HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր քրեական գործեր` ընտրական գործընթացին խոչընդոտելու փաստերով

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի և լրատվամիջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն։

Այսպես, քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նյութերի համաձայն, Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ Հ. Գրիգորյանը 07.11.2017թ.-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ Շատին համայնքի ղեկավարի թեկնածու Մ. Սմբատյանի բարեկամն իրեն առաջարկել է ընտրությունների ժամանակ գումարի դիմաց քվեարկել Մ. Սմբատյանի օգտին: Նույն օրը հաղորդում է տվել նաև Շատին գյուղի բնակիչ Տ. Սիմոնյանը՝ հայտնելով, որ Մ. Սմբատյանի հիշյալ բարեկամն իրեն գումար է առաջարկել տան վերանորոգման համար՝ փոխարենը պահանջելով, որ ինքն ու որդին ընտրությունների ժամանակ քվեարկեն Մ. Սմբատյանի օգտին:

Մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 05.11.2017թ.-ին «Ցայգ» հեռուստաընկերության օպերատորը, Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղում տեղակայված ընտրատեղամասի հարակից տարածքը տեսանկարահանելիս, տեսախցիկն ուղղել է նույն գյուղի բնակիչ Պ. Էլբակյանի ուղղությամբ, սակայն վերջինս ձեռքով հրել է այն և պահանջել չնկարահանել իրեն:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ «Ցայգ» հեռուստաընկերության ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված դեպքերի առթիվ հարուցված երկու քրեական գործերն ընդունվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter