HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ-դիմում Արդվի գյուղից` ԱԺ լոռեցի պատգամավորներին

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբն այսօր Արդվի գյուղի անունից բաց նամակ- դիմում է ուղղել Լոռու մարզից ընտրված և լոռեցի ՀՀ ԱԺ պատգամավորներին` խնդրելով աջակցել Արդվի գյուղին Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում: Նամակը ներկայացնում ենք նույնությամբ.

«Լոռու մարզից ընտրված և լոռեցի հարգելի ՀՀ ԱԺ պատգամավորներ` Վահրամ Բաղդասարյան, Կարեն Կարապետյան, Էդուարդ Շարմազանով, Արկադի Համբարձումյան, Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան, Վանիկ Ասատրյան, Արմենուհի Կյուրեղյան,

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակչությունը դիմում է ձեզ` որպես լոռեցիների, օգնության ակնկալիքով:

«ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ն ցանկանում է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում, ինչով վտանգի տակ է դնում Արդվի գյուղի  բնակչության առողջությունը և գոյությունը: Այս գործընթացին դեմ առնելու համար  2017 թ-ի հուլիսի 26-ին Արդվի գյուղը փակեց գյուղ տանող ճանապարհը «ՄԻՌԱՄ» ընկերության առաջ: Արտահայտելով իրենց կամքը` արդվեցիները «ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ին մերժելու պահանջով դիմեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որի տակ ստորագրել է 94 բնակիչ, այսինքն` գյուղի ողջ հասուն բնակչությունը:  

Ներկայումս ընկերությունը կատարել է խորամանկ քայլ` Արդվու վարչական տարածքում գտնվող 146 հա տարածքը դուրս բերելով նախագծից և փոխարենը թողնելով Մղարթի 54 հա տարածքը: Այդ հողերը Մղարթի բնակելի տներից գտնվում են 3.4 կմ հեռավորության վրա, իսկ Արդվու բնակելի տներից` 2.2 կմ: Ռելիեֆի առանձնահատկությունից ելնելով` Արդվին գտնվում է անմիջապես հանքերևակման ազդեցության գոտում, այդ տարածքից հոսող աղբյուրներից է օգտվում Արդվու բնակչությունը, այդ տարածքով հոսող անձրևաջրերը հոսում են դեպի Արդվու արոտավայրերը:

Շեկաղբյուրի հանքերևակումը ոսկի-բազմամետաղային է, ինչը նշանակում է, որ հանքաքարի պարունակության մեջ հիմնական տարրերը կապարը և ցինկն են, իսկ մյուս տարրերն ուղեկցող տարրեր են (ոսկի, արծաթ, պղինձ, բիսմուտ, սելեն, թելուր, արսենիում (մկնդեղ), ծարիր, լանտանոիդների խմբի մետաղներ և այլ տարրեր, որոնք խիստ վնասակար են մարդու առողջության համար և անկառավարելի կդարձնեն մեր ջրերի և հողերի աղտոտումը  դրանցով:

«ՄԻՌԱՄ» ընկերությունը, առանց Արդվի գյուղին տեղեկացնելու, սույն թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քննարկում է անցկացրել Մղարթ գյուղում և, ստանալով Մղարթի նախնական համաձայնությունը, Շեկաղբյուրի ծրագրի փաստաթղթերն ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարություն բնապահպանական փորձաքննության: Բնապահպանության նախարարությունն ընդունել է «ՄԻՌԱՄ»-ի հայտը փորձաքննության` ճանաչելով նաև Արդվի գյուղը` որպես Շեկաղբյուրի ծրագրի ազդակիր բնակավայր: Շեկաղբյուրի ծրագրի հանրային 2-րդ լսումները նշանակված են սույն թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Մղարթում:

Այսպիսով, Արդվի գյուղի բնակիչների բացասական կարծիքը, որը նաև հաստատված է փաստաթղթերով, անտեսվել է: «ՄԻՌԱՄ» ընկերությունը խախտել է Արդվի գյուղի`որպես ազդակիր բնակավայրի տեղեկացված լինելու իրավունքը և որոշումների կայացման գործընթացում մասնակցության իրավունքը:

«ՄԻՌԱՄ» ՍՊԸ-ի կողմից Շեկաղբյուրի ծրագրի իրականացման արդյունքում կխախտվեն մեր հիմնարար իրավունքները. առողջության և առողջ շրջակա միջավայրի իրավունքը, մաքուր օդ, հող, ջուր ունենալու իրավունքը, բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման իրավունքը, սեփական գործունեության իրականացման ընտրության իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը:

Այս խնդիրն ավելի է սրվել համայնքների խոշորացման արդյունքում, քանի որ Արդվին կորցրել է իր ինքնուրույնությունը, և անորոշ է, թե ինչ որոշում կկայացնի խոշորացած Օձունը այս հարցի վերաբերյալ: Այսպիսով, «ՄԻՌԱՄ» ընկերության նման գործելաոճը նպաստում է ներհամայնքային կոնֆլիկտների սրմանը և համայնքների խոշորացման ծրագրի ձախողմանը:

Արդվեցիները դիմում են ձեզ, որպեսզի դուք, որպես ժողովրդի ընտրյալներ, աջակցեք Արդվի գյուղին Շեկաղբյուրի ծրագիրը կանգնեցնելու հարցում:

Թույլ չտանք Հայաստանի էկոլոգիապես մաքուր եզակի գյուղերից մեկի` Արդվիի թունավորումը հանքարդյունաբերական արգասիքներով»:

Լուսանկարում` Արդվի համայնքի բնակիչներն ու բնապահպանները հողով փակում են «Միռամ» ՍՊԸ-ի` Շեկաղբյուրի ոսկու պաշարների համար երկրաբանական ուսումնասիրություններ անցկացնելու համար փորած փոսը / Նարեկ Ալեքսանյան, Հետք

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ Կիրակոսյան
Միթե ամոթն ու խիղճը իսկապես վերացել են հայ իշխանավորների համար? Վահրամ Բաղդասարյանը մի քանի անգամ հրապարակորեն երդվել է, որ ինքը կապ չունի այդ գործի հետ, սակայն փաստերն այլ բան են ասում՝ (տես այստեղ. http://ecolur.org/hy/news/mining/-/9500/ http://hayastan24.com/?p=18978&l=en ) Լոռվա մարզպետը հանդիսավոր հայտարարել է՝ Արդվու ժողովրդի կամքին հակառակ հանք չի բացվելու! (տես այստեղ. http://www.tert.am/am/news/2017/08/09/Artur-nalbandyan/2453124) Նման հավաստիացում տվել է նաեւ բնապահպանության նախարարությունը .... եւ անցել են նման էժանագին մեքենայությունների: Արդեն պարզ պիտի լինի, թե ինչպես են «մրսում» գյուղապետերը իշխանական կուսակցապետից: Եթե Արդվին վերանա, ապա հաջորդը մյուս գյուղերն են լինելու եւ Լոռվա սարահարթի այդ չքնաղ մասը կամայանա մի քանի տարում, ինչպես Արմանիսն է հիմա: ՀՀ հարգելի պրեզիդենտը վեհ նպատակ է հայտարարել՝ Հայաստանի բնակչությունը պիտի հասնի չորս միլիոնի: Սակայն պարզագույն հարց է առաջանում - իսկ որտեղ են ապրելու եւ արարելու նրանք, միթե թունավոր աղբակույտերի վրա?
Ձեր ընթերցող
Հարգելի «ՀԵՏՔ» , այս նամակը կարծես շուտ եք հետին պլան ուղարկել, այստեղ կարեւոր մարդկանց են դիմել: Գուցե նրանցից ոմանք դեռ չեն հասցրել կարդալ .... հետո կնեղանան: Գուցե մի քիչ տեսանելի դարձնեք?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter