Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ֆրանսիայում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, միլիարդատեր Սուլեյման Կերիմովը



Ֆրանսիական Նիս քաղաքում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, միլիարդատեր Սուլեյման Կերիմովը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությանը:

«Նոյեմբերի 20-ին՝ ուշ երեկոյան, Նիսի օդանավակայանում ձերբակալվել է Սուլեյման Կերիմովը: Նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Տեղեկությունը ստանալուց հետո Վիլֆրանշ-սյուր-Մեր քաղաքում Ռուսաստանի հյուպատոսության աշխատակիցները ժամանել են օդանավակայան և հանդիպել Կերիմովին: Դա եղել է տեղական ժամանակով 03:30-ին»,- հաղորդել են Ֆրանսիայի դեսպանատնից:

Դեռևս պաշտոնական տեղեկություն չկա, թե ֆրանսիական կողմը ինչ մեղադրանքներ է ներկայացրել Կերիմովին: Այս պահին նա գտնվում է Նիսի ոստիկանական բաժանմունքներից մեկում: Հայտնի չէ նաև, թե որքան ժամանակ է նա մնալու հսկողության տակ:

2008 թվականից Սուլեյման Կերիմովը Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ է ներկայացնելով Դաղստանի Հանրապետությունը: Ըստ Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում 51-ամյա Կերիմովը 2017 թվականի դրությամբ զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում է 6,3 միլիարդ դոլար: Կերիմովների ընտանիքին է պատկանում Մախաչկալայի միջազգային օդանավակայանի բաժնետոմսերի 82,44 %-ը: Գործարարը երկար ժամանակ հանդիսացել է նաև «Անժի» ֆուտբոլային ակումբի սեփականատերը: Դաղստանյան ակումբում ժամանակին խոշոր ներդրումներ արվեցին, հրավիրվեցին անվանի ֆուտբոլիստներ, սակայն ֆուտբոլային նախագիծը այդպես էլ հաջողություն չունեցավ: Կերիմովին է պատկանում նաև «Нафта Москва» ներդրումային հիմնադրամը:

2017 թվականի մարտին Nice Matin պարբերականը գրել էր, որ դաղստանցի գործածարը կասկածվում է Լազուրի ափում անշարժ գույք ունենալու մեջ: Թերթը գրել էր, որ փետրվար ամսին 12 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածք ունեցող առանձնատանը, որը ամենայն հավանականությամբ պատկանում է Կերիմովին, խուզարկություններ են եղել: Nice Matin-ի տեղեկություններով՝ քննիչները դրամական կտրոններ են հայտնաբերել, իսկ առանձնատան ավտոտնակում՝ «Ֆեռարի» և «Բուգատի» մակնիշի ավտոմեքենաներ:

Առանձնատան փաստաթղթերի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատերը շվեյցարացի ֆինանսիստ Ալեքսանդեր Շտուդհալտերն է եղել, սակայն Ֆրանսիայի իրավապահ մարմինները կարծում են, որ վերջինս ձևական սեփականատեր է, գրել է ֆրանսիական պարբերականը:

Սուլեյման Կերիմովի ներկայացուցիչները Լազուրի ափում սեփականություն ունենալու մասին տեղեկությունները հերքել են:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ