HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԵԽԽՎ-ում կներկայացվի զեկույց՝ համացանցում և էլեկտրոնային մեդիայում պատասխանատվության հարցերը կանոնակարգող

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեդիա հարցերով հանձնաժողովի կողմից առաջիկայում ներկայացվելու է զեկույց, որն առաջարկելու է ԵԽԽՎ անդամ պետություններին կարգավորել համացանցում և էլեկտրոնային մեդիայում պատասխանատվության հարցերը։ Նախաձեռնության հեղինակն է Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ Լորդերի պալատի ներկայացուցիչը։ Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախագահ, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

«Այս պահին դեռևս չի կարող հստակ լինել, թե ինչպիսի սահմաններ կունենա այդ զեկույցը, որովհետև այն դեռևս նախաձեռնություն է, որն ուղարկվել է մեդիա հարցերի հանձնաժողով՝ առանձին զեկույց պատրաստելու համար։ Սակայն նախաձեռնությունն ինքնին կանխորոշում է բովանդակությունը, իսկ դա նշանակում է,  որ այն վերաբերելու է համացանցում, սոցիալական ցանցերում  կատարված գառումներին, արտահայտած տեսակետներին, որոնք կլինեն վիրավորական կամ զրպարտչական բնույթի, դրանց համար նախատեսվող պատասխանատվությանը»,-ասաց Հովհաննիսյանը։

ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախագահի վստահեցմամբ՝ ըստ նախաձեռնության հեղինակի որոշակի անհրաժեշտություն կա կանոնակարգումներ սահմանել համացանցում, քանի որ այն բացարձակապես անսահմանափակ ու անկառավարելի է, և ինչ-որ առումով հարթակ է պոպուլիզմի համար։

«Երբ կարող ես ասել ամեն ինչ՝ առանց մտածելու հետևանքների կամ պատասխանատվության մասին։ Եթե արդյունքում զեկույցը պատրաստվի, խորհրդարանական վեհաժողովն անդամ պետություններին առաջարկելու է, որ իրենց ներքին օրենսդրությունը կարգավորեն, նախապատրաստեն այդ հարցի վերաբերյալ։  Դրա արդյունքում պիտի ունենանք օրենքներ, որոնք այդ ոլորտը որոշակի կանոկարգումների կենթարկեն»,-ասաց նա։

Հետաքրքրվեցինք՝ զեկույցը կարո՞ղ է պատասխանատվություն սահմանել նաև ֆեյսբուքյան գրառումների դեպքում, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց՝ դեռևս միայն այն է հստակ, որ զեկույցը վերաբերելու է էլեկտրոնային լրատվամիջոցներին և համացանցին։

«Թե ինչպիսի սահմաններ կլինեն, արդյոք այն կվերաբերվի ֆեյսբուքյան յուրաքանչյուր գրառում կատարած քաղաքացու, թե ոչ,  արդեն պարզ կլինի զեկույցի բովանդակությունից, որովհետև մի բան է առաջարկ ներկայացնելը, մեկ այլ բան՝ կիրառման մեխանիզմները։ Ես այն կարծիքին չեմ, որ այս ոլորտում կարելի է  ամբողջական կարգավորման հասնել՝ համացանցի անվերահսկելիության պատճառով։ Շատ հաճախ ինչ-որ կոնկրետ երևույթ բացահայտելու համար անհամաչափ ռեսուրսներ կարող են ծախսվել»,-եզրափակեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հարկ եղած դեպքում ինքն էլ առաջարկություններով հանդես կգա, երբ զեկույց արդեն ներկայացվի։

 

լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter