HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետք է, արդյոք, դասագիրք «Ֆիզկուլտուրա» առարկայի համար

Խորհրդային տարիներին հանրակրթական դպրոցներում մեծ ուշադրություն էր դարձվում ֆիզկուլտուրա առարկային եւ աշակերտների ֆիզիկական պատրաստվածությանը: Գրեթե բոլոր դպրոցների դիմաց ազատ տարածք կար` գծանշումներով: Մինչև դասերը սկսելը` առավոտյան, դպրոցի դիմաց բոլորը մարզանք էին անում: Իսկ «ֆիզկուլտուրա» առարկայի նորմատիվները հանձնելը պարտադիր էր բոլորի համար:

«Հիմա առարկան այլ կերպ է անցկացվում: Անգամ դասագիրք կա: Ես բացարձակ դեմ չեմ նոր մեթոդներին, բայց երեխաս այդ դասագիրքը սեպտեմբերին ստանալուց հետո դեռ չի հանել պահարանից: Իհարկե, լավ է, որ առարկան գործնական է անցկացվում, բայց այս դեպքում դասագրքի իմաստը չեմ հասկանում»,- ասում է 4-րդ դասարանի աշակերտուհի Աննայի մայրը` Նարինե Աբրահամյանը:

Ֆիզկուլտուրայի դասը՝ Վ. Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում

Կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N1351 որոշմամբ նախատեսվում է պետական հանրակրթական դպրոցներում տարրական դասարանների աշակերտներին ապահովել նախատեսված առարկաների անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ: Հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարաններում նախատեսված են դասագրքեր «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցման համար: 2-4-րդ դասարանները համարվում են տարրական դասարաններ, այսինքն` այս դեպքում ծնողները չեն վճարում դասագրքերի համար, բայց բյուջեից մեծ գումարներ են հատկացվում դասագրքերի տպագրման համար:

Մենք հարցում ուղարկեցինք Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչություն` տեղեկանալու համար, թե բյուջեից որքան գումար է հատկացվել ֆիզկուլտուրայի դասագրքերի տպագրման համար: Ստացանք հետևյալ պատասխանը. «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ դասարանի սովորողների համար նախատեսված «Ֆիզկուլտուրա 2» դասագրքերը վերջին անգամ տպագրվել են 2012 թվականին` 28431 օրինակով: Դասագրքերի տպագրման համար պետբյուջեից հատկացվել է 39 մլն 803 հազար 400 դրամ: Նախարարության պատվերով 2016 թվականին 3-րդ դասարանի սովորողների համար տպագրվել է 4299 հատ «Ֆիզկուլտուրա 3» դասագիրք:

Դասագրքի միավոր արժեքը 1450 ՀՀ դրամ է, իսկ տպագրման ընդհանուր գումարը կազմել է 6 մլն 233 հազար 550 դրամ: 2017թվականին 4-րդ դասարանի սովորողների համար տպագրվել է «Ֆիզկուլտուրա» դասագիրքը` 27872 օրինակով: Դասագրքի միավոր արժեքը կրկին 1450 դրամ է: «Ֆիզկուլտուրա 4» դասագրքի տպագրման համար բյուջեից հատկացվել է 40 մլն 414 հազար 400 դրամ:

Վ.Թոթովենցի անվան թիվ 57 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սահակ Անտոնյանը նշում է, որ ուսուցիչներն առաջնորդվում են դասագրքով, բայց հիմնականում առարկան գործնական է անցկացվում. «Շաբաթական 3 ժամ է իրականացվում առարկան: Մենք առաջնորդվում ենք դասագրքով, բայց առարկան գործնական է անցկացվում: Դասագիրքը միայն տեսական մասն է ապահովում, օրինակ` երեխաներն իմանում են, թե ովքեր են օլիմպիական չեմպիոնները, թե ինչ ճանաչված մարզիկներ ենք ունեցել, նաև վարժության տեսակներ կան ընդգրկված»: Ըստ նրա` դասագիրքն աշակերտների համար ուղեցույց է, որպեսզի օրվա կարգացուցակը պահեն, նաև` կարողանան առավոտյան մարմնամարզություն անել: Ս. Անտոնյանը նշում է, որ յուրաքանչյուր ուսուցիչ ունի իր դասավանդման մեթոդը. «Օրինակ` մենք ուսումնական տարվա սկզբին և վերջում ենք տեսական դասերն անում»:

«Ֆիզիկական կուլտուրա 2» դասագրքի առաջին մասում ասվում է. «Սիրելի՛ փոքրիկ, ֆիզիկական կուլտուրան կպարգևի քեզ ուրախություն և բերկրանք: Այն կդարձնի քեզ սլացիկ, առույգ, գեղեցիկ, աշխույժ և ուժեղ»: Այնուհետև աշակերտին տրվում է առաջադրանք. «Թվարկի՛ր ի՞նչ քեզ կսովորոցնեն ֆիզիկական կուլտուրայի դասերը: Ինչպիսի՞ն կդառնաս, երբ պարապես ֆիզիկական կուլտուրայով»: Հաջորդ դասը վերաբերում է գնդակներին: Այստեղ թվարկվում է, թե ինչպիսի գնդակներ կան. «Սա մեծ ռետինե գնդակ է: Ջրում չի սուզվում, կամ գլորվում է կամ թռչում: Սա փոքր գնդակ է: Այն կարելի է նույնիսկ հեռու նետել»: Դասագիրքն աշակերտներին սովորեցնում է նաև լողալ, սահնակ կամ դահուկ քշել: «Լող» ենթավերնագրով դասը սկսվում է այսպես. «Լողալ պետք է կարողանան բոլորը: Լող չիմացող մարդը խեղդվում է ջրում: Բոլոր երեխաներն ամռանը սիրում են լողալ»: Ընդ որում` լողի, դահուկի, սահնակի վերաբերյալ դասերը ներառված են միաժամանակ երկրորդ, երրորդ և չորրորդ դասարանների դասագրքերում:


Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Իննան ասում է, որ շատ քիչ են դասագիրքն օգտագործում. «Ինչ-որ դասեր պատմել չեն հանձնարարում: Մի  դաս ուսուցիչը  բացատրել է օլիմպիական խաղերի մասին ու ձմեռը շատ ցուրտ ժամանակ ենք պատմելով դասեր արել, բայց գիրքը շատ քիչ ենք օգտագործում: Գրքում վարժությունների մասին է գրված, ասում են` եթե հետաքրքրում է, կարդացեք, բայց գիրքը դպրոց չենք բերում»:

Զրուցեցինք դասագրքի համահեղինակ Յուրա Գրիգորյանի հետ: Նրա կարծիքով` գիտությունը պետք է կիրառվի պրակտիկայում. «Մեր գիտելիքները մենք գնահատում ենք միայն այն դեպքում, երբ դրանք վերածվում են գործողությունների: Օրինակ` ես շատ լավ գիտեմ ինչպես պետք է կատարել ֆիզիկական վարժություններ, բայց եթե չեմ կատարում, ուրեմն դա անօգուտ է դառնում: Աշակերտները ֆիզկուլտուրայում պետք է կրթված լինեն, երբ ասում ենք` ֆիզկուլտուրայում կրթված, հասկանում ենք, որ աշակերտը պետք է գիտակցի ֆիզիկական վարժությունների կարևորությունը, այսինքն` նա պետք է համոզված լինի, որ ֆիզկուլտուրան իրեն պետք է, բացի այդ ունենա գիտելիքներ և կարողություններ դրանք կիրառելու կյանքում»:

Յ. Գրիգորյանը նշում է, որ դպրոցական ծրագրերում ներառել են «Գիտելիքների հիմունքներ» բաժինը, որտեղ երեխաները ծանոթանում են անվտանգության կանոններին, թե ինչպես պետք է պահեն իրենց դահլիճում, ինչպես կարող են վերացնել հարթաթաթությունը, ձևավորել ճիշտ կեցվածք և այլն: Դասագիրքը, ըստ նրա, թույլ է տալիս երեխաներին գիտելիքներ ունենալ տարբեր մարզաձևերից, ծանոթանալ սպորտի ասպարեզում հայ մարզիկների նվաճումներին: Հեղինակը կարևորում է նաև «Առողջ ապրելակերպ» բաժինը, որը սովորեցնում է հետևել օրվա ռեժիմին, կոփել մարմինը, խնամել աչքերը և այլն: Դասագիրքը նախատեսված է ուսուցիչների, աշակերտների և ծնողների համար: «Ինչ վերաբերվում է լողի դասերին, դրանք պարտադիր են: Օրինակ` ծնողն ասում է, որ գնում է արձակուրդ և ցանկանում է իր երեխային լողալ սովորեցնել, հարցնում է` ինչպես կարող է անել, մենք էլ առաջարկում ենք օգտվել դասագրքից: Բայց պետք է հաշվի առնել նաև, որ մեկ անգամ լողալ սովորելը բավարար չէ, այդ գիտելիքները աշակերտներին պետք են և՛ երկրորդ, և՛ երրորդ, և՛ չորրորդ դասարաններում: Ոլորտի բոլոր մասնագետները գիտեն, որ շնչառական, սիրտ-անոթային, մկանային համակարգերի զարգացման համար, շարժողական ընդունակությունները մշակելու լավագույն տարբերակը հենց լողը, դահուկը, սահնակն է»,- վստահեցնում է Յուրա Գրիգորյանը:

Հայաստանում, նրա խոսքով, կան դպրոցներ, որոնք փչովի լողավազան են օգտագործում. «Վեդիում ունենք դպրոց բացօթյա լողավազանով, այս դեպքում գիրքն, արդեն անհրաժեշտություն է: Մեր կազմած դասագրքերն արժանացել են միջազգային փորձագետների բարձր գնահատականներին»: Որպես հավաստում նշում է, որ դասագրքերը ֆիզիկական կուլտուրայի դասախոսների և ուսանողների կողմից ներկայացվել են Հունաստանում, Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում օլիմպիական շարժման ֆորումներին և արժանացել մասնագիտական բարձր գնահատականների: Մեծ քանակությամբ դասագիրք է ուղարկվել նաև Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Քաթար և հայկական գաղթօջախներ: «Այն դեպքում, երբ մեզ ընդունել են մի շարք երկրներ, միջազգային փորձագետներ, ես մի օր չլսեցի, որ այստեղ ասեն, թե ինչ լավ է, որ նման նորամուծություն կա, որ մենք ֆիզկուլտուրայի դասագիրք ունենք: Մենք պայքարելու ենք, որ մինչև 12-րդ դասարան յուրաքանչյուր աշակերտ ունենա իր անհատական ֆիզկուլտուրայի դասագիրքը»,- ասում է Յուրա Գրիգորյանը:

Նշենք, նաև, որ օրերս իրավական ակտերի և նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում տեղադրվել է «Կրթության և գիտության նախարարության» հեղինակած «Նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման չափորոշիչներ և գործիքակազմ» օրենսդրական նախագիծը:
Նախագծի նպատակն է` մշակել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջներ, բարելավել չափորոշիչային պահանջների կատարումը վերահսկելու մեխանիզմները, դասագրքաստեղծ հեղինակային խմբերին ապահովել դասագրքերի համար մշակված ավելի հստակ չափանիշերով և գործիքակազմով:

Շուշան Ստեփանյան,

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter