HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտանիքն իր սեփական բնակարանում հայտնվել է ներխուժողի կարգավիճակում

«Մեզ ասացին՝ դուք համարվում եք ներխուժող: Փաստորեն՝ մենք մեր տուն ենք ներխուժել ու մեր տունն այլևս մերը չէ»,- ասաց Գյումրիի բնակիչ Անահիտ Սիմոնյանը:

Տիկին Անահիտը պատմեց, որ օրեր առաջ որդու՝ Ռաֆայել Հարությունյանի անունով գրանցված Գյումրիի Տրդատ Ճարտարապետի փողոցում գտնվող իրենց բնակարան են այցելել ոստիկաններ, հայտնել՝ բնակարանն այլևս իրենցը չէ, և պետք է ազատեն այն:

Խոստացած 3 ամիսը դարձել է 3 տարի

Ամեն ինչ սկսվել է 3 տարի առաջ՝ 2014-ի դեկտեմբերին: Անահիտ Սիմոնյանը լավ է հիշում դեկտեմբերյան այդ օրը, երբ իրենց տուն առավոտյան շուտ եկել է ամուսնու՝ Արսեն Հարությունյանի ընկերը՝ Թաթուլ Ումրոյանը (ճանաչել են իրար ՀՅԴ կուսակցությունից), ներս է մտել ու հյուրասենյակի պահարանից հանել Հարությունյանների սեփականության գրքույկը: Անահիտ Սիմոնյանի փոխանցմամբ` Թաթուլ Ումրոյանը պարզաբանել է, որ ընկերը՝ Արսեն Հարությունյանը, ամեն ինչից տեղյակ է: «Ուղիղ երեք ամիս հետո էս տան դակումենտը բերելու եմ դնեմ ձեր տան մեջ»,- ասել է նա:

2014-ից ոչ թե 3 ամիս, այլ 3 տարի է անցել, սակայն Հարությունյանների պնդմամբ` իրենց տան գրքույկը չի վերադարձվել, ավելին՝ այդ գրքույկով ձեռք է բերվել «Անելիք» բանկից վարկի ստացման ապահովման միջոց՝ երրորդ անձին պատկանող անշարժ գույքի գրավադրմամբ: Տվյալ դեպքում գրավադրվել է Հարությունյանների երկհարկանի բնակարանը (շենքի 4-րդ ու 5-րդ հարկերում է բնակարանը):

«Ես հետո հասկացա, որ ինքը ուսումնասիրում էր մեր տունը, հարցնում էր՝ ինչի եք կահավորել, ինչի եք հետ եկել Մոսկվայից, ինչի եք ույուտ սարքել, տունը չեք ուզում փոխեք»,- պատմում էր Անահիտ Սիմոնյանը՝ ընդգծելով, որ իրենք խաբեության զոհ են դարձել:

Գույքի գրավադրման օրը բնակարանի սեփականատերը՝ Հարությունյան ընտանիքի որդի Ռաֆայելը, քննության է եղել բժշկական համալսարանում: Մոր խոսքով` նրան Երևանից բերել են Գյումրի, «Անելիք» բանկ, որ ստորագրի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Ըստ նրա` շտապողականության մեջ Ռաֆայելը՝ վստահելով հորը ու հոր ընկերոջը, կատարելով հոր կամքը, ստորագրել է թղթերի տակ՝ նույնիսկ չկարդալով, և անգամ փաստաթղթերի իր օրինակը չունի: 3 ամիսը լրանալուց հետո, ըստ տիկին Անահիտի պատմածի, ամուսնու կուսակցական ընկերը սկսել է չշփվել իրենց հետ, միջնորդների միջոցով տեղեկացրել է, որ կվերադարձնի տունը:

3 տարվա ընթացքում բազմիցս բնակարանը վերադարձնելու վերջնաժամկետներ են նշվել, սակայն ապարդյուն: 2017-ի հունվարին ընտանիքի հայրը՝ Արսենը, ուղեղի կաթված է ստացել, երբ սեփականության վերադարձի մասին հերթական խոստումը չի կատարվել: Տիկին Անահիտի ամուսինը 2-րդ անգամ է ուղեղի կաթված ստացել այս տարվա ապրիլին, երբ դատարանից նամակ են ստացել, թե իրենց գույքը աճուրդի է հանվել «ՍԱՄԹՕՄ» ՍՊԸ-ի սնանկ ճանաչվելուց հետո: «Շոկի մեջ էինք ընկել` աճուրդի նամակը տեսնելով: Իմ 50 տարեկան ամուսնուն ինսուլտը խփեց»: Կտրուկ վատացել է նաև ընտանիքի մոր՝ Անահիտի առողջությունը: Նա վիրահատվել է, այսօր էլ բուժման կարիք ունի:

Հարությունյանները միակ գույք գրավադրողը չեն

«Հետք»-ը գնաց այս պատմության հետքերով: Պարզվեց՝ Հարությունյանները միակը չեն եղել, որ գրավադրել են գույքը: Նման ևս մի քանի գույք է գրավադրվել նույն բանկում՝ որպես երրորդ անձանց կողմից «ՍԱՄԹՕՄ» ՍՊԸ-ին վերավարկավորման ապահովման միջոց:

Այս ընկերության, որը գործել է Շիրակի մարզում, հիմնադիրն է Գյումրիի բնակիչ Ռուբեն Մանուկյանը, ով չի կարողացել մարել վարկը, տոկոսները: Հետևանքը եղել է այն, որ գրավադրված ամբողջ գույքը, այդ թվում՝ իրեն ու իր ընտանիքին պատկանող մի քանի անշարժ գույք, բանկը դրել է աճուրդի: Ընկերության պարտքը կազմել է շուրջ 147 մլն դրամ և 388 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Տիկին Անահիտը նշեց, որ իրենք չեն ճանաչել Ռուբեն Մանուկյանին, չեն իմացել «ՍԱՄԹՕՄ» ՍՊԸ-ի մասին, ճանաչել են միայն Թաթուլ Ումրոյանին, ով և վերցրել է իրենց տան սեփականության վկայականն ու խոստացել 3 ամիս անց վերադարձնել:

Իսկ «ՍԱՄԹՕՄ» ՍՊ ընկերությունը սնանկ է ճանաչվել 2016-ի դեկտեմբերի 14-ին՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Սնանկության կառավարիչը այցելել է Հարությունյանների բնակարան ու կազմել իրերի արձանագրություն: Արդեն մի քանի անգամ հայտարարվել է աճուրդ, Հարությունյանների գույքն արդեն գնված է: Առաջիկա աճուրդը նոյեմբերի 28-ին է:

«Հետք»-ը փորձեց կապ հաստատել մյուս գրավադրողների հետ: Անձն, ով չցանկացավ` հոդվածում նշվի իր անունը, նկատեց, որ մի քանի տարի սպասում է, թե գույքը կվերադարձվի:

Մեր ձեռքի տակ են պարտավորագրեր, որտեղից պարզ է դառնում՝ Ռուբեն Մանուկյանը բնակարանները խոստացել է վերադարձնել կոնկրետ ժամկետներում, սակայն չի կատարել խոստումը:

Դատական տեղեկատվական համակարգում կա դեռևս 2009թ-ին քննված քաղաքացիական գործ, ըստ որի` Ռուբեն Մանուկյանն անձնական կարիքների համար պարտքով խոշոր գումարներ է խնդրել քաղաքացուց, ապա չի վերադարձրել: Պարտատերը դատարանի միջոցով ստացել է իր գումարները:

Ռուբեն Մանուկյանը և Թաթուլ Ումրոյանը պարտավորվում են հանձնել երրորդ անձանց գույքը

«Հետք»-ը զրուցեց նաև Թաթուլ Ումրոյանի և «ՍԱՄԹՕՄ» ՍՊԸ-ի հիմնադիր Ռուբեն Մանուկյանի հետ: Նրանք երկուսն էլ հավաստիացրին՝ պարտավորություն են կրում այդ գույքի համար և բնակարանները վերադարձնելու են շուտով:

«Իմ գույքը հետ բերելուց առաջ իրենցը կհանեմ»,- ասաց Ռուբեն Մանուկյանը՝ նշելով, որ կոնկրետ օր դեռ չի կարող հստակեցնել՝ մի քանի օրից կկարողանա ասել:

Ռուբեն Մանուկյանը պատմեց, որ «ՍԱՄԹՕՄ» ընկերության գործունեությունը բիզնես ոլորտն է եղել, ունեցել է գազալցակայան Գյումրիում, որը նույնպես այժմ անցել է բանկին: Ռուբեն Մանուկյանի փոխանցմամբ` գազալցակայանը գրավադրել է մեկ անգամ, ապա կարողացել ետ վերցնել՝ վերավարկավորմամբ: Բայց գոյացած տույժերի ու տոկոսների պատճառով բիզնեսում գնալով անկում է գրանցել: Ռուբեն Մանուկյանը նշեց, որ Թաթուլ Ումրոյանն իր ընկերն է, օգնել է գումարներ գտնելու հարցում:  

Ռուբեն Մանուկյանը հատուկ ընդգծեց, որ երրորդ անձինք շահագրգռված են եղել իրենց գույքը գրավադրել, որ նրանց փոխշահավետ գործարք է առաջարկվել, իրենք էլ համաձայնել են: «Որևէ մեկը չի գրավադրի իր գույքը հենց այնպես, եթե չունենա շահագրգռվածություն, մանավանդ լավ իմանալով, թե ինչ ռիսկեր կան»,- ասաց ՍՊԸ հիմնադիրը՝ նշելով՝ Թաթուլ Ումրոյանը 2 գրավադրողներին գումար է վճարել 500-1000 ԱՄՆ դոլարի չափով:

Սակայն Հարությունյանները հերքում են գումար տրամադրելու փաստը: «Մեկ անգամ չէ, որ նման լուրեր են իրենք տարածում, անգամ բանկում մեզ այդպես են ասել, թե գումար են մեզ տվել գույքի գրավադրման դիմաց: Չկա նման բան: 11 միլիոն գնահատված շուկայական գնով բնակարանի դիմաց պիտի համաձայնեինք նման գումար ստանա՞լ: Անգամ ծիծաղելի է»,- տարակուսանք հայտնեց Անահիտ Սիմոնյանը:

Հարությունյաններն իրավական օգնություն են ակնկալում

Գյումրիի բնակիչ Արսեն Հարությունյանը՝ ընտանիքով, շուրջ 20 տարի ապրել է Մոսկվայում: Հայկական եկեղեցուն կից հիմնել են կիրակնօրյա դպրոց, 12 տարի աշխատել տեղի հայ մանուկների հետ: Արսենը շախմատի ուսուցիչ է եղել, կինը՝ Անահիտ Սիմոնյանը՝ երաժշտության: Սակայն 2013-ին ընտանիքը որոշել է վերադառնալ հայրենիք. «Ուզում էի հայի հետ ամուսնանար տղաս, բայց հիմա թոռնիկից էլ զրկվեցինք: Կարոտով ու ջերմությամբ ենք վերադարձել հայրենիք: Բայց ինչ իմանայի, որ հայրենիքում կքանդվի իմ ընտանիքը: Այն վիճակում, որ իմ ընտանիքն է հայտնվել, ուզում եմ, որ ոչ մեկը չհայտնվի»:

Հարությունյանները ցանկանում են ետ բերել իրենց գույքը, որը, իրենց պնդմամբ, վստահությունը չարաշահելու միջոցով խլվել է իրենցից: Նրանք դիմում են մասնագետներին՝ հույսով, որ կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը: 

Առաջին լուսանկարում Հարությունյան ամուսիններն են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter