ՈՒրբաթ, 20 հուլիսի

Սեքսիզմը, բռնությունը և մեդիան` միասնական համատեքստում



Արդի մարտահրավերների համատեքստում մեդիան պահպանում է հանրային կարծիքի ձևավորման գործառույթը: Թեպետ արգելվում է լրատվամիջոցներում խտրական վերաբերմունքն առանձին խմբերի և երևույթների հանդեպ, սակայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքն առանձնացնում է խտրականության 3 տեսակ` ազգային, ռասսայական և կրոնական: Քաղաքացիական հասարակության կոչերն ընդդեմ սեռական խտրականության և բռնության չեն դադարում, նրանք սեքսիզմը համարում են ուժի հաստատման միջոց:

«Սեքսիզմը կապ չունի մարդու կրթական աստիճանի հետ: Օրինակ` ԱԺ-ում հաճախ սեքսիստական մեկնաբանություններ են հնչում կին քաղաքական գործիչների դեմ, և դրանց նպատակը հենց վերջիններիս «բերանը փակելն» է: Մամուլն էլ դա հանրայնացնում է`առանց որևէ մեկնաբանություն տալու»,- համոզված է «Պրոմեդիա-Գենդեր» ՀԿ-ի նախագահ, WomanNet.am կայքի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը:

Մեդիայում կանանց անվերջ թիրախավորումը մասնագետները կապում են աշխարհում տիրող հայրիշխանական միջավայրի հետ: Ուշադրությունից չի վրիպում նաև սոցիոէթնիկ միջավայրը, որի ազդեցության հետևանքով առաջ է գալիս «ազգային հատուկ արժեհամարակարգ: «Ես ուսումնասիրել եմ Ազգային ժողովում կնոջ կողմից օրակարգը խախտելու դեպքերը, և մեր պատգամավորները նրանց պատասխանել են` ասելով «»համեստ պահեք ձեզ», «դրսևորեք հայ կնոջը վայել կերպար», «կնիկ է, նրա հետ ի՞նչ հարց պիտի ունենամ»,- «Հոդված 3» ակումբում նոյեմբերի 21-ին կայացած քննարկման ժամանակ նշեց Թամարա Հովնաթանյանը:

«Առնականությունն ու գենդերային բռնությունը հայկական հեռուստասերիալներում» հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են հայկական տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվող սերիալները, առանձնացվել բռնության տեսարանները: Սանհանգույցի, ավտոմեքենայի, կենցաղային իրերի, ժամանցի վայրերի, խմիչքի և այլն-ի գովազդի մեջ հիմնականում համեմատության մեջ է դրվում կնոջ կերպարը, իսկ սերիալներում` դառնում բռնության օբյեկտ:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը մեդիայում բռնության տեսարանները չի համարում սեքսիզմի դրսևորումներ: Նա վստահեցնում է` խնդիրը կենցաղային է, մեծ մասամբ` կապված մարդու գիտակցական մակարդակի հետ: ԱԺ-ում կանանց հանդեպ խտրական վերաբերմունքն էլ մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Եթե այնտեղ կնոջն «աղջիկ ջան» են ասում, տղամարդուն «արա ջան» են ասում»: Տիգրան Հակոբյանի խոսքով` սեռերի միջև հավասարությունը որոշ չափով բացասական է և կարող է հանգեցնել հակառակ արդյունքի. «Սրանք այն արատավոր երևույթներն են, որոնք կան մեր մեջ. պատգամավորների անտաշությունը, մի շարք մանիպուլյացիաներ: Նպատակը մեկն է` քաղաքական շուկայում շահեկան դիրք դրսևորել: Գլոբալիզացիան և տեխնիկական առաջընթացը հանգեցրին նրան, որ կինը կարող է ապրանքայնացվել: Այդ խորքային կարծրատիպերի մեջ մտնելը սխալ է, վտանգավոր է փորձել կոտրել մարդկային ողջ արխետիպերը»: Տիգրան Հակոբյանի խոսքով` ՀՌԱՀ-ը հաճախ շփոթում են սովետական «գլավլիտի» հետ: Նա սեռի հիմքով խտրականության վերաբերյալ քննարկումը համեմատում է «ձվի մեջ մազ փնտրելու» հետ. «Մենք օրենքի շրջանակներում կարող ենք գործել, բայց կան բաներ, որոնք չեն հակասում օրենքին: Եթերից տասնյակ գովազդներ ենք հեռացրել, քանի որ տեսել ենք օրենքի խախտում: Բայց և չենք կարող բռնանալ խոսքի ազատությանը»:

Մասնագետների մոտեցումը գենդերային հավասարությունը կարգավորող օրենքին միանշանակ չէ: Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը այն որակում է «մոռացության մատնված». «Կառավարությունում Հովիկ Աբրահամյանի օրոք անգամ «գենդեր» բառն արգելված էր, քանի որ նույնացվում էր այլասերության հետ»: Իրավաբանը մտահոգիչ է համարում գովազդում կնոջ մարմինը որպես գործիք կիրառելը, չէ՞ որ իրավական հարթությունում կան որոշակի սահմանափակումներ («Գովազդի մասին» ՀՀ օրենք, հոդված 8): Մյուս կողմից էլ համոզված է` մեդիան իր կոնտենտն ապահովելու և լսարանի պահանջը բավարարելու համար անկարող է չշրջանցել այդ ամենը:

Օրենսդրական կարգավորումները սահմանափակում են մեկը մյուսին: Եթե մի հոդվածով արգելվում է խտրական վերաբերմունք տարածել, ապա մյուսով սահմանվում է, օրինակ, գովազդատուի անկախությունը լրատվամիջոցից: Սեքսիստական դրսևորումները խիստ ոլորտային են, լուծումն էլ` աստիճանական: Քանի դեռ մեդիան շարունակում է նախապատվությունը տալ ձևին, ոչ թե բովանդակությանը, խտրականության մթնոլորտը գնալով թանձրանալու է:

Նելլի Պետրոսյան




Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ