինքնաբացարկ են հայտնել այլևս իրավասու չեն եղել այս գործով անցնող ամբաստանյալների վերաբերյալ որոշում կայացնելու, և արդյունքում  25 օր  իր պաշտպանյալն, ինչպես նաև այս գործով կալանավորված այլ անձինք ապօրինի են պահվել կալանքի տակ:

Այսօրվա դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նոյեմբերի  24-ին է:

Լուսանկարում մեղադրող դատախազ Դավիթ Կարապետյանն է 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ