HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտության ֆինանսավորման կրճատման մասին գիտնականն ասում է. «Սատկած կենդանուն ծեծելը ո՞րն է»

Հարցազրույց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) նախագահ Հարություն Կարապետյանի հետ:

-Պարոն Կարապետյան, հաջորդ տարվանից կառավարության միջնաժամկետ ծրագրով գիտության բազային ֆինանսավորումը 4,98 տոկոսով կրճատվելու է: Սա ի՞նչ ազդեցություն կունենա գիտության ոլորտում:

-Չեմ կարծում, թե այդքան մեծ ազդեցություն ունենա, կոպիտ ասած՝ սատկած կենդանուն ծեծելը ո՞րն է: Գիտությունն այն վիճակին է հասել, որ այդ 4,98 տոկոսը եղած-չեղած՝ մեկ է: Այդ 5 տոկոսը պետք է կրճատեին այնպիսի տեղերում, ինչպես, օրինակ, ակադեմիայի նախագահությունն է (մոտ 130 հաստիք կա բարձր աշխատավարձով), պետք է նորմավորել ու կրճատել ակադեմիայի թղթակից և իսկական անդամների, այսպես կոչված, պատվովճարները (մի քանի անդամներ կան, որ արժանի են այսօր հատկացվող պատվովճարներին) կամ հայկական գիտության լոկոմոտիվ հայտարարված «Քենդլ» մեգածրագրի ու իրենց երեխաների համար ստեղծած կենտրոնների ծախսերը, որոնք ֆինանսական միջոցներ են ստանում գիտության բյուջեից։ Այդ 5 տոկոսը տարածվելու է ամբողջ ոլորտի վրա:

Տնտեսական ծախսերի կրճատման շահարկումն աբսուրդ է. դրանք հասցված են նվազագույնի (հազիվ թուղթ ու գրիչի են բավարարում), և այդ պատճառով էլ սկսելու են թոշակառուներին հանել գործից։ Այս մասին է վկայում նաև ԳՊԿ-ի կողմից նոր օրինագծում ներմուծված հավելավճարների տեսքով կարկանդակը։ Հին օրինագծի հեղինակը ՀՀ ԳԱԱ նախագահությունն էր, որով երաշխիքներ ապահովեց հենց նախագահության համար (հատուկ պետք է ընդգծել՝ նախագահության և ոչ թե համակարգի համար): Հիմա էլ, այսինքն նոր օրինագծով, համոզված եմ, ինչ-որ փորացավ է փորձում լուծել ԳՊԿ-ն։

-Գիտության մասին նոր օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ոլորտում երիտասարդացում պետք է կատարվի:

-Երիտասարդացում չի կարող կատարվել, քանի դեռ աշխատանքային այս պայմաններն են: Եթե ենթադրում ենք, որ երիտասարդացմամբ պրոգրես պիտի ապրենք, չենք ապրի, որովհետև այն երիտասարդները, ովքեր առաջընթաց են ապահովելու, չեն մնա այստեղ: Այդ անվան տակ կենտրոններ կբացեն իրենց երեխաների համար կամ էլ կազատվեն թոշակառուներից, որոնց թվում եմ և ես:

Ավելի գլոբալ նայենք: Նախ՝ երիտասարդացման համար պետք է գիտական թեմաները թարմացնել, համապատասխանեցնել գիտության ժամանակակից խնդիրներին։ Այդ փողերը կան: 100 տոկոս համոզված եմ, որ այդ ռեսուրսը կա՝ «ՖԱՍԹ»-ը (FAST- Foundation for Armenian Science and Technology- Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ), «Լույսը», բյուջեն միավորվեն, կարող են այդ խնդիրը լուծել: Ամիսներ առաջ գրել եմ և «ՖԱՍԹ»-ին, և վարչապետին: Բայց ոչ մի արձագանք չեմ ստացել: Կան ծրագրեր, որոնցով մոտ ապագայում կարելի է ավելի ռադիկալ ազդեցություն ունենալ գիտության վրա: Դա թեմաների երիտասարդացման խնդիրն է: Եթե գիտական թեմաների երիտասարդացում լինի, երիտասարդներ կգան, որովհետև դրանք կլինեն միջազգային մակարդակի, այսինքն՝ այսօրվա պահանջները բավարարող խնդիրներ:

-Շեշտադրումը որտե՞ղ պիտի արվի:

-Գաղափարի էությունը, որն առաջարկել էի քննարկել, ու մնաց անարձագանք, սա է։ Աշխարհի լավ բուհերում (ՄՏԻ, Ստենֆորդ, Կալտեխ և այլն) հայ երիտասարդներ կան, ովքեր այստեղից են գնացել, կան նաև սփյուռքահայեր: Այդ առաջնակարգ բուհերում նրանք ներգրավված են ամենաարդիական գիտական հետազոտություններ իրականացնող խմբերում: Գիտական ատենախոսությունը պաշտպանելուց հետո նրանց համար պետք է 5 տարվա երաշխավորված ֆինանսավորում ապահովել, որ վերադառնան Հայաստան ու այն թեման, որն անում են այնտեղ, և որն, անկասկած, համապատասխանում է ժամանակակից գիտական խնդիրների առաջնագծին, շարունակեն այստեղ: Եվ նաև նրանց պարտադրել, որ Հայաստանում 3-4 ուսանողներից թիմ ստեղծեն և աշխատեն:

Այսօր աշխարհում գիտության առաջնագիծը չափազանց դինամիկ է, ուրիշ է: Եթե դրսում սովորող երիտասարդները, ովքեր պաշտպանել են, վերադառնան ու աշխատեն այստեղ, հաստատ 5-10 տարի անց գիտության վիճակն ուրիշ է լինելու: Ճիշտ է, կարող են հակադարձել, որ 5–10 տարին երկար ժամանակ է։ Բայց, չպետք է մոռանալ, որ արդեն 10 տարի է, ինչ միջոցներ են մսխվում մեգածրագիր հայտարարված «Քենդլ» արագացուցիչի վրա, որն իր հերթին պետք է գիտության, ավելին՝ տնտեսության զարգացման լոկոմոտիվ հանդիսանար։

Ամենևին չեմ թերագնահատում Հայաստանում գիտության ոլորտն ընտրած տաղանդավոր երիտասարդներին, որոնց արդյունքներն ակնհայտ են ու կարիք ունեն հատուկ հոգատարության։ Բայց հետազոտական թեմաների արդիականացման տեսակետից դրսում՝ աշխարհի առաջնակարգ բուհերում պաշտպանածների հետ պետք է բանակցել, նոր լաբորատորիաներ պետք է ստեղծել, որովհետև այստեղ ունեցած սարքավորումների մասին նույնիսկ ամոթ է ասենք, թե սարքավորումներ ունենք: Անգամ բոլորին սպասարկող ՄԿՈւԿ-ը (Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոն), որն իբր ամենաթարմն էր 90-ականներին և իշխանության ներկայացուցիչների բառապաշարով գրանտակերությամբ ստացել էր քիչ թե շատ ժամանակակից մի ՄՄՌՍ (միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետր), շատ հին է։ Այդ սարքի աշխատունակության պահպանումն արդեն հերոսական ջանքեր է պահանջում, քանի որ համարյա բան չեն տալիս։ Էլ չեմ ասում մնացած մեթոդների սարքավորումների մասին։

-Նոր օրինագծով գիտության ներկա վիճակում փոփոխություն կլինի՞: Ի՞նչ եք կարծում:

-Այս միաստիճան համակարգին անցնելու մասին (նոր օրինագծով Հայաստանն անցնելու է գիտական միաստիճան համակարգի, այսինքն՝ այլևս գիտության թեկնածուներ չեն լինելու, կլինեն միայն դոկտորներ- հեղ.) երևի 20 տարի կրկնում էի, վատ բան չէ, բայց, ինձ թվում է, որ այս թոհուբոհի հիմնական նպատակը ԲՈՀ-ին (բարձրագույն որակավորման հանձնաժողով) կուլ տալն է:

Հիմա նայեք ինչ աբսուրդ է՝ Գիտության պետական կոմիտեին օրինագիծ մշակելու իրավունք են տվել, որի հիմնական նպատակը ոնց որ թե ԲՈՀ-ին կուլ տալն է: Իսկ ԳՊԿ-ի գործելաոճը հայտնի է. հետազոտությունների աջակցության նպատակով իբր մրցույթներ է կազմակերպում՝ ամենաարդարն աշխարհում, և իբր գիտական փորձաքննության արդյունքներով ֆինանսական միջոցներ են հատկացվում հաղթողներին: Աշխարհում չեք գտնի մի տեղ, որ մրցույթ կազմակերպողը հաղթող ճանաչվի՝ գրանտ ստանա։ Այդպիսի, կարելի է ասել անբարոյական, դեպք եղել է, գրվել է այդ մասին։ Մարդը գրանտների մրցույթ է կազմակերպում, և ինքն էլ ստանում է: Մի քանի հոգի բողոքում են, խոսում այդ մասին, հաջորդ տարի ինքը չի ստանում, տղան է ստանում, հետո կենտրոն են բացում տղայի համար:

Էլ չխոսենք ԳՊԿ-ի թոզփչոցիի՝ իբր փորձաքննության մասին։ Գիտական փորձաքննության մասին օրենք էլ անցկացրին՝ կարծեմ հղում անելով աշխարհում ընդունված սկզբունքներին։ Այդ օրենքն էլ է շատ խորամանկ գրված՝ գրել են գիտական փորձաքննություն, բայց մասնագիտական անկախ փորձաքննություն չեն գրել, ինչի հետևանքով գտնվում է մի վստահելի ամենագետ փորձագետ, ով վճարովի հիմունքներով պահանջված փորձաքննական եզրակացություններ է տալիս ԳՊԿ-ին գրեթե բոլոր բնագավառների աշխատանքների համար։ Այսինքն՝ փորձաքննությունը նախ մասնագիտական չէ, հետո՝ անկախ չէ, բայց ամեն ինչ համապատասխանում է օրենքին՝ խախտում չկա, կամ որ նույնն է՝ «թղթերով ամեն ինչ նորմալ է»։

Հիմա՝ այս նոր օրինագիծը, որի անհրաժեշտությունը չգիտես, թե ինչու առաջացավ։ Իհարկե, դրա անհրաժեշտությունը մեզ համար է անհասկանալի, բայց կազմողներն անկասկած նպատակ ունեն։ Իմ կարծիքով՝ դա ԲՈՀ-ին կուլ տալն է։ Չգիտեմ, միգուցե սխալվում եմ։ ԲՈՀ-ը թող մնա, մասնագիտական անկախ փորձաքննություն իրականացնի։ Դա ԳԱՏԱՀ-ի 17 տարվա փորձով եմ ասում, լուրջ ու ծանր աշխատանք է։ Նոր օրինագծով պարզ է դառնում, որ ԳՊԿ-ն նպատակ ունի բացի գրանտ տալուց ուզուրպացնել նաև գիտական կոչումների շնորհումը, այսինքն՝ գիտության մեջ ամեն բան կորոշեն ու կհաստատեն իրենք:

-Այսինքն՝ դաշտը մենաշնորհային է դառնո՞ւմ:

-Այո, մենաշնորհի խնդիր է լինելու: ԳՊԿ-ն ու ԲՈՀ-ն իրար հետ պիտի չլինեին նույն նախարարության մեջ: ԲՈՀ-ն ընդհանրապես պիտի հանեին նախարարության կազմից, անկախ պիտի լիներ, ունենար իր ընդլայնված գործառույթները, բացի սովորականից իրականացներ նաև անկախ մասնագիտական փորձաքննություն և փոխանցեր արդյունքները պետական ֆինանսավորվող մարմնին, այսօրվա վիճակով՝ ԳՊԿ-ին։ Իսկ ԳՊԿ-ն պետք է նայի ստացված արդյունքները և իրականցնի ֆինանսավորումն ու հաշվետվությունների միջոցով հետևի ներդրված միջոցների արդյունավետությանը: Չնայած իր գործունեությամբ ԲՈՀ-ն աչքիս լույսը չէ, բայց վերցնելու են, մոնոպոլիա են սարքելու: Մի անգամ էլ եմ հոդված գրել այս մասին, ասել եմ, որ ԲՈՀ-ը ոչ թե պիտի փակել, այլ դրա գործունեության տիրույթը մի քիչ մեծացնել: Այնտեղ, իհարկե, հիմա չինովնիկներ են հիմնականում աշխատում, ի՞նչ են անում՝ դնում-նայում են՝ աշխատանքն արտագրված է, թե չէ: Իրենց գործունեությունը հալած յուղի տեղ չեմ ընդունում: Ամեն տարի էլ ասում են՝ այսքան աշխատանք վերադարձնում ենք, իսկ ինչքա՞ն անորակ աշխատանք եք բաց թողել, դա՛ ասեք:

-Օրինագիծն ընդունելուց հետո ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

-Թոշակառուներին կրճատելու են, դուրս հանեն և ոչ մի խղճի խայթ չեն ունենալու: Իսկ խոստացված կարկանդակը կհատկացնեն, երբ իրականցվի Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթն իր առաջին ուղևորով։ Այսինքն՝ թոշակի հետ խոստացվող հավելավճարը պարզապես հերթական բլեֆն է։

-Գիտությունը կզարգանա՞ դրանից հետո:

-«Զարգացում» բառը պիտի չօգտագործեն, շատ ավելի բարոյական կլինիր, որ գոնե խոսեինք «տեղում դոփելու» հնարավորության մասին: Դա էլ է աչքակապություն, երկրի ղեկավարությունը մտածո՞ւմ է այդ մասին, որ իր հեղինակած մթնոլորտում նույնիսկ իրեն են հաջողությամբ խաբում ու մարսում: Իսկապես որ մթնոլորտը «գաղջ» է։ Մի երկու պարզ օրինակներ։ Նախ՝ ամենաթարմը։ Երկրի նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստճանի շքանշանով է պարգևատրում մեկին, ով ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդներից մեկի նախագահն է, որը պաշտոնական տվյալներով ամենաշատ, բառի բուն իմաստով, «բռակ» տվողն է: Հիմա հասկանալի է, չէ՞, թե որն է «հայրենիքին մատուցված ծառայությունը»։ Իսկ այդ մարդուն պարգևատրման է ներկայացրել, համոզված եմ, ԳԱԱ նախագահը։ Սա է այսօրվա ԳԱԱ նախագահության, ի դեմս ԳԱԱ նախագահի, չափորոշիչը։

Գնացեք տեսեք՝ ակադեմիկոսներն ինչո՞վ են զբաղվում հիմա՝ իրենց 30-40 տարվա թեկնածուական թեզերի «զարգացմամբ», որի կարիքը համաշխարհային գիտությունը չի զգում (ուսումնասիրեք նրանց աշխատանքների հղումները, և ամեն ինչ պարզ կլինի): Գիտությունն էլ հիմա 5 տարին մեկ փոխվում է: 60-ական թվականները չեն, որ 20 տարի նույն բանով զբաղվես, ու դեռ ակտուալ լինի: Օր-օրի է փոխվում: Կամ երկրորդը, որ ՀՀԿ նախագահին հրավիրում են «Քենդլի» առաջին փուլ հայտարարված «Արեալի» շնորհանդեսին։ Էն խիստ վիճահարույց փաստը, որ «Արեալը» հանդիսանում է «Քենդլի» առաջին փուլը, մի կողմ թողնենք (միայն բարձրյալին է հայտնի, թե երբ «Արեալը» դարձավ «Քենդլի» ինչ-որ փուլ)։ Բայց և այնպես զարմանալի է, որ նույնիսկ էդ պայմանում ՀՀԿ նախագահին հրամցնում են ոչ թե «Արեալի» աշխատանքը, այլ ինչ-որ տեսահոլովակ ու բավարարվում այդ հաջողությամբ։

Գիտական միաստիճան համակարգին անցնելուն կողմ եմ: Իհարկե, երկու վերապահումով, որ տաղանդավորները պետք է ստանան անընդհատ կրթություն, և երկրորդը՝ ակադեմիայի պատվովճարվող անդամությունը նույնպես պետք է միաստիճան լինի։ Դոկտորի արած լավ ու վատ աշխատանքը որոշվում է իր կատարած աշխատանքի արդյունքով՝ հղումներով: Հարյուր անգամ գրել ենք այդ մասին: Ակադեմիայի կայքը մտեք, անդամների անուններն են, սխեման հետևյալն է՝ այս մարդն այս թվին ծնվել է այսինչ գյուղում, այս թվին դարձել է թղթակից անդամ: Իր ծննդավայրն ինձ բացարձակապես չի հետաքրքրում, ինչի՞ համար է դարձել թղթակից անդամ, որտե՞ղ են նրա հրապարակումները, դրանք պետք է դնել կայքում, բայց ո՞նց դնեն, բոբիկությո՞ւնը ցույց տան:

-Գիտության ոլորտում փոփոխությունները որտեղի՞ց պիտի սկսել:

-Հայաստանում խելքի պակաս չկա, զուտ բարոյականության պակաս կա: Երբ օրինագիծն ընդունվի, մի քանի հոգի կգրեն՝ տխմար են և այլն: Ի՞նչն են տխմար, այդ մարդիկ ականը դնում են, ու մինչև մենք հասկանում ենք, իրենք օրենքն ընդունում են, այնուհետև՝ «թղթերով ամեն ինչ նորմալ է», կամ էլ՝ «ինչքան ուզենք, էնքան էլ կխփենք»: 

Մեկնաբանություններ (1)

Գոհար
Մինչև հիմա մեր երկրում ուսուցիչներն աշխատում են գռոշների դիմաց, քանդված, ավերված դպրոցներում, ծանրաբեռնված դասարաններում(35աշակերտ) ու հիմա խոսում են որակից, բարելավումներից,ով՞ կհավատա սրան։Եթե իրենք ապրեին ուսուցչի աշխատավարձով, 2 օր հետո սովից կմեռնեին, որովհետև այդ գումարը նրանք սովոր են ճոխ ռեստորաններում որպես թեյավճար թողնել։Բարելավում կլինի միայն այն ժամանակ , երբ այդ ապուշ օրենք երն ընդունող ոհմակը ընդհանրապես լքի Հայաստանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter