HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղահրապարակում

Քաղաքում մի պահ կար, երբ եթե անգամ հրապարակը լռում էր, շենքերի պատերը, քամին, ծառերը, բոլորն ասում էին. «Ղա-րա-բա-ղը մերն է» :

Գիշերվա ամենաուշ ժամին մայթին հայտնված մոմլաթե տոպրակն ընկնում էր քամու բերան ու նորից թվում էր, թե դրա քստքստոցի մեջ լսվում է «Ղա-րա-բա-ղը մերն է» -ն: Հենց այդ օրերին, իսկ ավելի ճշգրիտ՝ փետրվարի քսանութից անմիջապես հետո, Սեդրակը շատ զգույշ, բանալիով փակեց Բաքվի իր նոր ստացած բնակարանի դուռն ու աննկատ, հնարավորին չափ սովորոկան բան անելու տեսք ընդունած, անձայն դուրս եկավ իր տան բակից՝ քաղաքից հանելով ընտանիքը: Նա առաջիններից էր, որ հստակ զգաց վտանգը, չսպասեց, չհուսաց, որոշեց միանգամից՝ բնազդի հրահանգով:

Երևան եկան աղմկալի մի օր, երբ քաղաքի գլխավոր դարձած հրապարակը, շենքերը, փողոցները, քամին, ծառերը վանկարկում էին «Ղա-րա-բա-ղը մերն է» :

Շատ դուր եկավ Սեդրակին տեսարանը, մթնոլորտը, միասնությունը: Դուր գալը հասկանալի էր, ինքը Ղարաբաղում էր ծնվել, հետո հորեղբայրը տարել էր քաղաք կրթության ու գործի դնելու: «Ուրեմն, Ղարաբաղը մերն է» ,- հրճվում էր Սեդրակը, լցվում էր հոգին: Դե, Ղարաբաղը միշտ էլ իրենն էր, բայց, որ անծանոթ մարդիկ այսքան ոգևորված ասում են, որ իր Ղարաբաղը նաև իրենցն է՝ մի տեսակ հոգին լցվում էր ու նաև ամեն կանչով ավելի էր հանդարտվում նոր բնակարանը թողնելու ու քաղաքից փախչելու որոշման ճիշտ լինելու կասկածը, որ խարդախ հիվանդության նման ամեն առավոտ արթնանում էր ամբողջ կյանքում սեփական բնակարանի մասին երազող մարդու հերոսական բաներ վանկարկող շարքային հոգում, բայց մինչև քաղաք իջնելը կասկածի հետքը մարում էր: Կյանքը հերոսության էր դրդում:

Աղջկան հետը բերում էր հրապարակ, թեև փոքր էր երեխան ու հոգնում էր: Բայց Սեդրակին հարազատ վկա էր պետք, որ տեսներ, թե ոնց է իր մանկության երկրի, հայրենիք-մայրենիքի համար ամբողջ Երևանը գոռում: Փառավորվում էր հոգին: Բարձր հասակն ավելի էր բարձրանում, ու թիկնեղ մեջքին չորսամյա աղջկան դնելով՝ չէր էլ նկատում, ոնց են երեխայի կոշիկների տակերը քսվում դեմքին, մաքուր վերնաշապիկին: Հո չէին գոռում:

Բայց գարնան կողմ կրքերը հանդարտվեցին մի պահ, ու որպես տան ու ունեցվածքի տեր, ինքը պիտի որոշում կայացներ: Գարնան կողմ «Ղարաբաղը մերն է» -ի փոխարեն  Սեդրակը ավելի հաճախ բարեկամների ու ընկերների շրջանում  մի ուրիշ հարց սկսեց տալ. «բա սկի հոքյումաթ չկա՞» : «Հոքյումաթը»  պետությունն էր: Պետություն էր արդեն ուզում Սեդրակը, ուզում էր տարիների գիշերային աշխատանքի արդյունք իր նոր բնակարանը: Երբ ուրիշները գործից տուն էին գնում, ինքը գնում էր երկրորդ աշխատանքի, ու միշտ քունը տանում էր, բայց արդեն խնայդրամարկղում գումար ուներ ու դեղին «Ժիգուլի»:

Ու հիմա կամաց-կամաց պետություն էր ուզում Սեդրակը, որ պաշտպանի իր վաստակածը, տունը, իրավունքը: Կարոտում էր, երբ ամեն օր ավելի պարզ էր հասկանում, որ կորցնելու է: Երբ ունեցածը հիշելով հասավ իր նոր բնակարանի տան դռան դիմացի օլիմպիական արջուկի նկարով պալավիկին՝ Սեդրակը մի անգամ էլ ինքն իրեն ու բարեկամներին հարցրեց.« բա սկի հոքյումաթ չկա՞» ու մի առավոտ որոշեց վերադառնալ՝ ձևակերպելով, թե՝ «Գնամ տեսնեմ` ինչ եմ անում» :

Դեռ պատերազմ չկար, առաջին վայրենությունն արդեն արել ու սսկվել էին, երկրորդին դեռ երկու տարի կար:

Վերադարձել էր Բաքու: Տան բակում ոչ ոք ոչինչ չէր ասել, չէին էլ հարցրել ուր էիր, հասկացել էին: Իրենք էլ սուս-փուս սկսել էին ապրել: Վախը քողարկել էին «ոչինչ չի եղել» դեմքի արտահայտության տակ ու ապրել էին, ինչպես կինն էր ասում. «նիժե տրավի, տիշե վադի» :

Նոր բնակարանը երկրորդ հարկում էր՝ բակի անցուդարձի կենտրոնում: Բակի փոքրերը խաղալիս են եղել, ու երեխան էլ էր ուզել  բակ իջնել: Մայրը իջեցրել է պատուհանների տակ ու բարձրացել վերև՝ համ ճաշ էր եփել, համ հսկիչի նման հետևել փոքրիկի խաղին: Ճաշապատրաստումի ամենաստեղծագործ պահին, հանկարծ լսել է ռիթմիկ մանկական վանկարկումներ: Գլուխը դուրս է հանել ու տեսել բակի ադրբեջանցի երեխաները շարվել են զույգ-զույգ ու բակով մեկ գնում ու գոռում են. «Գարաբախ բիզիմ դիր»: Խաղ են խաղում, իրենք էլ դա են լսել ամբողջ տարին: Փոքրիկ աղջկան էլ են խաղացրել, ու վարդագույն բանտը դեղին մազերի մեջ անհնար մեծ աչքերով աղջիկ-երեխան, շարքի հետևից հասնելով, հայերեն վանկարկել է. «Ղա-րա-բա-ղը մերն է» ...Խաղ են խաղացել, մեկը մյուսին չի էլ լսել, ամեն մեկը կրկնել է իր լսածը, ու իրենք չեն էլ իմացել, որ իրենք բարիկադների, իսկ մի քանի տարի անց՝ խրամատների հակառակ կողմերում են՝ միասին, համաքայլ, համերաշխ վանկարկել են.«Գա-րա-բաղ, բի-զիմ դիր» ու «Ղա-րա-բա-ղը մերն է» :

Լուսանկարը` Ռուբեն Մանգասարյանի

Մեկնաբանություններ (1)

aram
A profound article that leads you to many questions: opposing sides saying the same yet meaning the opposite. A typical human dilemma.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter