HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բողոքի ակցիա՝ Ջրարբիում. սոլյարկայի վառարաններ, պոլիէթիլենով փակված պատուհաններ և կիսաքանդ դասասենյակներ

Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դպրոց 27 հոգանոց 3-րդ դասարանցիներից դպրոց էին հաճախել 5-ը: Որպես բողոքի ակցիա, ծնողները երեխաներին դպրոց չէին ուղարկել: Իսկ դպրոցի բակում այսօր աշակերտների փոխարեն հավաքվել էին նրանց ծնողները: Աշակերտների քիչ մասն էր դպրոց եկել: Մշուշի մեջ կանգնած ծնողներն այդ քայլով պահանջում էին կառավարության ուշադրությունն իրենց դպրոցին:

Բանն այն է, որ Ջրարբիի դպրոցն այժմ գործում է նախկին մանկապարտեզի շենքում: Պարզապես շենքը հարմարացրել են, և տասնամյակներ շարունակ աշակերտներն ու ուսուցիչներն աշխատել են այդ պայմաններում: Հավաքվածները չէին հիշում, թե երբ է վերջին անգամ դպրոցը վերանորոգվել:

Տասնամյակներ առաջ փորվել է նոր դպրոց կառուցելու հիմքը: Տարիների ընթացքում հիմքն արդեն լցվել է հողով ու տարբեր իրերով, սակայն դպրոցն այդպես էլ չի կառուցվել:

Շենքը գտնվում է անմխիթար վիճակում: Դպրոցը զուրկ է տարրական պայմաններից: Չունեն ֆիզկուլտուրայի մարզադահլիճ, աշակերտները ձմռանը դաս են պարապում դասասենյակներում: Չունեն մարզագույք, լաբորատորիաներ: Նույնիսկ շենքի ներսում սանհանգույց չկա: Աշակերտներն ու ուսուցիչներն օգտվում են մեկ զուգարանից, որը գտնվում է շենքից դուրս:

Իսկ ձմռան օրերին ամենամեծ դժվարությունը ջեռուցումն է: Դասասենյակները ջեռուցվում են հեղուկ վառելիքով, իսկ միջանցքները չեն տաքացվում: Հին փայտե պատուհանների անցքերը փակելու համար փակցրել են ցելոֆաններ:

Վարդուհի Մկրտչյանը համագյուղացիների հետ կանգնած էր դպրոցի բակում: Նա էլ էր պահանջում պատշաճ ուշադրություն: Տիկին Վարդուհու թոռները դպրոցահասակ են: Պատմեց, որ դպրոցի պատճառով տղաներից մեկը ընտանիքով լքել է գյուղը: Մտավախություն ունի, որ մյուս տղան էլ կգնա:

«Կարոտը սրտիս մնացել եմ: Մի տղա էլ ունեմ, նա էլ, որ գնա մնալու եմ մենակ»,- ասում է Վ. Մկրտչյանը՝ հավելելով, որ ջեռուցման պատճառով նախորդ տարի աշակերտները գրեթե 3 ամիս դպրոց նորմալ չհաճախեցին: Ոմանք ցրտից հիվանդանում էին, մյուսների ծնողները չէին թողնում, որ դպրոց գնային:

«Անցյալ տարի փետրվարից հետո երեխեքին կանչում էին դպրոց, ասում էին ժամը 10-ին եկեք, մի 2 ժամ դասերը կտանք, կգնաք տուն: 2 ժամվա մեջ ինչպե՞ս կարող է երեխան 5-6 առարկա սովորել»,- ասում է Վարդուհի Մկրտչյանը: Նրա խոսքերով, ջրարբեցիները եկամուտ ունեն՝  թռչնաֆաբրիկայում են աշխատում, և իրենք էլ կարող են փոքր-ինչ օգնել դպրոցին, եթե կառավարությունը քայլ անի:

Տիկին Վարդուհին խոսեց նաև անհավասար պայմանների մասին: Մասնավորապես վկայակոչելով նույն տարիքի երկու տարբեր դպրոցներում սովորող երեխաների ուսման որակը, նշեց, որ մի դպրոցում էլեկտրոնային տարբերակով են գրում, դաս պարապում, մյուս դպրոցում սոլյարկայի հոտի տակ դասաժամ են «սպանում», ինչը խտրականություն է:

«Հիմա պետք է բանվորն էլ գրագետ լինի: Երեխեքն էլ են արդեն հասկանում տարբերությունը: Հիմա արդեն կոմպյուտրով են բանվորություն անում: Այստեղ սովորող երեխաները զրկված են ամեն ինչից»,-նշեց Վ. Մկրտչյանը:

Ծնողները ցույց տվեցին նաև դպրոցի ճանապարհը, որը ցեխաջրերով էր լցված: Հավաքվածներն ասում էին, որ նույնիսկ այդ ջրերից են երեխաները հիվանդանում և մինչև տուն են հասնում ոտքից գլուխ ցեխի մեջ կորում են:

«Ընտրություն ա լինում, գալիս են գյուռ-գյուռ ստերն ասում, թողնում գնում են, մենք էլ ասում ենք՝ էս ինչ լավ ա, հեսա նորմալ կլինի: Ոչ մեկ ոչ մի բան չի անում, այնքան որ խոսում են: Այս դպրոցի բարելավումն եղել է այն, որ լուսամուտներին ցելոֆան են կպցնում ու փտած ֆարսունգեքով սոլյարկայի փեջերը»,-ասում է Արմեն Նազարյանը:

Նրա խոսքով, եթե հարցը չլուծվի, ինքը հրաժարվելու է երեխաներին դպրոց ուղարկել, քանի որ ահ ու դողով են սպասում մինչև վերադառնում են: Հիշեց, որ նախորդ տարի դասասենյակներից մեկը նույնիսկ հրդեհվել էր հեղուկ վառելիքից: Բացի դրանից, սոլյարկայի հոտից երեխաների ինքնազգացողությունն է վատանում, չեն կարողանում կենտրոնանալ դասերի վրա:

Դավիթ Գրիգորյանն էլ ասաց, որ դպրոց հաճախող երկու երեխա ունի, և արդեն համբերության բաժակը լցվել է: Այլևս չեն կարող ոչ իրենց, ոչ երեխաներին ենթարկել սթրեսի:

Ջրարբիի միջնակարգ դպրոցի տնօրեն Նարեկ Զաքարյանն այդ պաշտոնում նոր է` սեպտեմբերից է պաշտոնավարում: Նա Ջրարբի գյուղից չէ և չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ դպրոցի պատմությանը:

Տնօրենի խոսքերով՝ ծնողներին էլ կարելի է հասկանալ, քանի որ դպրոցը փաստացի վատ վիճակում է գտնվում: «Վատն այն է, որ երեխաներն ինչով են մեղավոր, որ դասապրոցեսը խանգարվում է: Այսքան տարի նույն ձևով դասապրոցեսն անցկացվել է: Ունենք հեղուկ վառելանյութ, վառում ենք, ցելոֆանները պատուհաններին փակցված են»,- ասում է Նարեկ Զաքարյանը:

Տնօրենն ասաց, որ սեպտեմբերին աշակերտների թիվը 263 է եղել, այժմ՝ 253: Պատճառն այն է, որ երկրից դուրս են գնացել, կամ այլ դպրոց են տեղափոխվել:

Ռուսաց լեզվի ուսուցչուհի Վարդիթեր Կարապետյանն էլ ասաց, որ նախկինում ավելի վատ պայմաններում են աշխատել: Աշակերտները միջանցքում են դաս պարապել, իսկ ուսուցչանոց չունենալու պատճառով իրենք հավաքվել են մի անկյունում: Սակայն, նախկին տնօրենն ինչքան կարողացել ձևափոխել է դասասենյակները՝ մեկը մյուսի հաշվին նոր դասասենյակներ են ավելացվել:

«Ինչ անենք, որ մեր պետությունն աղքատ է: Մենք էլ շատ կուզենայինք լավ պայմաններում աշխատեինք, մեր երեխաները լավ պայմաններով դպրոց հաճախեին: Բայց որ իրավիճակը սա է, մենք բողոքելու տեղ չունենք»,- ասում է Վ. Կարապետյանը:

Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Հետք»-ին տեղեկացրեցին, որ առավոտյան մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ծնողների բողոքի ակցիայի մասին զեկուցել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կարճ ժամանակահատվածում առաջնահերթ լուծել ջեռուցման հարցը:

 

Մեկնաբանություններ (2)

Ջանգո
Լավ չեմ հասկանում, մի մեշոկ ցեմենտ ու երկու երեք մեշոկ ավազ առնելը ու էն վերջի նկարի պատը սվաղելը ինչ դժվար բան է, որ տնօրենը իր ձեռքով չի անու՞մ:
sanjay
All these are due to heavy corruption in AREMENIA. All poor country facing same problems. Local people should protest and have to go in proper political channel to resolve this issue.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter