ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Սասնա ծռեր»-ի գործով դատարանը բավարարեց միայն դատական նիստը հետաձգելու միջնորդությունը



Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստին` դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ, այսօր շուրջ երեք ժամ քննարկվում էր մի հարց, որը հնարավոր էր լուծել առավելագույնը 30 րոպեի ընթացքում։ 

Արթուր Օհանյանի վարույթում, հիշեցնենք, քննվում է ՊՊԾ գնդի գրավման դեպքով անցնող 11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Վարդան Գերավետյանի, Արամ Հակոբյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի վերաբերյալ գործը։

Այս գործով նիստերին մինչև այսօր, որպես մեղադրող, ներկայանում էր դատախազ Արթուր Չախոյանը, իսկ այսօր նրա հետ ներկայացել էր նաև դատախազ Արամ Արամյանը։

Վերջինս դատարանում մեղադրանքը պաշտպանելիս է եղել այն ժամանակ, երբ «Սասնա ծռերի» վերաբերյալ դեռևս երկու գործ էր քննվում։

Այժմ, հիշեցնենք, այս գործերից մասեր են անջատվել, և երկու գործը դարձել է երեք։ Այդ երեք գործերին նոր համարներ են տրվել։

Այսօր պաշտպանական կողմը հարց բարձրաձայնեց, որ դատախազ Արամյանն Արթուր Օհանյանի վարույթում քննվող և նոր համար ստացած գործով մեղադրանքը պաշտպանելու համար օրենքով սահմանված կարգով չի լիազորվել։ Ի պատասխան մեղադրող Արամյանը նշեց, որ քրեական գործում առկա է իր վերաբերյալ լիազորագիրը՝ ամենայն հավանակությամբ նկատի ունենալով, որ ինքը  «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ երկու գործերով մեղադրանք պաշտպանելու համար լիազորագիր է ներկայացրել։

Այս հանգամանքը, սակայն, պաշտպանական կողմը չի ընդունում. գործում ներգրավված փաստաբանները գտնում են, որ դատարանում այժմ քննվող երեք և նախկինում Արտուշ Գաբրիելյանի վարույթում քննվող երկու գործերը այլ գործեր են, քանի որ դրանցում ներգրավված ամբաստանյալների թիվն ու կազմն այլ է։

Մեղադրողի՝ պատշաճ կերպով ներգրավված լինել - չլինելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ պարզվեց, որ երկու մեղադրողներն էլ իրենց լիազորագրի պատճենահանված տարբերակներն են ներկայացրել դատարան, իսկ բնօրինակը գտնվում է, այսպես ասած, «մայր գործում», և պաշտպաններն այժմ պնդեցին, որ պետք է լիազորագրի բնօրինակը ներկայացվի դատարան։

Դատավորը, սակայն ուշադրություն չդարձրեց այս հանգամանքին։

Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ նշելով, որ այն չի կարող շարունակվել, քանի դեռ լուծված չէ դատախազների՝ գործում պատշաճ կերպով ներգրավման հարցը։

Դատավորը, սակայն, ուշադրություն չդարձրեց այս միջնորդությանը, ավելին, առանց դրան լուծում տալու շտապեց հեռանալ խորհրդակցական սենյակ՝ մեկ այլ փաստաբանի՝ Լիպարիտ Սիմոնյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, ընդ որում դատավորը պաշտպաններին հնարավորություն չտվեց կարծիք հայտնել՝ Սիմոնյանի միջնորդության առնչությամբ։

Սիմոնյանի միջնորդությունը վերաբերում էր դատախազներին բացարկ հայտնելուն։ Փաստաբանը գտնում է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ դատախազները պատշաճ ներգրավված չեն` պետք է նրանց բացարկ հայտնել։ Դատավորը, սակայն, խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժեց Սիմոնյանի միջնորդությունը։

Դատավորի այս որոշումից հետո պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որին միացան մյուս պաշտպանները ևս։

«Դուք անգամ դատախազներից լիազորագիր չեք կարող պահանջել, ես ձեզ ևս մի անգամ հորդորում եմ լիազորագիր պահանջել դատախազներից, տեսնենք՝ գոնե դա կարո՞ղ եք անել»,- դատավորին դիմելով՝ ասաց Լուսինե Սահակյանը:

Ամբաստանյալ Արամ Մանուկյանը նույնպես դատավորին հորդորեց ինքնաբացարկ հայտնել՝ այս դատավարությունը կապիկություն անվանելով։

«Մի բան եմ խնդրում. մի խայտառակեք մեր դատական համակարգը, մենք այստեղ ենք. մենք ապստամբություն ենք արել, որովհետեւ դուք չեք կատարել այն, ինչ պետք է կատարեիք: Ձեր կատարած և  չկատարածների համար մենք ենք պատասխան տալիս», - դատավորին դիմելով՝ ասաց Արամ Մանուկյանը։

Ներկայացված ինքնաբացարկի միջնորդության դեմ առարկեցին մեղադրող դատախազները` նշելով, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման․ դատավորը մերժեց միջնորդությունը։

Այսօր ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն իր պաշտպանյալին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Այն ժամանակ, երբ  մեղադրող դատախազ Արամ Արամյանը կալանքի վերաբերյալ դիրքորոշում էր հայտնում, խոսքում օգտագործեց «ամբաստանյալ» բառը, ինչը դուր չեկավ մեկ այլ ամբաստանյալ Արամ Մանուկյանին։ «Ձենդ կտրի»,- հակադարձեց Արամ Արամյանը։ Դատարանը, սակայն, չանդրադարձավ դատախազի պահվածքին։ Խորհրդակցական սենյակում քննության առնելով միջնորդությունը՝ դատարանը մերժեց այն։

Այսօր դատարանի կողմից բավարարված միակ միջնորդությունը վերաբերում էր դատական նիստը հետաձգելուն. գործով պաշտպաններից ոմանք այլ դատական նիստեր ունեին, ուստի խնդրեցին հետաձգել նիստը։ Դատական հաջորդ նիստը նոյեմբերի 28-ին է։

 

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ