HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանի փեսայի և մաքսատների մյուս վարչության պետերի անհավանական ունեցվածքը

Պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի մասին մամուլը բազմիցս գրել է: Այդ համակարգի նկատմամբ անվստահության, կոռուպցիոն բարձր ռիսկերի մասին ահազանգերը նույնպես նորություն չեն: Այս տարի առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրեր են ներկայացրել պետական եկամուտների կոմիտեի մաքսատների վարչության պետերը: 5 վարչության պետերից 4-ի ունեցած գույքը կամ հաշվին առկա դրամական միջոցները մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուր անգամ գերազանցում են տարեկան եկամուտները:

Մաքսատների վարչության պետերից ոչ ոք պաշտոնը ստանձնելու հայտարարագրում չի նշել բաժնեմաս, սակայն նրանց հաշվին առկա գումարներն անհամեմատ մեծ են պետական պաշտոնյայի աշխատավարձի չափից: Ստացվում է, որ քիչ եկամտով շատ դրամական միջոցներ են կուտակել:

Ոմանք էլ, օգտվելով օրենսդրության սողանցքներից և վերահսկողության թերի մեխանիզմներից, առաջին հայտարարագրում նշում են շատ գումար, որպեսզի հետագա հայտարարագրերում «լեգիտիմացնեն» ունեցվածքը:

Վլադիմիր Թամրազյանը Արևմտյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնում նշանակվել է այս տարվա հունիսին: Մինչ այդ զբաղեցրել է «Զվարթնոց» մաքսատան պետի պաշտոնը: Վլադիմիր Թամրազյանը 2007 թվականից զբաղեցնում է պետական պաշտոններ: Մինչ այդ ընդամենը 8 ամիս աշխատել է մասնավոր հատվածում՝ զբաղեցնելով Երևանի «Արարատ կոնյակի գինու-օղու» կոմբինատի փոխտնօրենի պաշտոնը:

Մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչում ունեցող Վ. Թամրազյանը կրթությամբ իրավաբան է:

Նշենք, որ Վլադիմիր Թամրազյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան է:

Հունիսից Արևելյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնը զբաղեցնում է Կարեն Ջանոյանը, ով մինչ այդ պետի պաշտոն էր զբաղեցնում Գուգարքի մաքսատանը: Ջանոյանը 1990-2007թթ. պաշտոններ է զբաղեցրել հարկային և մաքսային ոլորտներում:

Կարեն Ջանոյանը մասնավոր հատվածում աշխատել է 2008-2016թթ.՝ զբաղեցնելով «Երբուժտեխսպասարկում» ՍՊԸ-ում փոխտնօրենի, «Էկոպրոտեկտ» ՍՊԸ-ում կազմակերպության տնօրենի և «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի գլխավոր տնօրենի պաշտոնները, որից հետո դարձյալ հայտնվել է Պետեկամուտների կոմիտեում:

Արդեն 14 տարի պետական պաշտոն է զբաղեցնում հարկային և մաքսային ոլորտում Սուրեն Ղազարյանը: Հունիս ամսից նշանակվել է  Հյուսիսային մաքսատուն-վարչության պետի պաշտոնում:

Հարկային և մաքսային համակարգում անընդմեջ շուրջ 19 տարվա աշխատանքային ստաժ ունի Արմեն Սարգսյանը: Նա այս տարվա հունիսից զբաղեցնում է Արարատյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնը:

Մաքսատների վարչության պետերից ամենահամեստ եկամուտը հայտարարագրել է Հարավային մաքսատուն-վարչության պետ Աշոտ Մինասյանը: Նա հայտարարագրել է 4 մլն 130 հազար դրամ եկամուտ, որն աշխատավարձն է: Իր հաշվին ո´չ դրամական միջոց ունի, ո´չ թանկարժեք գույք, ո´չ ավտոմեքենա ու բնակարան: Որպես անշարժ գույք նշել է միայն ունեցած մեկ միավոր հողամասը:

 

Մեկնաբանություններ (3)

Լուսիկ
Մոտենում է հերթական Համահայքական հիմնադրամի հեռուստամարաթոն-դրամահավաքի օրը: Դրան ընդառաջ Հայաստանում արժե կազմակերպել նմանատիպ միջոցառում, որպեսզի մեր մեծահարուստ պաշտոնյաները, որոնց մասին տեղյակ են նաև Սփյուռքում, կատարեն նվիրատվություն: Հակառակ դեպքում ավելանալու է սփյուռքահայության իրավացի դժգոհությունը, որ Հայաստանի մեծահարուստները մտածում են միայն սեփական շահի մասին, իսկ իրենք, զրկանքներ կրելով, օգնում են Հայաստանին:
աղքատ սիմոն
Պարզ է՝ պռճոկում են առեւտրականներից, սրանք էլ ժողովրդից: Կարելի է ենթադրել, թե վերեւներն ինչքան են տվել, ինչքան էլ դուբայներում ու անտալյաներում ծախսել: Շնորքհով տղեք են, մնում է նախանձել, ուրիշ ինչ ասենք?
Գագիկ Խաչատրյան
Այս տղաները մեր այցելությունների կարճ ցուցակում են, խոստումնալից հանդիպում է սպասվում իրենց հետ, որպեսզի հնարավորություն տանք իրենց մասնակցելու ազգ-բանակ ծրագրին: Անկասկած, իրենց գործին նվիրված տղաներ են, գրագետ, ոչինչ չեն խնայի՝ իրենց մասնակցությունը բերելու համար: Նախկին մուծումները հաշիվ չեն, քանի որ վճարումը հիմնավորող փաստաթղթեր, բնականաբար, չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter