HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ապօրինի անտառահատումների համար պատիժը կխստացվի

Գյուղատնտեսության նախարարությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որի նպատակը ապօրինի անտառահատման համար սահմանված վարչական տույժի խստացումն է։

Ինչպես հայտնի է, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որը տնօրինում է Հայաստանի անտառային տարածքների ավելի քան 54 հազար հեկտարը, գործում է Գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ։ Նախարարությունը, հաշվի առնելով վերջին մեկ տարվա բացահայտումները, անտառի պահպանության խնդիրները, առաջարկում է փոփոխություն կատարել «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները մասին» օրենքում` կրկնապատկելով տուժանքների գումարային չափը։

Պարզվում է, որ անտառից դուրս գտնվող տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերված ապօրինի մթերված փայտանյութի, դրանից արտադրված արտադրատեսակների վնասի հատուցման եւ անտառում հայտնաբերված ապօրինի հատումների հետեւանքով պատճառված վնասի հատուցման սակագների միջեւ տարբերություն կա։

Օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «ապօրինի մթերված փայտանյութը եւ դրանցից արտադրված արտադրատեսակներն անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ՀՀ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքեւի պահեստից բացթողնման եւ փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով»:

Գյուղատնտեսության նախարարության առաջարկած փոփոխությունների ընդունումից հետո՝ վնասի հատուցման չափը կլինի արդեն հնգապատիկի չափով։

Նախարարությունում ընդունում են, որ վերջին տարիներին զգալիորեն աճել է բնափայտի, այդ թվում վառելափայտի պահանջարկը, որը հիմնականում պայմանավորված է բնակչության սոցիալական ծանր վիճակով:

«Առեւտրի նպատակներով իրականացվող ապօրինի հատումների ընթացքում շինափայտ ստանալու համար մթերվում են տնտեսապես առավել արժեքավոր ծառատեսակներ` վտանգելով անտառների որակական հատկանիշները:

Անտառօգտագործումը ներկայումս համաձայն տարբեր փորձագիտական գնահատականների գերազանցում է նախատեսված չափաքանակները` բացասաբար անդրադառնալով անտառների արտադրողականության վրա»,- նշված է նախարարության պատրաստած նախագծում:

Գերատեսչությունում հույս ունեն, որ ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման եւ բացասական այլ գործողությունները սրանով կկանխվեն կամ գոնե կնվազեցվեն։

Չնայած կառավարական մարմինների այս ջանքերին, ապօրինի անտառահատումների դեպքերը շարունակվում են։ Նաեւ այդ է պատճառը, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը անտառների պահպանության սկզբունքներին անհամապատասխան վարքագիծ դրսեւորելու պատճառով ազատել է իր մի շարք աշխատակիցների։ Ըստ կազմակերպության ներկայացրած տվյալների՝ նախորդ 2-3 ամիսների ընթացքում աշխատանքից ազատվել են 3 անտառտնտեսությունների տնօրեններ, պահպանության գծով տնօրենի 1 տեղակալ, 1 ավագ անտառապետ, 3 անտառպահպանության ինժեներ, 8 անտառապետ, 33 անտառապահ։

«Հայանտառի» խնդիրներին զուգահեռ, շարունակվում են նաեւ Դիլիջան ազգային պարկի խնդիրները, որը գործում է Բնապահպանության նախարարության ենթակայությամբ։

Մեր տեղեկություններով՝ պարկում հսկողություն իրականացնող «Պանտերա» մասնավոր ընկերությունում որոշել են փոխել պահնորդների ներկայիս կազմը։ Բանն այն է, որ ազգային պարկում պահնորդություն անող անձինք նույն՝ Տավուշի մարզի բնակիչներ են, եւ անտառի բիզնեսով զբաղվողները փորձում են որոշակի ճնշումներ գործադրել նրանց վրա։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել ազգային պարկի պահպանության գործում ընդգրկել այլ մարզերի բնակիչների։

Դիլիջան ազգային պարկում հսկողության խստացումը որոշակի դրական արդյունքի բերել է, սակայն, «Հետք»-ի տեղեկություններով, Հաղարծին եւ Թեղուտ գյուղերում գիշերային ժամերին փայտով բեռնված բեռնատարներ դեռ նկատվում են։

Այլ բան է, որ ծավալները համեմատելու չեն նախկինի հետ։ Վերջին բախումներից հետո, երբ իշխանությունները կոշտ դիմադրություն են ցույց տվել փայտի բիզնեսով զբաղվողներին, նրանց մի մասը Հայաստանից մեկնել է Ռուսաստան՝ մինչեւ լարված շրջանը կանցնի։

 

Մեկնաբանություններ (2)

anka[ hajastan
Ինքը հրաշալի է տիրապետում ապօրինություններին և գիտի յուրաքանչյուր տեղանքում ինչ է կատարվում իր կարգադրությամբ: այս անգամ չի հասցրել ցեխապատել մի գիշերվա մեջ, քանզի ստուգող խումբը անակնկալ է մատուցել : Նման տնօրեն նշանակողը իր լուման ունի այդ ապօրինություններին, բազմիցս գրվել է թե դրա հետևում ով էկանգնած, որ չի ազդում ոչ մի հրաման նման հանցագործի վարքագծին:իր սիրելի մարզպետը մինչև երբ է կանգնելու նմանի թիկունքում , թե այդ բիզնեսի մեջ նաև նրա դերակատարությունը կա: շատ հստակ երևում է: Տեսնենք հայանտառի կողմից նման ստահակը պատիժ կստանա թե ոչ: Ի դեպ ամեն օր հենց դրանց կողից հատված և բարձված մեքենաներ են բռնվում իրավապահների կողմից, սակայն դա էլ չի ազդում նման շարունակական ստոր գործելաոճով աշխատելը այդ բանդայի կողմից:
anka[ hajastan
ՄԻևՆՈՒՅՆՆ Է ԱՅՍՔԱՆ ԱՍԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ԱԶԴՈՒՄ ԼԱԼՎԱՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ; հանձինս տնօրեն հարություն ամիրջանյանինԱՆՏԱՌԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՐՍՏԱՑԱԾ և ԲԻԶՆԵՍ ՈՒ ԱՅԼ ԿԱՊԻՏԱԼՆԵՐ ՀԵՏ ՔՑԱԾ ՆԱև ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԻՆՉՔԱՆ ԱՍԵՍ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ, նա չի հասկանում հո զոռեով չի: 3 օր առաջ նույն հայանտառից խումբ է եկել և արձանագրել բազմաթիվ ապօրինի հատված ծառեր շնողի տեղամասում, թարմ կտրած և մեծ ծառեր, այդ անկիրթ ղեկավարը նոյեմբերյանի անտառապահին է մեղադրել, որ նա է իբր ցույց տվել այդ կտրված խայտառակ վիճակը: Սակայն ոչ, հենց հայանտառի աշխատակիցներն են տեսել և արձանագրել, տեսնենք հիմա ինչ պատիժ կսահմանեն արդյոք, թե ոչ: այդ մասնաճյուղի բարդակությունը ոչ չափ ունի ոչ սահման, դրանց չի հուզում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյանի խիստ հորդորները: Այսինքն հենց ղեկավարը շատ հստակ կարգադրում է հատել հատել մ ինչև վերջ: Ինքը հրաշալի է տիրապետում ապօրինություններին և գիտի յուրաքանչյուր տեղանքում ինչ է կատարվում իր կարգադրությամբ: այս անգամ չի հասցրել ցեխապատել մի գիշերվա մեջ, քանզի ստուգող խումբը անակնկալ է մատուցել :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter