HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի փոխքաղաքապետը պարզաբանում է, թե ինչու է որոշել համագործակցել ՀՀԿ-ի հետ

Գայանե Սարգսյան

Այսօր Վանաձորի քաղաքապետարանում կայացած համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր. այն վերաբերում էր «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանին քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելուն:

Նիստին ներկա էին «Հայ հեղափոխական դաշնակցություն» և Հայկական վերածնունդ» ու «Հայաստանի հանրապետական» կուսակցություններ խմբակցությունների թվով 20 ավագանու անդամներ:

«Հաշվի առնելով Վանաձորում ստեղծված իրավիճակը կապված ավագանու նիստերի հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ՏԻՄ օրենքում առաջարկել կամ պարտավորեցնել Ազգային ժողովին փոփոխություններ կատարելու, ես սոցցանցերով ուղերձ տարածեցի, որ մեր բոլոր քաղաքական ուժերը գան, մասնակցային կառավարման սկզբունքով մասակցեն Վանաձոր քաղաքի ավագանու նիստերին»,- ներկաներին հիշեցրեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Վերջինս նշեց, որ թեև ՍԴ-ի որոշումը թույլ էր  տալիս մինչև մարտի 31-ը առաջնորդվել նախկին օրենսդրությամբ, սակայն իրենք քննարկել ու ավելի հարմար են գտել ևս մեկ անգամ համագործակցության առաջարկով դիմել գործընկերներին:

«Ով կարձագանքեր, մենք պատրաստ էինք նրա հետ կնքելու համաձայնագիր-հուշագիր»,- նշեց քաղաքապետը:

Վերջինիս առաջարկին առայժմ աձագանքել է միայն «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանը:

Շնորհակալություն հայտնելով արձագանքի համար` Ասլանյանը հույս հայտնեց, որ  հետագա համագործակցությունը Վանաձորին կբերի նոր դրական լիցքեր ու զարգացման որակական նոր աստիճան:

«Սա չի նշանակում քաղաքական լայն համագործացություն կուսակցական առումով: Սա քաղաքապետի ու Արկադի Փելեշյանի գլխավորած կառույցի լոկալ մակարդակում, այսինքն՝  Վանաձորի ավագանու շրջանակներում համագործակցության հուշագիր է»,- զգուշացրեց քաղաքապետը:

Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցի ընթացքում Փելեշյանը նշեց, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Քրիստ Մարուքյանին, սակայն հիմա շատ փոշմանել է դրա համար:

«Ես անձամբ ընտրել էի Քրիստ Մարուքյանին, ուզում էի նենց լիներ, ինքը քաղաքապետ լիներ, տեսա բոյկոտի արդյունքում ոչ մի բան չի էղնում: Ես եկել եմ էսօր աշխատելու ի օգուտ մեր ժողովրդի, որ փորձեմ մեր ժողովրդի համար մի լավ բան անեմ»,- հայտարարեց քաղաքապետի նորանշանակ առաջին տեղակալը:

Մամիկոն Ասլանյանն էլ հույս հայտնեց, որ մինչ այժմ նիստերը բոյկոտող ավագանու անդամները կդադարեցնեն բոյկոտն ու կսկսեն մասնակցել ավագանու նիստերին:

«Սա Վանաձոր քաղաքն է ու այստեղի բոլոր ավագանու անդամները Վանաձորի քաղաքացիներ են: Եվ ինչ ձևաչափով էլ նրանք քաղաքական վերին օղակներում շփվեին, Վանաձորի խնդրում նրանք պիտի դրսևորեին միասնականություն, քաղաքի կառավարմանը մասնակցեին ու քաղաքի համար բարի ու նորմալ գործեր անեին»,- կարծիք հայտնեց քաղաքապետը:

Վանաձորի ավագանու հերթական նիստը նշանակված է նոյեմբերի 23-ին:

Մեկնաբանություններ (1)

Սրապիոն
Էս քոլեցիք իրոք որ միամիտ ժողովուրդ են - ով ա պարզաբանումեր տալիս բազարում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter