Երկուշաբթի, 23 հուլիսի

Վկան չի տեսել Անդրիաս Ղուկասյանին քարեր նետելիս, սակայն լսել է, որ նա կոչեր է անում



Անդիրաս Ղուկասյանի գործով այսօրվա նիստին շարունակվեց վկաների հարցաքննությունը: Հարցաքննվեց ոստիկանության տեսուչ Էդգար Պապիկյանը: Վկան նշեց, որ Անդիրաս Ղուկասյանին հանդիպել է Խորենացի փողոցում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ՝ 2016թ.-ի հուլիսի 29-ին:

«Ծառայություն էինք իրականացնում, իմացանք, որ Ազատության պողոտայից երթի մասնակիցները շարժվում են դեպի Խորենացի փողոց, սակայն մտել էին դեպի Սարի թաղ՝ ճեղքելով ոստիկանության պատնեշը»,- պատմեց վկան, հետո ավելացրեց, որ ոստիկանների հասցեին երթի մասնակիցները հայհոյանքներ են հնչեցրել, վիճաբանել, այնուհետև քարերով և տարբեր առարկաներով հարվածել:

Պապիկյանը նշեց, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվածներին ժամանակ են տվել, որպեսզի դադարեցնեն զանգվածային անկարգությունները.«Նրանց թվում Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, փոխոստիկանապետ  Հովհաննիսյան Սամվելը»: Վկան նշեց, որ հավաքի մասնակիցներից առաջին շարքերում է տեսել Անդրիաս Ղուկասյանին, ով կոչ է արել, որպեսզի կանայք հետ գնան, իսկ տղամարդիկ առաջ գնան և քարերով հարվածեն ոստիկաններին:

«Այդ ժամանակ ներքին զորքերը հատուկ միջոցներ և ռետինե մահակներ սկսեցին կիրառել: Իսկ զանգվածային անկարգությունների մասնակիցները դիմեցին փախուստի»,- նշեց վկան:

Վկան նշեց, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո ծառայություն է իրականացրել գնդի շրջակա տարածքներում: Ըստ նրա՝ վտանգավոր է եղել քաղաքացիների ներկայությունն այդ վայրերում, քանի որ կրակոցներ են լսվել ՊՊԾ գնդի տարածքից:

«Հավաքներ է անցկացվել այդ տարածքում, իսկ ոստիկանությունը կոչ է արել, որ անվտանգություն իրականացնող տարածքներում հանրահավաքներ իրականացնելը վտանգավոր է»,- նշեց վկա Պապիկյանը հավելելով, որ հավաքի մասնակիցների նպատակն է եղել միանալ զինված խմբին՝ «իրենց եղբայրներին»:

Վկան չի տեսել Անդրիաս Ղուկասյանին քարեր նետելիս, սակայն լսել է, որ նա կոչեր է անում։ Վկան առաջին շարքերում տեսել է Դավիթ Սանասարյանին: Հետո նշեց, որ այդ ժամանակ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը զրուցել է Արմեն Մարտիրոսյանի հետ: Վկան հիշում է, որ Կարապետյանն ասել է, թե ոստիկանությունը 5 րոպե ժամանակ է տվել Մարտիրոսյանին՝ «ժողովրդին նույն ճանապարհով հետ տանելու համար»: 

Սակայն ավելացրեց, որ քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին և սկսել են քարերով հարվածել: «Երբ շարունակել են բռնի գործողությունները, Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք»,- հավելեց վկան:

Վկա Պիպիկյանը նշեց նաև, որ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը ևս քարեր հավաքելու կոչեր են արել: «Զարուհի Փոստանջյանն ասաց, եթե ոստիկանները առաջ գան, մենք քարերով կհարվածենք»,- նշեց վկան:

Անդրիաս Ղուկասյանի այն հարցին, թե հուլիսի 17-ից սկսած հանրահավաքների նպատակը ո՞րն է եղել, վկան պատասխանեց, որ ՊՊԾ գունդ մտնելը: Մասնակիցները ոստիկաններին պահանջ են ներկայացրել, որ ճանապարհը բացեն, որպեսզի կարողանան մտնել ՊՊԾ գունդ: 

Դատարանը նիստը հետաձգեց, քանի որ պաշտպան Կարեն Մեժլումյանը լքել էր նիստերի դահլիճը` Վերաքննիչ դատարանում այլ նիստ ունենալու պատճառով, սակայն այդ մասին նախագահողին տեղյակ չէր պահել. ընդմիջման ընթացքում զգուշացրել էր նիստերի քարտուղարին: Նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը հայտարարեց, որ փաստաբանը չի հարգում դատարանին և առանց թույլտվություն խնդրելու լքել է նիստերի դահլիճը: Այս գործով հաջորդ նիստի օրը նշանակվեց նոյեմբերի 28-ին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ