HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Մենուայի որդի Արգիշտիին

Ինչու՞ նրան:

Ես ծնվել ու մեծացել եմ Սովետական Հայաստանում։ Ես հիշեցի, որ երբ մարդիկ զայրանում էին որևէ պաշտոնյայի անարդար գործելակերպից, սպառնում էին, որ կդիմեն Լենինի դամբարանին, դա այն ժամանակ բավականին ազդու սպառնալիք էր…

Ահա թե ինչու, սպառելով Երևանի բոլոր ատյաններն ու պաշտոնյաներին` «Վեոլիա ջուր» ՓԲԸ, թաղապետարան, քաղաքապետարան, մամուլի միջոցով` վարչապետ Կարեն Կարապետյանին, առողջապահության համապատասխան բաժին…, ես, այլևս հուսահատված, նամակս հասցեագրեցի Արքայից Արքա Արգիշտիին։

Աստծո շնորհներով օժտված Արքայից Արքա Արգիշտի, Մենուայի որդի, բարեգութ եղիր և ցած նայիր, տես թե ինչ է անում քո հիմնադրած քաղաքի հետ քո իրավահաջորդը…

Այս տարվա հուլիսին եկա Հայաստան` կարոտած իմ քաղաքին, իմ փողոցին,Պռոշյան փողոցում գտնվող իմ տանը և գարշանքից սոսկացի։

Իմ տան բակից (Պռոշյան 5/2) սկսած գարշահոտ կոյուղաջրերը հոսում էին դեպի Սիրահարների այգին։ Ես, իհարկե մեղադրեցի հարևաններին, թե ինչու չեն տեղեկացնում համապատասխան կազմակերպություններին, ինչպես են հանդուրժում այդ վարակի աղբյուրը քաղաքի կենտրոնում, որից քիչ հեռու գտնվում է ՕՐԵՆՔՆԵՐ ՄՇԱԿՈՂ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ։

Բայց ցավով տեղեկացա, որ դիմել են, այն էլ ինչքան, բայց ապարդյուն։

Ես իհարկե չհավատացի, և սկսվեցին իմ անհավանական արկածները Երևանի ատյաններում։

Դիմեցի «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տեղամասային բաժիններին, հետո գործադիր տնօրենին։ Նրանք ինձ հավատացրին, որ տեղյակ են և զբաղվում են խնդրի լուծմամբ։

Մեկ ամիս հետո նորից գնացի նրանց մոտ, պահանջեցի գրավոր պատասխան, որովհետև կեղտաջրի հոսքը սաստկացել է, և մարդիկ թաշկինակներով բերանները փակած են անցնում այդ փողոցով։ Տարածքում երկու մանկապարտեզ կա, կամերային թատրոն, երկարօրյա խմբերի դասընթացների կենտրոն, այսպես կոչված ռուսական մշակութային կենտրոն։

Գրավոր պատասխանը շատ լակոնիկ էր. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն «Երեւան ջուր» ընկերության գործը շարունակում է, բայց նրանց իրավահաջորդը չէ: Հին խնդիրների պատասխանատուն էլ իրենք չեն: Բայց նաեւ խիստ ուշագրավ դիտարկում են արել պատասխան գրության մեջ, մեջբերում եմ՝ «ժամանակին տարածքում կառուցապատումն իրականացվել է ՀՀ հողային եւ ջրային օրենսգրքերի պահանջների խախտումներով, ինչի հետեւանքով կոյուղագիծը հայտնվել է այլ անձանց սեփականությունը հանդիսացող տարածքում» (Գոռ Գրիգորյան):

Փորձելով պարզաբանել առեղծվածը` ես գնացի գլխավոր տնօրենի մոտ, ինձ ասացին, որ նա չի խոսում հայերեն։ Ասացի` ոչինչ, ես կարող եմ խոսել նրա հետ, ինձ թույլ չտվեցին` պատճառաբանելով, որ դա ընդունված չէ իրենց պրակտիկայում։

Ես գնացի գործադիր տնօրեն Գոռ Գրիգորյանի մոտ` հույս ունենալով, որ գուցե տեղյակ չէ, թե չէ ինչ է` Շամիրամի ջրանցքը չեն կառուցելու, մի փոքր տեղամաս պետք է վերանորոգվի։

Այստեղ էլ ասացին, որ նա քաղաքացիներին չի ընդունում: Նա, ի դեպ, «Երեւան ջուր» կազմակերպության գործադիր տնօրենն էլ է եղել, բայց արի ու տես, որ իրավահաջորդը չէ։ Նա, իհարկե, հայերեն խոսում է, բայց քաղաքացիներին ասելիք չունի։

Զայրացած և հուսահատված` զանգահարեցի առողջապահության նախարարության թեժ գիծ։ Ինձ տվեցին համապատասխան բաժնի համարը։

Այստեղի պատասխանը ամենազվարճանալին էր. այն ուղղակի մեջբերում եմ. « Մեր բաժինը լուծարված է, նորն ենք կազմավորում, նոր աշխատակիցները դեռ հրամանագրված չեն։ Երբ որ կազմավորվենք, անպայման կհետաքրքրվենք»։

Ես ուղղություն վերցրեցի դեպի Կենտրոն թաղապետարան։ Այստեղ ինձ շատ անկեղծ ցինիզմով կոմունալ բաժնի պետը խորհուրդ տվեց գնալ դատարան։ (Գիտեմ` չեք հավատա, բայց գրավոր պատասխանը ունեմ)։

Ես ապշեցի. ո՞ր դատարանն ու դատավորներն են որևէ երկրում կոյուղագիծ մաքրում, գուցե օրենքները փոխվե՞լ են, այդ երբվանի՞ց են դատավորները սկսել կոյուղագծեր մաքրել։

Ինչևէ, որոշեցի դիմել քաղաքապետարան։

Ւնչո՞ւ վերջում։

Որովհետև քաղաքում ամենուր տեսնելով  «Ավելի բարեկարգ Երևան» պաստառները` հասկացա, թե ինչքա՛ն են հոգում քաղաքի բարկարգման համար, չէի ուզում խլել նրանց թանկարժեք ժամանակը։

Քաղաքապետարանի պաշտոնյաները մեկ շաբաթից ավելի շատ բարեկիրթ պատասխանում էին, հաճախ զանգահարում և հուսադրում, որ իրենք ամբողջ թիմով այս խնդրով են զբաղված, որ «Վեոլիա ջուրը» անգործության է մատնված, և ավելացնում, որ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ շարունակվում են… Ո՞ւմ հետ, ի՞նչ բանակցություններ, անհասկանալի է։

Իմ հաջորդ հեռախոսազանգը զայրացրեց քաղաքապետարանի պաշտոնյային, և նա սրտնեղված պատասխանեց.

- Տիկի´ն, մենք զբաղված ենք Էրեբունի-Երևան տոնակատարության նախապատրաստությամբ, Ձեր խնդրի մասին տեղյակ ենք, թողեք աշխատենք։

Այսինքն կեղտաջրի մեջ թավալվող քաղաքը, աղբի մեջ կորած փողոցներն ու բակերը իրենց աշխատանքը չեն, վթարային վերելակներն ու առնետներով լցված աղբակույտերը  իրենց գործը չեն։

Իհարկե, ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ հաճախ բնակիչներին  աշխատանքից հեռացնելու սպառնալիքով Լենինյան շաբաթօրյակներ են կազմակերպում, և իհարկե, լուսանկարվում` հաջորդ ընտրություններին ցույց տալու համար։

Այ այստեղ էլ նոր հույս ծագեց։ Չէ որ տոնը նվիրված է Մենուայի որդի Արգիշտիին։

Եկեք խոստովանենք, որ տոներ կազմակերպելու մեծ փորձ ունենք և անսահման ձգտում։ Հոլիվուդը գլուխը պատին է տվել, որ մեզ հետ մրցի…

Ես, իհարկե, հասկանում եմ, որ տոնակատարությունների համար նախատեսված գումարները ճկուն են, երգիչներ են, զարդարանքներ, դույլեր, փուչիկներ, մի խոսքով` ինչ ուզես կգրես։

Իսկ այ կոյուղագծերի ծախսը, թեկուզ Պռոշյանի 30 մ հատվածով, բացարձակ ճկուն չէ, չոր հաշիվ է, օգուտ չկա։

Ինչևէ, ես իմ ձայնը լսելի դարձնելու համար «Հրապարակ» թերթի միջոցով բաց նամակ հղեցի պարոն վարչապետին: Դե, նրանք թերթ չեն կարդում: Իմը կարդան, «բա մնացածներուն ինչ ասին»։

Դիմեցի «Հանրային ռադիո»-ի լրագրող Լիաննա Եղիազարյանին, որի բարեխիղճ և արհեստավարժ աշխատանքն ինձ զարմացրեց այդ համատարած անգործության, անտարբերության ու գարշահոտ մթնոլորտում, որի համար անչափ շնորհակալ եմ նրանից։

Լիաննա Եղիազարյանը շրջեց տեղամասում, խոսեց բնակիչների հետ, նկարեց տեղանքը, դիմեց քաղաքապետարան, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ղեկավարությանը` պարզելու համար, թե ում թույլտվությամբ են նորակառույց շենքերի կոյուղիները բերվել-միացվել հին, նեղ կոյուղատարին, որն այդքան թողունակություն չունի ու շարունակ վթարվում է:

Որևէ մասնագիտական տեղազննություն չի կատարվել տեղանքում, որի պատճառով հողի տակ գտնվող պետական նշանակության մալուխներն ու ջրագծերը խառնվել են իրար, որից նույնիսկ «Վեոլիա ջուր»-ն է զարմացել։

Ո՞վ է պատասխանատու այս անօրինականնությունների համար (պարզ է, որ բարեգործական մղումներով չեն խախտել քաղաքաշինական բոլոր նորմերը)։

Հաղորդումը հեռարձակվեց, տպագրվեց թերթում:

Կեղտաջրերը շարունակում են հոսել ու ապականել շրջապատը։

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ շարունակվում են:

Արքայից Արքա, հույսս միայն կեղտաջրերն են, որ հոսելով` մի օր կհասնեն քաղաքապետարան, գարշահոտությունը կլցնեն քաղաքապետարանի արդեն իսկ անմաքուր միջավայրը, որից նոր, թակարժեք օդափոխիչներն էլ չեն փրկի։ Այն ժամանակ, համոզված եմ, որ պարոն Մարգարյանը պետական բյուջեից և Ավելի Բարեկարգ սեփական էլիտար շենքերի ֆոնդից գումար կհատկացնի իրենց կոռուպցիոն աղտեղությունները մաքրելու համար։

Այսպես երեք ամիս շրջելով Քաղաքամայր Երևանի ամբարտավան պաշտոնյաների բարեկարգ աշխատասենյակներով, մոռացված կեղտաջրերը թողած հարազատ փողոցում, հեռացա` նախընտրելով իմ սիրելի ժողովրդի թեկուզ հուսահատ, բայց մաքուր հոգու դժոխքը, քան թե հավիտյանս տեղակալ Կամո Արեյանի առաջարկած կեղտոտ դրախտը։

Ամո՛թ է, շատ ամոթ, պարոնայք պաշտոնյաներ, իսկ ամոթը բարոյական զսպաշապիկ է, որը  մարդուն արժանապատիվ է պահում, մարդ է պահում։

Երբ  մարդը, պաշտոնյան կորցնում է ամոթը, հարգանքը նախ իր անձի նկատմամբ, իր վարած պաշտոնի, շրջապատի նկատմամբ, համարեք որ նրա դեմ պայքարի բոլոր միջոցները անիմաստ են։

Ահա´ թե ինչու հուսահատված դիմեցի Արքայից Արքա Արգիշտիին, գուցե իր աստվածային կարողությամբ սաստի իր իրավահաջորդին և ասի, որ արածդ բոլորովին սիրուն չէ, որդիս, տոնախմբություններդ ու պալատական խեղկատակներդ ինձ չեն ուրախացնում, չեմ ուզում։

(Արգիշտին անպայման միամտաբար հպարտանում և շոյվում է, չէ որ նա չգիտի, թե այդ տոնի իսկական նպատակը որն է):

Պարոն Մարգարյան, Ձեր շրջապատի շահամոլությունից դիմազրկված քծնողների բանակը, հանձինս իգիթյանների, չեն թողնում որ դուք տեսնեք ձեր իսկական դեմքը, իրականությունը։ Երիտասարդ եք, խոսեք Ձեր  քաղաքացիների հետ, նրանք Ձեզ ավելի են սիրում, քան իգիթյանները, հավատացեք Արքայից Արքայի իմաստությանը։

Մեր ժողովուրդը հիմար չէ, ուղղակի հոգնել է կեղեքվելուց։ Ոմանք վախենում են, ոմանք զզվանքով հեռանում, ոմանք էլ տարակուսած հարցնում, թե սրա վերջը ինչ է լինելու… իսկ ձեր մունետիկները եղկելի ժպիտներով փառաբանում են Ձեզ և… թալանում

Անահիտ Անտոնյան

Երևան, Կեղտաջրերի փողոց

Կոլաժում` Երեւան Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը / Հետք

Մեկնաբանություններ (5)

Արգիշտի
Հրաշալի է գրված, դուստր իմ! Մի բան է ինձ շատ զարմացնում - էս բարդակի դեպքում դիմումներին դեռ պատասխանում են!: Իսկ, դատարան կարելի է դիմել, գրավոր հիմք արդեն կա՝ հարգելի դատավոր, կամ եկեք մաքրեք, կամ մաքրողին բերեք!
Gohar
Մենք ինքներս ենք մեղավոր. ինչ էինք մտածում, երբ 5-10000 դրամով մեր ձայնը ծախում էինք դրանց:Հիմա էլ ոչինչ չենք կարա անենք: Վայելում ենք մեր իսկ ցանած պտուղները:
ARAM
Kudos Ms. Anahit Antonian. We need more brave and articulate people in our land. Never give up. You are not naive but rather bold and patriotic.
Արինէ Սուքիասյան
Հարգելի Անահիտ, Ես Ձեր բարձրացրած հարցի հետ անձամբ եմ առնչվել քանիոր ես էլ ունեմ բնակարան այդ փողոցի վրա /Պռոշյան առաջին նրբանցք/։ Ես էլ եմ անձամբ հասել մինչև թաղապետարան։ Վերջը որոշեցի միանալ թատրոնի և Յուպիտեր ֆոտո օֆիսի հետ և դիմել բարձր ատյանների։ Բարեբախտաբար չէի ասի բայց վերջապես այդ սարսափելի հարցը լուծվեց թ շաբաթ առաջ։ Համենայնդեպս կեղտաջրեր չեն հոսում հուսանք հիմատակ է վերացել այս սարսափելի խնդիրը։ Նորակառույց շինությունների և նրանց սեփականատերերի խնդիրը չի սա, և ոչ էլ անօրինականություն է կատարվել։ Պարզապես կառավարական այն ատյանը որ պիտի ԼՐՋՈՐԵՆ հետևի քաղաքի կոմունալ գծերով, մայրուղիներով և քաղաքացիներին տրամադրի իրենց հասանելի և պատշաճ կոմունիկացիոն գծերը ինչպես տեսնում եք, հիվանդագին է աշծատում։ Այս թաղամասը հատկապես բարձիթողի վիճակում է, թէ կոյուղագծերի և ջրագծերի, թէ հատկապես հոսանքի և գազամատակարարման հարցերում։ Այնպես որ շնորհակալություն Ձեր ուշադրության համար սիրելի հարևանուհի։ Հույսով միասին կկարողանանք մեկ մեկ, քայլ քայլ բարեկարգել և հասնել մեզ արժանի ապրելակերպին և կենցաղային իրավունքներին։ Հանուն խաղաղության, Արինէ
Les enfoires de Veolia
Միամիտ մի եղեք, հարգելի տիկին, ո՛չ միլիոնատեր Տարոնը, ո՛չ իրեն կաթողիկոս պատկերացնող Գոռը, ո՛չ նույնիսկ հոպարը, չեն հետաքրքրվի Ձեր թաղի կոյուղու հարցով: Մեջ ՓՈՂ ՉԿԱ: Կոնկրետ խորհուրդ՝ նամակ գրեք Պուծինին, երկրի իրական տիրոջը, պատճենն էր՝ հոպարին: Գոռին գիշերն էլ լինի, լապատկով կուղարկեն իր գործն անելու: Հիմա, ուզում եք հարցը լուծել, թե ոչ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter