HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սիփանիկի միակ լուսավոր կետը

Սիփանիկն Արարատի մարզի փոքր համայնքներից է: Մոտ 720 բնակիչ ունեցող համայնքում մի շարք չլուծված հարցերի ֆոնին գյուղացիները նշում են, որ համայնքի միակ լուսավոր կետը դպրոցն է: Եվ իրոք, հարևան խոշոր գյուղերի միջև թաքնված Սիփանիկում դպրոցի շենքը միանգամից աչքի է ընկնում: Կրթարանը գտնվում է գյուղ մտնող խարխլված ճանապարհի սկզբին: Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես դպրոցում այլ աշխարհ է, իսկ գյուղում՝ էապես տարբերվող լրիվ այլ աշխարհ:

Սիփանիկի հիմնական դպրոցի շինարարությունը պետբյուջեի ֆինանսավորմամբ սկսվել էր 2009 թվականին և ավարտվել 2013-ին՝ սեպտեմբերին՝ իր դռները բացելով աշակերտների առաջ: Մինչ այդ՝ 1994 թվականից սկսած, համայնքի երեխաները հաճախել են մի քանի տնակներից բաղկացած դպրոցը: Դպրոցի տնօրեն Մայիս Սահակյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ աշակերտների թիվը գնալով ավելանում է։

«Դպրոցի բացմանը մենք ունեցել ենք 43 աշակերտ, իսկ այսօր արդեն ունենք 67 աշակերտ: Անցած տարի դպրոցն ավարտեց 6 աշակերտ, սակայն առաջին դասարան ընդունեցինք արդեն 15 երեխա: Դպրոցը կարող է իր հարկի տակ ընդունել մինչև 150 աշակերտ, նախագծային հզորությունն այդքան է»,- ասում է  Սահակյանը: 9-ամյա կրթությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել ցանկացողները տեղափոխվում են հարևան համայնքների ավագ դպրոցներ կամ քոլեջներ:

Դպրոցի տնօրեն Մայիս Սահակյանը

Տնօրենը վստահեցրեց, որ դպրոցի բոլոր ուսուցիչներն ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ընդգծելով, որ կան նաև երեք երևանցի ուսուցիչներ, ովքեր ամեն առավոտ մայրաքաղաքից գալիս են Սիփանիկ: Ուսուցիչներ կան նաև հարակից գյուղերից: Թափուր աշխատատեղեր չկան:

Դպրոցում խմբակներ չկան: Մայիս Սահակյանը նշեց, որ լավ կլիներ, եթե խմբակներ էլ գործեին, սակայն այս պահին համապատասխան միջոցներ չկան՝ պայմանավորված թե՛ բյուջեի սղությամբ, թե՛ գյուղի բնակիչների սոցիալական վիճակով:

Դպրոցը միասնական ջեռուցման համակարգ ունի: Դասարաններում և միջանցքում ջերմաստիճանը համապատասխանում էր սահմանված չափին: Տնօրենը կատակելով ասում է, որ ամենացուրտ սենյակը իր կաբինետն է:

Սիփանիկի հիմնական դպրոցի տարեկան բյուջեն կազմում է 32 միլիոն դրամ: Տնօրենի խոսքով՝ այդ գումարից 28 միլիոնը կազմում եմ դպրոցի աշխատակիցների աշխատավարձերը:

«Դեռևս խնդիրներ չենք ունեցել, բյուջեն բավականացրել է մեզ: Ամեն ինչ մենք մեզանով ենք անում: Ճիշտ է, գյուղացիները լավ չեն ապրում, բայց միշտ ասել են, որ պատրաստ են օգնեն, բայց ես դա անթույլատրելի եմ համարում: Դպրոցի խնդիրը, մնում է միայն դպրոցում»,- նշում է 50-ամյա Մայիս Սահակյանը, ով իր պատմելով՝ կյանքի կեսը մանկավարժական գործունեությամբ է զբաղվել:

Սիփանիկի դպրոցում նաև կարճօրյա (09:00-12:00) նախակրթարան է գործում, որը բացվել է այս տարվա հոկտեմբերի 1-ին: Նախակրթարան հաճախում է 16 երեխա, սակայն ի զորու է ընդունել ևս 4-ին: Գալիք տարվանից նախատեսվում է նախակրթարանը դարձնել երկարօրյա (09:00-16:00): Այս պահին այն գործում է համայնքային բյուջեի միջոցներով, սակայն 2018-ին արդեն կֆինանսավորվի մարզպետարանի կողմից: Նախակրթարանը հիմնվել է «Կրթության ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում՝ «Համաշխարհային բանկի» աջակցությամբ:

Գյուղացիները պատմում են, որ թեթևություն են զգում՝ գիտակցելով, որ իրենց երեխաները սովորում են բոլոր պայմաններով ապահովված դպրոցում, մի բան, որից զրկված են եղել իրենք՝ ծնողները: Նրանք նշում են, որ երեխաները մեծ հաճույքով և ոգևորությամբ են հաճախում դասերին, իսկ նախկին տնակային դպրոցի օրոք աշակերտները դժկամությամբ էին գնում՝ աչքի առաջ ունենալով նախկին դպրոցի ճաքած պատերը և խարխուլ աթոռներն ու սեղանները:


Առաջին դասարանցիները՝ ռուսաց լեզվի դասին


Երեխաները ֆիզկուլտուրայի դասին՝ սպորտդահլիճում

Աշակերտների պատրաստած պատի թերթերը

Սիփանիկ համայնքի բնակիչներին հուզող խնդիրներին և  լուծում պահանջող հրատապ հարցերին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter