HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ 4 խմբակցության պատգամավորներ մասնակցել են բնապահպանության նախարարության կազմակերպած ծառատունկին

Նոյեմբերի 18-ին բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվել են  աշնանային ծառատունկի աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

ԱԺ չորս` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցությունների պատգամավորները բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ ծառատունկ են իրականացրել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Ծառատունկին մասնակցել են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը/ԲՀԿ/,  Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը /ՀՀԿ/, ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Շիրակ Թորոսյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը,  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, նույն խմբակցության պատգամավոր  Սուրեն Մանուկյանը, ՀՀ ԲՆ աշխատակազմի, «Դիլիջան» ազգային պարկի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԿԱ Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները: Ծառատունկին մեծ ակտիվություն են ցուցաբերել Դիլիջան, Հղարծին, Թեղուտ համայնքների դպրոցների, «Այբ» կրթահամալիրի աշակերտները: Վերջիններս պարգևատրվել են շնորհակալագրերով, որոնք հանձնել են ՀՀ բնապահպանության նախարարը և ԱԺ պատգամավորները: Պատգամավորները իրենց շնորհավորական խոսքերում դպրոցականներին կոչ են արել պահպանել իրենց շրջապատող հարուստ բնաշխարհը և խնամել նոր տնկիները:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը դպրոցականներին ուղղված իր խոսքում կարևորել է ծառատունկը ոչ միայն կենսաբազմազանության պահպանման և վերարտադրման տեսանկյունից, այլև  առաջին հերթին հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորման անհրաժետությամբ և դպոցականներին կոչ արել իրենց շրջապատի ավագ տարիքի ներկայացուցիչներին հորդորել զերծ մնալ ապօրինի ծառահատումներից:

Ծառատունկի մասնակիցները «Դիլիջան» ազգային պարկի 2,5 հեկտար տարածքում տնկել են մոտ 5600 փշատերև և այլ ծառատեսակների տնկիներ:

Բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում նոյեմբերի 18-ին ծառապատվել է ևս մոտ 3.5 հեկտար տարածք և տնկվել 3700 տարբեր տեսակների, այդ թվում նաև ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ:

Ծառատունկի ավարտից հետո նախարար Արծվիկ Մինասյանը  ԱԺ պատգամավորներին և ծառատունկի մասնակիցներին ծանոթացրել է  ազգային պարկի գրասենյակում տեղակայված տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին: Կենտրոնից ուղիղ կապով հետևում են ազգային պարկի «Դիլիջան» և «Հաղարծին» տեղամասերում վերջերս տեղադրված տեսախցիկներին, որոնք ապօրինի ծառահատումների կանխարգելման  նպատակին են ծառայում: Տեղեկացվել է, որ «Շամախյան» տեղամասում նույնպես նախատեսված է տեղադրել տեսախցիկներ, և այդ գործընթացն հետաձգվում է այնտեղ արձանագրված պահակակետի այրման դեպքի հետ կապված քննչական գործողությունների պատճառով, որոնց ավարտից հետո միայն հնարավոր կլինի այդ տեղամասում տեղադրել տեսախցիկներ: Ա. Մինասյանը հայտնել է, որ ազգային պարկում նախատեսված է տեղադրել նաև ձայնային սենսորներ, որոնք կարձագանքեն բենզասղոցների և մեքենաների ձայներին: Տեսախցիկների և սենսորների աշխատանքներին հետևելու հնարավորություն կունենան նաև տեսչական մարմնի աշխատակիցները, ինչպես նաև յուրաքանչյուր ցանկացող: Այդ միջոցառումներն ուղղված են ապօրինի ծառահատումների դեմ և նախատեսված է այն կիրառել նաև բնության հատուկ պահպանվող մյուս բոլոր  տարածքներում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter