Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ցցված մետաղներ, ջարդված ճոճանակ ու սահարաններ. Երեւանի մանկական խաղահրապարակներն անվտանգ չեն



Մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ավելի քան 30 մանկական խաղահրապարակների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանց մեծ մասը վտանգ է ներկայացնում երեխաների կյանքին եւ առողջությանը։ Բոլոր խաղահրապարակներում էլ արձանագրվել են մեծ կամ փոքր խնդիրներ։

Ուսումնասիրությունն իրականացրել է «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» հասարակական կազմակերպության թիմը, Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղհասարակության ծրագրի աջակցությամբ։

Խմբի անդամ Մարի Չաքրյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ խնդիրներ են արձանագրվել նաեւ Ավան վարչական շրջանում։ Համարվում է, որ Ավանն ամենաբարեկարգն է, ամենախնամված, քանի որ դա քաղաքապետի վարչական շրջանն է։ 

Մարի Չաքրյանը պատմեց, որ Երեւանի մանկական խաղահրապարակներից շատերը, առաջին հերթին, աղբով են լցված։ Ավազե շերտը լցված է գարեջրի շշերով, ծխախոտի մնացորդներով եւ այլն։ Բայց դա չարյաց փոքրագույնն է։
Օրինակ, սահարաններից մեկը կոտրվել է, եւ խաղահրապարակի պատասխանատու մարմինը, ենթադրաբար՝ վարչական շրջանի աշխատակազմը, փորձել է խնդիրը լուծել մետաղական մասի փոխարեն՝ պակաս մասը լցնելով բետոնով։ Թե ինչպես պետք է երեխան սահի բետոնե սահարանի վրայով, անհասկանալի է։

Ավան վարչական շրջանում` Մարշալ Բաբաջանյան փողոցին հարող բակերից մեկում, խումբը խաղահրապարակի տարածքում գազի բաժանարար է հայտնաբերել։ Այն գոնե պարսպով կամ ցանկապատով առանձնացված չէ կարուսելներից ու սահարաններից։ Խաղահրապարակի դեմ-դիմաց` փողոցի հակառակ կողմում, գործում է ավտոմեքենաների գազալցակայան։ Գրեթե բոլոր վարչական շրջաններում կոտրված ճոճանակներ են հայտնաբերվել։

Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Լվովյան փողոցին հարող բակերից մեկում, հայտնաբերվել է կտրուկ անկումով սղարան, այն էլ՝ առանց եզրային մասերի պատնեշի։

Մի ուրիշ տեղում պտտաձողի տակ բետոն է արված։ Կան մանկական խաղահրապարակներ, որոնք ծածկված են ոչ թե ավազով, այլ խոշոր չափի մանրաքարերով, կամ ավազը ցրված է շատ բարակ շերտով։ Ճոճանակներ կան, որ տեղադրված են թեքության վրա։ Որոշ դեպքերում սահարանների տակ կոտրված մետաղներ են ցցված։ Որոշ խաղահրապարակներ ցանկապատով բաժանված չեն փողոցից։

«Ունենք դեպքեր, երբ խաղահրապարակի անմիջապես հարեւանությամբ էլեկտրական սնուցման կայան է։ Երեւանում կան խաղահրապարակներ, որոնք իսկապես հիանալի տեսք ունեն, կոկիկ, մաքուր, ցանկապատված, անգամ դուռ ունեն, ծառաշատ են։ Սակայն մի մասում էլ պարիսպ չկա, դրանք գտնվում են անմիջապես խաչմերուկներին։ Եթե երեխաներն իրար քաշքեն, վազվզեն, մի քիչ արագ սահեն ու իներցիայով առաջ գնան, վրաերթի կարող են ենթարկվել»,- ուսումնասիրություններն ամփոփում է Մարի Չաքրյանը։

«Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» հասարակական կազմակերպության թիմը նմուշառումներ է կատարել խաղահրապարակների հողից, դրանք հանձնել ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնին, հողի քիմական կազմը որոշելու նպատակով։ Նմուշառումների պատասխանը կլինի մոտ մեկ ամսից։

«Մեր նպատակն է՝ ծրագրի արդյունքում ունենալ ամփոփ հավաստի տեղեկություն, այն ներկայացնել շահագրգիռ կողմերին, ողջ այդ ընթացքում ներգրավելով քաղաքացիներին, երիտասարդ ծնողներին, որպեսզի նրանք էլ գիտակցեն իրենց իրավունքները, պահանջեն բարձր մակարդակի ծառայություններ, մասնակցեն որոշումների կայացմանը»,- նշեց Չաքրյանը։

Կազմակերպությունը պատրաստվում է հարցումներ անել քաղաքապետարանին եւ վարչական շրջանների ղեկավարներին, հանդիպումներ ունենալ եւ լուծումներ առաջարկել։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ