HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Բան ու գործս չէր պրծել, որ ցուցմունք տայի»,- «Սարի թաղի» գործով վկա

«Սարի թաղի» գործով այսօր շարունակվեց վկաների հարցաքննությունը: Ամբաստանյալներ Սարգիս Արաբաջյանի և Կարեն Վանոյանի գործով այս անգամ վկայությամբ հանդես եկավ ոստիկանության տեսուչ Ռաֆայել Մանուկյանը:

Ըստ վկայի՝ Սարի թաղում հավաքված քաղաքացիների մի մասը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, վկան պարզաբանում է ենթադրությունը նրանով, որ սթափ վիճակում գտնվողը ոստիկանության աշխատակիցների, սպաների հետ «նման ձևով չի խոսում»: Վկան նշեց նաև, որ տեսել է՝ ինչպես է Էրեբունի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Արմեն Գալստյանը վիրավորվել՝ քաղաքացիների կողմից նետած քարերից: Վկան ներկայացրեց, որ երբ ժամանել են Սարի թաղ, հավաքված ժողովուրդը վիճանություն մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ, սկսել հայհոյել, հետո քարեր նետել: 

Ընթերցվեցին վկայի նախաքննական ցուցմունքները, որի ժամանակ պարզվեց, որ կան էական հակասություններ: Օրինակ՝ նախաքննական ցուցմունքի մեջ վկան նշել էր, որ քաղաքացիների նպատակն է եղել գնալ ՊՊԾ գունդ, ուստի ոստիկանների հետ վիճաբանության մեջ են մտել: Իսկ դատարանում նշել էր, որ տեղյակ չէ վիճաբանության պատճառի մասին: Ռաֆայել Մանուկյանը դատավոր Աննա Դանիբեկյանի այն հարցին, թե քաղաքացիների մեջ հանդարտվելու կոչեր անողներ չի՞ տեսել, վկան պատասխանեց՝ ոչ, նա հավելեց նաև, որ հայհոյանքները միայն քաղաքացիներն են հնչեցրել, քանի որ ոստիկանները չեն հայհոյում:

Վկան նշել էր նաև, որ վիճաբանության ընթացքում առավել շատ աչքի է ընկել դեղին վերնաշապիկով տղան: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի այն հարցին, թե ինչու նախաքննության ընթացքում չի հայտնել այն հանգամանքերը, որոնք ներկայացնում է դատարանում, վկան ասաց. «Բան ու գործս չէր պրծել, որ ցուցմունք տայի»:

Ամբաստանյալներից Կարեն Վանոյանն էլ հանդես եկավ հայտարարությամբ և նշեց. «10 հատ ոստիկան պիտի կանգնած լինի, ես խմեմ, որ չվախենա՞մ մոտենամ և խոսեմ: Եթե 20 հոգի ոստիկան էլ լինի, ես կմոտենամ, կխոսեմ իրենց հետ»: Կարեն Վանոյանը հավելեց, որ ինքը չի ցանկացել իջնել ՊՊԾ գունդ:

Այսօր դատարան հրավիրված հաջորդ վկան Վահան Կարագյոզովն էր, ով նախորդ վկայի դատաքննության ժամանակ ևս ներկա էր գտնվել, դատարանը չէր նկատել այդ հանգամանքը: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց, որպեսզի վկան չհարցաքննվի՝ նշելով, որ քրեական դատավարության օրենսգրքում հստակ նշված է, որ վկան մինչև իր դատաքննությունը  պետք է սպասի դատական դահլիճից դուրս գնվող սենյակում: Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ նշեց, որ այդ փաստը չի խանգարում վկային հարցաքննելու համար: Դատավորի այս որոշումից հետո, փաստաբանը հայտարարեց, որ դատավորին բացարկի միջնորդություն է ներկայացնում։ «Դուք ցուցադրում եք ձեր շահագրգռվածությունը մեղադրական կողմի նկատմամբ, եթե այդպես է, Սարի թաղի գործով բոլոր վկաներին բերեք այստեղ, դահլիճում նստեն»,- հայտնեց Լ. Սիմոնյանը:

Այսօրվա նիստն ավարտվեց, հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 1-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter