HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արարատ Խանդոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. վերաքննիչը որոշումը թողեց անփոփոխ

Վերաքննիչ քրեական դատարանում Արարատ Խանդոյանի գործով այսօրվա նիստին դատարանը՝ նախագահությամբ Մհեր Արղամանյանի, անփոփող թողեց Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը:

Պաշպան Արա Ղարագյոզյանը դատարանին խնդրեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ նշելով, որ խափանման միջոցը քննելու ժամանակ իր պաշտպանյալը ներկա չի եղել նիստին, ինչպես նաև դատավորը հիմնավորումներ չի ներկայացրել, թե ինչու է կալանքը թողնում անփոփոխ.«Հնարավոր է` դատական նիստերը 3-4 տարի ընթացք ունենան, ուրեմն Արարատ Խանդոյանը ստիպված այդ ընթացքում պետք է կալանքի տա՞կ մնա»,- ավելացրեց պաշտպան Արա Ղարագյոզյանը: Փաստաբանը «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Արարատ Խանդոյանի գլխի մեջ հայտնաբերվել է գոյացություն, որն առողջական վիճակի վրա ազդում է. «Բժիշկը ցուցում է տվել, սկզբից բուժում կիրականացնեն, հետագայում, եթե պետք լինի, վիրահատություն կիրականացնեն: Բայց ես Եվրոպական դատարան եմ միջնորդել, որպեսզի բողոքներն արագացված կարգով քննվեն»,- հավելեց պաշտպանը:

Դատարանի դահլիճում Խանդոյանի ինքնազգացողությունը վատացավ և նա դիմեց բժշկական օգնություն ստանալու համար: Նիստն ընդմիջվեց:

Ընդմիջումից հետո պաշտպանական կողմը հանդես եկավ վերաքննիչ բողոքով: Խանդոյանը նշեց, որ ինքն ապօրինաբար է դատապարտվել. «46 տուժող մլիցեքից ոչ մեկն ինձ չի տեսել, չի ճանաչել, դեպքի վայրում 9 վկաներից ոչ մեկը ինձ չի տեսել: Էս հանգամանքներից ելնելով՝ երկու հատ զիբիլի վրայից կատու են բերել, որոնք սուտ ցուցմունքներ են տվել, իբր ես որևէ գործողություն եմ կատարել»,- հայտնեց Խանդոյանը՝ նշելով նաև, որ Առաջին ատյանի դատարանն անհիմն պատճառաբանությամբ որոշում է կայացրել, որը հիմնված է եղել կեղծ ցուցմունքների վրա: «Էսօր ես անհիմն են կալանավորված, դրա մասին տեղյակ է դատախազությունը, դրա մասին տեղյակ է դատարանը»,- հավելեց Խանդոյանը:

Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 27-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն Արարատ Խանդոյանին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով 2016թ.-ի հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Փաստաբան Արա Ղարագյոզյանն այսօր պնդեց, որ Առաջին ատյանի դատարանում արդար և օբյեկտիվ քննություն չի իրականացվել, և դատարանը հանդես է եկել մեղադրանքի տեսանկյունից: «Դատարանը հիմնվել է սուտ, սուբյեկտիվ և անօրինական ապացույցների հիման վրա, անտեսել է ապացույցներն անթույլատրելի համարել մեր կողմից ներկայացրած միջնորդությունները»,- հայտնեց Արա Ղարագյոզյանը: Փաստաբանը հավելեց, որ ներկայացրած ապացույցները կապ չեն ունեցել իր պաշտպանյալի հետ. «Թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության փուլում վկաներից և տուժողներից ոչ մեկը չի հայտնել, որ Արարատ Խանդոյանն իրենցից որևէ մեկի նկատմամբ բռնություն է գործադրել կամ հարվածներ հասցրել»:

Փաստաբանը նշեց նաև, որ վկաներից երկուսի ցուցմունքները սուտ են եղել, քանի որ վկաները հստակ չեն կարողացել նշել՝ Արարատ Խանդոյանին ԱԱԾ են բերման ենթարկել, թե ոստիկանության բաժանմունք, ինչպես նաև չեն նշել զանգվածային անկարգությունների ժամանակ տեսել են Արարատ թե՞ Արայիկ Խանդոյանին: «Կատարել են դատախազություն կողմից տրված պահանջը և դատարանում հնչեցրած հարցերին պատասխանել՝ չգիտեմ կամ չեմ հիշում արտահայտություններով»,- նշեց փաստաբանը:

Պաշտպանական կողմն այսօրվա բողոքով խնդրեց դատարանին բեկանել Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը և Խանդոյանին ազատ արձակել: Նախագահող դատավորը հարց ուղղեց՝ մեղադրանքը մեղմացնելու հանգամանքի վերաբերյալ արդյոք պաշտպանական կողմը դիմու՞մ է դատարանին: Պաշտապանական կողմը նշեց, որ հույս ունի դատարանը կկայացնի արդար ու անկողմնակալ որոշում և ազատ կարձակի Խանդոյանին: Փաստաբան Արա Ղարագյոզյանը հավելեց, որ գործի բացասական ավարտից հետո պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ: Իսկ Արարատ Խանդոյանն էլ նշեց, որ 3,5 տարվա փոխարեն պատրաստ է նույնիսկ 13,5 տարի նստել, եթե Սահմանադրությունը բոլորի համար հավասար գործի:

Դատախազ Հայկ Պետրոսյանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանը Խանդոյանի նկատմամբ մեղմ պատիժ է նշանակել, պնդեց, որ ապացույցներում կեղծ տեղեկատվություն չի եղել: Հավելեց նաև, որ գործով կալանավորված 13 ամբաստանյալներից 11-ը իրենց մեղքն ընդունել են և արագացված դատաքննություն է նշանակվել նրանց նկատմամբ: Մեղադրողը նշեց, որ դատախազությունը որևէ մեկին չի նախապատրաստել ցուցմունքներ տալ ընդդեմ Արարատ Խանդոյանի, իսկ եթե պաշտպանն այդպես է կարծում, դա կապված է նրա «հիվանդագին երևակայությունից»: Դատավորը միջնորդեց, որպեսզի կողմերը միմյանց նկատմամբ վիրավորական արտահայտություններ չգործածեն: Այսօրվա նիստին այդ մասին մի քանի անգամ դատավորը զգուշացրեց կողմերին, օրինակ՝ երբ ելույթի ժամանակ Արարատ Խանդոյանը դատախազին անվանեց «ամբաստանյալ», դատարանը զգուշացրեց լինել հարգալից, իսկ դատարանի հետ զրուցելիս հարգել դատավարական կարգը:

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով:

Այսօրվա նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 11-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter