HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքների խոշորացման երկու մոդելներից կառավարությունն ընտրել է երրորդը

Համայնքները դատարկելու կանխատեսումներն առարկայական են դառնում

 

2015 թ.-ից մեկնարկած համայնքների խոշորացման ծրագիրը կիսով իրականացվել է: Համայնքների մի մասը միավորվել է փնջային մոդելով, մյուսների դեպքում վերականգնվել են նախկին շրջանները՝ Աշոցք, Կապան, Սիսիան, Մեղրի, Ապարան, Ստեփանավան, Տաշիր եւ այլն: Մարզերից երկուսում՝ Սյունիքում եւ Վայոց ձորում, ամբողջութամբ ավարտվել է խոշորացումը: Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ նախագահ, համայնքների խոշորացման հայեցակարգի համահեղինակ Վահան Մովսիսյանի հետ մեր զրույցը համայնքներն անհասկանալի սցենարով խոշորացնելու մասին է. ի՞նչ պատկեր է ստացվել անհամաչափ համայնքներ ձեւավորելու արդյունքում, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այն, ի՞նչ դժվարություններ է ստեղծվել բնակիչների համար:

Պրն Մովսիսյան, համայնքների խոշորացման 2 մոդելից` փնջային եւ շրջանային, Հայաստանում ընտրվեց փնջային տարբերակը, եւ առաջին համայնքներն էլ խոշորացվեցին այս տարբերակով: Սակայն, վերջին խոշորացումն անհասկանալի մոդել ուներ, կարծեք թե անցել ենք խոշորացման շրջանային մոդելին: Հիմա խոշորացումը կատարվում է ըստ ընդունված հայեցակարգի՞, թե՞ ըստ նպատակահարմության:

- Փնջային խոշորացումը չի բացառում, որ որոշ փնջեր կարող են ներառել նաև նախկին շրջանի տարածքը։ Խնդիրը կարծում եմ այլ է՝ թե ինչքանո՞վ է փնջերի ձևավորումը համապատասխանում հաստատված սկզբունքներին և չափորոշիչներին։ Մենք ունեցանք մի քանի խոշորացման փուլեր` Տաթեւ, Դիլիջան եւ Թումանյան համայնքները, որտեղ մինչեւ խոշորացնելը նույնիսկ հանրաքվե անցկացվեց: Հետո ունեցանք եւս 15 նոր համայնք, որտեղ գրեթե բոլորի հետ, բացառությամբ մեկ–երկուսի, տեղերում կազմակերպվեցին հանդիպումներ, մանրամասն քննարկումներ, մարդիկ իրենց դժգոհությունն արտահայտելու հնարավորություն ունեցան, հետեւաբար, առաջին 18 համայնքները միավորելուց հետո սթրեսներ չեղան: Դրանից հետո ոչ մի փորձագետ տեղյակ չի եղել, թե որ համայնքներն են ընդգրկված խոշորացման ցանկում, մինչեւ այն պահը, երբ նախագիծը հայտնվել է Կառավարության https://www.e-draft.am կայքում: Ոչ ոք չի իմացել, թե որ համայնքը որին է միանալու: Հնարավոր է, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարությունը քննարկել է մարզպետների հետ, բայց միավորվող համայնքների բնակիչները, քաղաքացիական հասարակությունը, փորձագետները, բացարձակապես անտեղյակ են եղել, թե ով եւ ինչպես է գծում համայնքների խոշորացման քարտեզը: Դրա համար ասել, թե գծողներն ինչն են նպատակահարմար համարել՝ փնջային թե՞ շրջանային մոդելով խոշորացում, դժվարանում եմ ասել:

Մի բան ճշտենք նորից` Կառավարությունը համայնքների խոշորացման փնջային տարբերակն ընդունեց, այդպես չէ՞:

- Ոչ միայն Կառավարությունը: Ես հիշում են հանրապետության նախագահի ելույթը Ջերմուկի գյուղական համայնքների ֆորումում, որտեղ հայտարարեց, որ գնալու ենք փնջային տարբերակով, աստիճանաբար բարեկարգելու ենք եւ բնակիչներին ցույց տալով` առաջ ենք գնալու: Հիմա ստացվում է, որ նախագահի հանձնարարականը չեն կատարում:

Անցումը մի մոդելից մյուսին ինչպե՞ս կատարվեց: Ըստ էության, նոյեմբերի 5-ի  ՏԻՄ ընտրությունների ժամանակ խոշորացումը, հիմնականում, շրջանային մոդելով տեղի ունեցավ:

- Չգիտեմ, ոչ մի իրավական փաստաթուղթ գոյություն չունի, եւ ոչ ոք տեղյակ չէ այդ մասին: Սակայն, ուզում եմ հանրությունը հասկանա, որ այդ երկու մոդելների տարբերությունը միայն համայնքների քանակը չէ: Փնջային մոդելը չի բացառում, որ փունջը լինի շրջանայինի չափ, բայց շրջանային մոդելի եւ փնջային մոդելով խոշորացնելու միջեւ կա հսկայական տարբերություն: Շրջանային խոշորացման տարբերակի դեպքում ապակենտրոնացման գաղափարը բոլորովին ուրիշ է, այս տարբերակով մարզպետարանների նման տեսքով գոյություն ունենալն անհնարին էր: Այսինքն, երբ հայտարարում ենք, որ խոշորացումն իրականացնում ենք շրջանային մոդելով` մենք պետք է վերափոխենք տարածքային կառավարման կառուցվածքը: Բայց ասում ենք, որ փնջային մոդելով է խոշորացվում եւ կառավարման ձեւի փոփոխություններ չեն լինելու, իսկ հետո սկսում ենք համայնքները միավորել ըստ նպատակահարմարության, ում ինչպես պետք է, ինչպես օրինակ արվեց Կապանում, Սիսիանում, Ապարանում եւ այլ վայրերում:

Համայնքների խոշորացման հայեցակարգով, փնջային տարբերակի համար որոշակի սկզբունքներ էին սահմանված, հիմա երբ անցում է կատարվել շրջանային տարբերակին կամ` երկու մոդելն էլ կիրառում են, արդյոք չե՞ն խախտվել այդ սկզբունքները:

- Այդ սկզբունքները, մեծի մասամբ, իրենց մեջ ներառում էին չափորոշիչներ: Ընդ որում, մենք պայմանականորեն ասում էինք` այս մի խումբ չափորոշիչները պարտադիր են, այս մյուս խումբ չափորոշիչները կարող են խորհրդատվական լինել: Խորհրդատվական չափորոշիչ էր համարվում մենթալությունը, երբ միավորում են այն համայնքները, որոնց բնակիչները համատեղելիության կտրուկ տարբերություն չունեն, օրինակ, ազգային փոքրամասնությունները: Մյուսը՝ փորձել համայնքների փնջերը ձեւավորել այն բնակավայրերից, որոնք սովետական իշխանության ժամանակ միավորված են եղել նույն գյուղսովետում եւ համատեղ աշխատելու որոշակի փորձ ունեն: Մյուս սկզբունքներն ավելի շատ չափորոշիչ էին, օրինակ, երբ սահմանված էր համայնքների միջեւ առավելագույն հեռավորությունը: Ասվում էր, որ սահմանվածից ավելի հեռու պայմաններում բնակիչների համար որոշակի դժվարություններ են առաջանում: Այդ չափորոշիչը 3 անգամ փոխվեց մեծանալու միտումով: Հեռավորության մասին խոսելիս ոչ թե կիլոմետրը պետք է նկատի ունենալ, այլ, թե որքան ժամանակում է մարդն այդ ճանապարհն անցնում: 22-25 կմ-ը դեռեւս ոչինչ չի նշանակում, եթե մենք խոսում են ասֆալտապատ ճանապարհի մասին՝ դա կխլի 20 րոպե, բայց երբ խոսում ենք Սիսիանի գյուղերի մասին, որտեղից մարդիկ 40-50 կմ հեռավորությունը պիտի կտրեն դաշտամիջյան ու գրունտային ճանապարհով` սա արդեն բոլորովին այլ բան է: Այս չափորոշիչի համար հաստատվեց 25 կմ-ը, իսկ վերջին խոշորացումով այն բոլորովին անտեսված է: 

Մյուս սկզբունքը վերաբերում էր համայնքային կենտրոնում բոլոր ենթակառուցվածքների առկայությանը: Ասվում է, եթե ենթակառուցվածքները չկան` ուրեմն իշխանությունը դրանք պետք է ստեղծի, հետո խոշորացնի, որպեսզի նոր ձեւավորված համայնքում բոլոր համայնքային ենթակառուցվածքները լինեն: Սա վերաբերում է սոցիալական, կրթական, առողջապահական, մշակութային եթակառուցվածքներին:

Այսինքն, ավելի փոքրաթիվ համայնքներով խոշորացնելը նախադրյալ էր, որպեսզի որոշակի փնջի համար գոնե համայնքային կենտրոնում անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծեին: Իսկ այս տարբերակով, երբ խոշորացումն իրականացնում են նախկին շրջանները վերականգնելով` Կառավարությունը, փաստորեն, իրեն ազատել է պարտավորություններից: Նախկին շրջկենտրոններում դեռեւս խորհրդային ժամանակներից լավ թե վատ, ինչ-որ բաներ կան ստեղծված, եւ այլեւս նոր բան ստեղծելու անհրաժեշտությունը չի լինի:

- Այո, իհարկե: Չեմ կարծում, թե այլեւս հայեցակարգային որեւէ պահանջ նրանց անհանգստացնում է: Ինձ համար ամոթալի է, որովհետեւ համայնքներում ինձ ընկալում են մի մարդու, որն այս գաղափարի կրողն է, եւ ինձնից բացատրություն են պահանջում: Ես բոլորից ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող ազդել  գործընթացի վրա: Խորապես համոզված եմ եւ մասնագիտորեն հաստատակամ եմ, որ խոշորացումն անհրաժեշտ է, բայց այն խոշորացումը, որն այսօր արվում է՝ արվում է փակ, գաղտնի, փակ դռների հետեւում, ես չեմ ողջունում: Նախագիծը հանկարծ հայտնվում է Կառավարության կայքում, մեկ շաբաթ հետո ուղարկվում է ԱԺ եւ արագ ընդունվում է: Այստեղ Սահմանադրական կարգի խախտում կա. Սահմանադրության 190 հոդվածում ասվում է· «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»: Կարծիքը լսելու հազարավոր ձեւեր կան, բայց ԱԺ-ն ե՞րբ հասցրեց լսել նրանց կարծիքը: Կառավարությունն ուրբաթ օրն ընդունել է համայնքների վարչատարածքային բաժանման փոփոխությունների նախագիծը ԱԺ ուղարկելու որոշումը, երկուշաբթի օրը կեսօրին եղել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` համայնքների մասնակցությամբ: Առնվազն 360 մարդ պետք է ներկա լիներ նիստին, քանի որ այդքան համայնք էր միավորվում, եւ բոլորի կարծիքը պետք էր հարցնել: Ինչպե՞ս են կարողացել մի քանի ժամում 360 համայնքին հրավիրել եւ նրանց կարծիքը հարցնել:

Փնջային մոդելի դեպքում, օրինակ, Կապանում ու Սիսիանում 5 համայնք պետք է ձեւավորվեր, որոշակի ենթակառուցվածքներ ստեղծելով` համայնքները հզորացնել, իսկ հետո, եթե նպատակահարմար լիներ՝ կրկին խոշորացնել, ինչպես արել են Լեհաստանում, Գերմանիայում եւ այլ երկրներում: Հիմա, երբ միավորումը կատարվել է շրջաններով, մարզային քաղաք ղեկավարողները, որոնք մեծ մասշտաբի կառավարման փորձառություն չունեն, արդյոք, պատրա՞ստ են մի ամբողջ շրջան կառավարել:

- Շատ ճիշտ հարց եք տալիս, որովհետեւ 4-5 բնակավայր ղեկավարելը մի բան է, 30-35-ը՝ բոլորովին այլ բան է: Այս դեպքում արդեն աշխատակազմի ունակության հարցը կա, կառավարման համակարգի այլ կառուցվածք պետք է լինի, ֆինանսական կառավարման մոդելի ավելի լավացում, բնակչության հետ աշխատանքի որոշակի փոփոխություններ եւ այլն: Ո՞ւր ենք շտապում: Երբ սխալվենք փոքրի դեպքում` հաջորդ ընտրությունների ժամանակ, առանց լրացուցիչ ֆինանսական դժվարության, փոփոխություն կատարելու հնարավորություն ունենք: Մեծ թվով համայնքները միավորելու դեպքում, հետագա բաժանումը գործնականում դառնում է անհնար: Երբ սեփականությունը միացնում ես, ու բոլորը դառնում են դրա տերը` բաժանելուց հարց է առաջանում, թե որը ումն ես տալու: Դանդաղ եւ ավելի փոքր միավորումների տարբերակով փորձառություն ձեռք բերելով` առաջ գնալն էր ճիշտ:

Համայնքների քանի՞ տոկոսն է խոշորացվել փնջային մոդելով եւ քանի՞սը՝ շրջանային:

- Մոդելով բոլորը փնջային են, որովհետեւ շրջանային մոդելն ընդունելու տարբերակով նախատեսվում էր բոլորը խոշորացնել միանգամից` բոլոր շրջանները վերականգնելով, վերաձեւավորել մարզի կառավարման համակարգը, մարզերի քանակն ավելի փոքրացնել, իրականացնել ապակենտրոնացում` մարզպետարանների լիազորությունները հանձնել համայնքներին, որոշ լիազորություններ տալ նաեւ նախարարությունից: Բայց մենք քարտեզով շրջանային մոդելով ենք խոշորացնում, իսկ լիազորությունների մասով` ասում ենք փնջային ենք կատարում: Եվ դա միայն նրա համար, որպեսզի հանկարծ խոր ապակենտրոնացման հարց չառաջանա: Վերջին խոշորացումը, հիմնականում, շրջանի տարածքով է իրականացվել:

Խոշորացման արդյունքում անհամաչափ համայնքներ ձեւավորվեցին ոչ միայն միավորված համայնքների քանակի, նրանց զբաղեցրած վարչատարածքի առումով, այլեւ՝ բնակչության թվաքանակի: Ձեւավորվել են 1500-ից մինչեւ 40 000 բնակիչ ունեցող համայնքներ: Այդ հանգամանքը նոր խոչընդոտներ չի՞ ստեղծելու կառավարման համար:

- Այո, այդ անհամաչափությունը առաջին հերթին խոչընդոտելու է լիազորությունների ապակենտրոնացմանը. այս վիճակով դպրոցները, սոցիալական, առողջապահական ծառայությունները հնարավոր չէ հանձնել համայնքային կառավարման: Այն, ինչ կարող ենք անել Սիսիանի համար, չենք կարող փոխանցել Գորայքին, որովհետեւ ցանկացած լիազորություն Գորայքի համար ծանր է լինելու: Իսկ Սիսիանին լիազորություններ չտալը ծիծաղելի է: Այս տարբերակով Գորայքի համար միջհամայնքային միավորում ստեղծե՞նք: Տարիներ շարունակ իշխանությունն ասում էր՝ համայնքները համաչափ չեն՝ փոքր են ու շատ, այդ պատճառով ապակենտրոնացում չենք կարողանում իրականացնել: Պատկերացրեք նույն օրենքով ե՛ւ Գյումրին է կառավարվում, ե՛ւ Քաշունին` իր 16 հոգանոց բնակչությամբ: Խնդիր դրեցինք համայնքները հնարավորինս համաչափ դարձնել, որպեսզի ապակենտրոնացման հարցը լուծվի:

Բայց խոշորացման այս ձեւով դարձյալ անհամաչափությունը պահպանվեց:

- Կասկածում եմ, որ այս ձեւով կավարտվի վարչատարածքային բաժանումը: Հավանաբար, մտածում են, եթե չստացվի` վերջում շրջանայինով կմիավորենք: Որովետեւ այն անտարբերությամբ, որով այսօր իրականացվում է համայնքների միավորումը` ինձ ստիպում է մտածել, որ հավանաբար, այդպես են անելու:

Պրն Մովսիսյան, հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ 250 կազմակերպություն մի հայտարարություն տարածեց, որտեղ մի շարք խնդիրներ էին ներկայացրել խոշորացման հետ կապված եւ իշխանությունից պահանջում էին անհապաղ հանրությանը ներկայացնել վարչատարածքային նոր բաժանման նախնական քարտեզը: Որեւէ արձագանք եղա՞վ:

- Ոչ մի արձագանք, եւ ոչ միայն այդ հայտարարությանը, այս մտահոգությունը ես հայտնել եմ տարբեր ձեւաչափի հրապարակումներով, հեռուստատեսային ելույթներով, որոնց ժամանակ կոչ էի անում հաջորդ փուլի խոշորացումն ավելի մասնակցային, ավելի թափանցիկ կատարել: Բացարձակ անտարբերություն է:

Հենց սկզբից հանրությունը մեծ անհանգստություն ուներ, որ խոշորացումը կնպաստի համայնքների դատարկմանը, հատկապես, սահմանամերձ մարզերում: Հիմա, երբ խոշորացումը կատարվում է այդքան աղաղակող անհամաչափությամբ՝ մի տեղում 3-4 համայնք, մեկ ուրիշ դեպքում՝ միավորում են ամբողջական շրջաններ՝ առանց նյութատեխնիկական ռեսուրսների, ենթակառուցվածքների, կառավարման փորձառության, առարկայական չե՞ն դառնում մարդկանց կանխատեսումներն ու մտահոգությունները:

- Մենք մշտապես ասել ենք, որ դատարկվելը խոշորացման հետ կապ չունի: Առաջին 18 համայնքները խոշորացնելու ժամանակ համայնքներից մի քանիսում որոշակի աշխատանք կատարվեց՝ լուսավորության անցկացվեց, մանկապարտեզ (թեկուզ մի խմբակ) բացվեց, տեխնիկա տրամադրվեց եւ այլն: Երբ համայնքները միանգամից մեծ քանակով են խոշորացվում՝ դա մեծ ռեսուրս է պահանջում: Հիմա 360 համայնքը, խոշորացվելով, դարձավ 34, ունե՞նք այն ռեսուրսը, որ բնակիչներին փոփոխություն ցույց տանք, նա էլ տեսի, որ ինչ-որ բան փոխվեց իր կյանքում: Եթե ունենք՝ շատ ավելի լավ, իսկ եթե՝ ոչ, բնակիչը որեւէ փոփոխություն չի զգալու, ավելին, լրացուցիչ դժվարություններ ենք ստեղծում` նրա համար ծառայություններն ավելի հեռացնելով: Հիմա մարդկանց ինչպե՞ս ենք համոզելու, որ խոշորացումը ճիշտ էր: Երբ 4-5 համայնք ես միավորում մեկում, նա դեռ մեծ անհանգստություն չունի, իսկ երբ Կապանն են ամբողջ շրջանով միավորում, որի վերջին գյուղերն այլ երկրի սահմանին են մոտենում, սա արդեն լուրջ խնդիր է:

Երկրի զարգացման տարբեր մոդելներ կան, այսօր խրախուսվում է եւ աշխարհը գնում է բազմակենտրոն զարգացման ճանապարհով, որպեսզի հնարավոր բոլոր տեղերում կենտրոններ ստեղծվեն, դրանց շուրջ ծառայություն ձեւավորվի, եւ մարդիկ մնան այդտեղ: Հենց դարձնում ես մի հատ՝ բոլորը գալիս են կենտրոն, որովհետեւ ծառայությունները բերվում են համայնքային կենտրոն: Հիմա մենք սա լավ չենք պատկերացնում: Վտանգավոր է այս ձեւով խոշորացնելը:

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
Վայ այն ժողովրդին որը կնկնի անխելք, անգետ ու մեծամիտ կառավարիչների ձեռքը: Իսկ այստեղ պարզապես այն դեպքն է երբ плохому танцору яйца мешают. Սրանք դեռ չեն էլ հասկացել, որ անհեթեթություն է հայաստանի լեռնային գյուղերը Լեհաստանների ու Գերմանիայի հետ համեմատելը: Նույնիսկ իրար խիստ մոտիկ հարեւան գյուղերի պայմաններն ու ապրելակերպը, հաճախ, խիստ տարբեր են այստեղ: Այսինքն՝ ունիֆիկացիայի ենթակա չեն! Հայի գյուղերին ու բնակավայրերին Աստվածը (բնությունը) տարբեր ու յուրահատուկ պայմաններ է տվել: Օրինակ, մեկը սարի տակն է եւ ջուր ու հող ունի, իսկ մյուսը սարի գլխին ոչխար է պահում եւ հող ու ջուր չունի: Հիմա նրանք պահանջում են հավասար պայմաններ - ի՞նչ պիտի պատասխանի միացյալ իշխանավորը:
Լիանա
Կարծում եմ կառավարության կողմից շրջանային խոշորացման մոտեցումը շատ տեղին է: Ենթակառուցվածքներ միշտ էլ կարելի է ստեղծել, եթե դա իհարկե չի վերաբերվում խոշորացված համայնքապետարանների ուռճացած աշխատակազմերի կարիքների բավարարմանը: Ինչ կապ ունի համայնքը քանի կիլոմետր է հեռու կենտրոնից: Տպավորություն է ստացվում, որ համայնքների դատարկվող բնակչությունը ամեն օր գնում է համայնքապետարան: Իհարկե ոչ, ինչի համար: Լավ ղեկավարի համար կապ չունի քանի հոգիանոց համայնք է ղեկավարում, նաև հակառակը: Խորհրդային ժամանակներում իզուր չէին շրջաններ ստեղծվել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter