HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապահովագրություն. ընկերությունների հարկերն ու դիրքը ԱՊՊԱ ոլորտում

Այս տարի Հայաստանի ապահովագրական շուկայից պետբյուջե հոսող հարկերն ավելացել են։ Ինչպես ցույց է տալիս Պետական եկամուտների հրապարակած խոշոր հարկատուների ցանկը, վեց ընկերություններից հինգը հունվար-սեպտեմբերին հարկերի աճ է գրանցել։

Տարվա առաջին ինն ամիսներին ապահովագրական շուկայում գործող ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2.1  մլրդ դրամ։ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ընկերությունների հարկերն աճել են 521 մլն դրամով կամ 33%-ով։ Աճը գլխավորապես պայմանավորված է երկուսի հարկերի ավելացմամբ՝ «Ինգո Արմենիա»-ի ու «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի։

Ապահովագրական ընկերություններից խոշորագույն հարկատուն «Ինգո Արմենիա»-ն է, որը նախորդ տարվա համեմատ հարկերի զգալի աճ է գրանցել։ Այս հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարել մոտ 674 մլն դրամի հարկեր և այդ ժամանակահատվածում հանրապետության 1000 խոշոր հարկատուների շարքում զբաղեցրել է 153-րդ տեղը։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ «Ինգո Արմենիա»-ի հարկերն ավելացել են մոտ 290 մլն դրամով կամ 75.4%-ով։

Իսկ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն խոշորների ցանկում այս անգամ 160-րդ տեղում է։ Առաջին ինն ամիսներին վճարել է ավելի քան 643  մլն դրամի հարկեր։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է մոտ 212 մլն դրամ կամ  49%:

Հարկերի ծավալով ապահովագրական ընկերությունների շարքում երրորդը «Նաիրի Ինշուրանս»-ն է՝ մոտ 325 մլն դրամի հարկերով։ Հունվար-սեպտեմբերի ցանկում ընկերությունը զբաղեցրել է 303-րդ տեղը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն աճել են 8.5 մլն դրամով կամ 2.7%-ով։

Հաջորդում է «Սիլ Ինշուրանս»-ը՝ 191 մլն դրամի հարկերով։ Խոշորների ցանկում 475-րդն է։ Հարկերի աճը՝ 25 մլն դրամ կամ 15.1%:

Իսկ «Ռեսո»-ն խոշորների ցանկում 649-րդն է։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարել մոտ 138 մլն դրամ՝  20.5 մլն դրամով կամ 17.5%-ով ավելին, քան նախորդ տարվա նույն ամիսներին։

Հարկերի ծավալով ապահովագրական ընկերություններից վերջինը «Արմենիա Ինշուրանս»-ն է։ Ի տարբերություն մյուս հինգ ընկերությունների՝ «Արմենիա Ինշուրանս»-ն այս տարի նվազեցրել է հարկերը։ Անկումը՝ 34 մլն դրամ կամ  20.3%: Ընկերության հարկերը հունվար-սեպտեմբերին կազմել են 134 մլն դրամ։ Իսկ խոշորների ցանկում «Արմենիա Ինշուրանս»-ը 664-րդն է։

Ըստ Պետական եկամուտների կոմիտերի տվյալների

Հաշվեգրված ապահովագրավճարներն աճել են

Ըստ Կենտրոնական բանկի՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հայաստանյան ապահովագրական ընկերությունների ակտիվները աճել են 0.8%-ով և կազմել 47.0 մլրդ դրամ, պարտավորությունները աճել են 1.3%-ով` կազմելով 27.5 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը մնացել է անփոփոխ՝ 19.5 մլրդ դրամ:  Նշենք, որ ԿԲ-ն դեռևս չի հրապարակել երրորդ եռամսյակի տվյալները։

Այս ընթացքում Հայաստանի ֆինանսական համակարգում ապահովագրական ընկերությունների մասնաբաժինը մնացել է անփոփոխ՝ կազմելով ֆինանսական համակարգի ակտիվների 1%-ը:

Իսկ ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող հիմնական ցուցանիշը` հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը,  այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 5.8%-ով` կազմելով 17.2 մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում նշված ցուցանիշի աճը՝ 1.5%):

Ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող մյուս ցուցանիշը` ապահովագրավճարներ/ՀՆԱ հարաբերակցությունը, կազմել է 0.66%` աճելով 0.01 տոկոսային կետով:

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ապահովագրավճարների ցուցանիշը կազմել է 11 433 դրամ (տարեկանացված)` 2016 թ. 11 070 դրամի փոխարեն:

 

Ով ինչ կշիռ ունի ԱՊՊԱ-ում

Հայաստանում ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների կեսից ավելին գոյանում է ԱՊՊԱ ոլորտից (ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրություն)։  

Ինչպես տեղեկանում ենք Ավտոապահովագրողների բյուրոյից, այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը հանրապետությունում կազմել է 482 855։ Այսինքն ՝ ապահովագրված է այդքան ավտոմեքենա։  

Նշված մեքենաների 26%-ն ապահովագրված է «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ում։ «Ինգո Արմենիա»-ի կշիռը՝  22%  է, «Նաիրի Ինշուրանս»-ի կշիռը՝ 20%:

Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter