ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Ով էլ Ալիկի հետ շփվել ա, կյանքը կտա իրա համար» . ասում է «Նորատուսցի Ալիկի» մտերիմ վկան



Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում տեղի ունեցած սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեցին դեպքի օրը սպանվածներից մեկի մայրը, միջադեպի ընթացքում վնասվածք ստացած մի վկա և ևս մեկն, ով համոզված է, որ Ալիկ Բանդուրյանի հետ շփվող անձինք նրա համար իրենց կյանքը կտան:

Հիշեցնենք, որ խոսքը 2016թ.-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում հնչած կրակոցների մասին է, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. վերջինս հիվանդանոցում մահացել է:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ քրեական հեղինակություն համարվող Ալիկ Բանդուրյանին, ով հայտնի է որպես «Նորատուսցի Ալիկ», Պետրոս Իսրայելյանին, ով հայտնի է, որպես «Չարբախցի Գեղամիկ», և Արմեն Գասպարյանին, ով հայտնի է «Բդո» մականունով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ըստ մեղադրանքի՝ նույն օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Լիա» գեղեցության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով դրան Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը և նպատակ ունենալով իրագործել վերջինս առողջությանը ծանր վնաս հասցնելու պլանը:

Դրանից հետո, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր հատվածներին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն հանդիպել են Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը: Վերջինս փաստորեն, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության և ատրճանակով կրակոցներ է արձակել, և նրա հետ վիճաբանող անձինք փորձել են հաղթահարել նրա դիմադրությունը: Այս ընթացքում մահացել է միջադեպին ներկա Գևորգ Ավետիսյանը:

Ապա, ըստ մեղադրանքի, Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն է ծագել, և այդ դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով Մուշեղյանի հետ վիճաբանող անձինք նրան մի շարք մարմնական վնասվածքներ են պատճառել՝ ապօրինաբար նրան ուղղակի դիտավորությամբ զրկելով կյանքից:

Դատարանում այսօր հարցաքննված վկաներից մեկը՝ Դավիթ Զաքարյանը, ով Ալիկ Բանդուրյանի մտերիմներից է, ծանուցված չի եղել նիստի օրվա և ժամի մասին, բայց ներկայացել է:

Վկան դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ճանաչել է Ալիկ Բանդուրյանին և Արմեն Գասպարյանին: Ճանաչել է նաև սպանված Մուշեղ Մուշեղյանին:

Վկան հայտնեց, որ դեպքի ժամանակ Ռուսաստանում է եղել, դրա մասին համացանցից է իմացել: Զաքարյանը նաև Մուշեղ Մուշեղյանի հետ է մշտական կապի մեջ է եղել, նրան ճանաչել է որպես Ալիկ Բանդուրյանի վարորդ:

«Ալիկը վրան ջղայացնել էր, որ դեղ ա անում. ասաց՝ իմ պատվի հետ ես խաղում, մեր տուն չգաս, չեթաս»,- պատմեց Զաքարյանը: Այսինքն՝ Բանդուրյանը Մուշեղ Մուշեղյանին աշխատանքից ազատել է: Մեղադրող Գևորգ Գևորգյանը հետաքրքրվեց՝ բացի վերը նշված պատճառից Մուշեղ Մուշեղյանին աշխատանքից հետացնելու այլ պատճառ եղե՞լ է, և վկան բացասական պատասխան տվեց:

Զաքարյանի խոսքով՝ Ալիկ Բանդուրյանն ու Մուշեղ Մուշեղյանն իրար հետ նորմալ հարաբերություններ են ունեցել: Թեև դեպքից հետո իրար հետ անմիջականորեն չեն շփվել, բայց հարկ եղած դեպքում իր կամ մեկ այլ անձի միջոցով որոշակի կոնտակտ եղել է: Ըստ վկայի՝ Մուշեղ Մուշեղյանն անգամ առողջական խնդիր է ունեցել, և ինքը` Զաքարյանը, ըստ իր ցուցմունքի, Ալիկ Բանդուրյանից 300 հազար դրամ գումար է վերցրել նրա բուժման համար:

«Ալիկն ասաց` անվերադարձ տուր իրան, թող էթա, բուժվի, ուրիշ բան չեմ իմանում»,- պատմեց վկան:

Նախաքննության ընթացքում, սակայն, վերը նշված գումարի մասին Զաքարյանը որևէ բան չի պատմել: Դատախազը հարցրեց՝ ինչո՞ւ է այս մասին նախկինում լռել, և Զաքարյանն ի պատասխան նշեց, որ ինչ կա, այդ է ասում:

Դատախազի հարցին՝ որևէ մեկը Զաքարանին խնդրե՞լ է դատարանում խոսել գումարի մասին, վերջինս բացասական պատասխան տվեց:

Ինչ վերաբերում է դեպքին, Զաքարյանը նշեց, որ այդ մասին իրեն հայտնի է միայն, որ սպանված Մուշեղ Մուշեղյանը «ոմն Գեղամի մոտ, ինչ-որ տղայի հետ վիճել է, հետո՝ հանել կրակել»: Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք Ալիկ Բանդուրյանը բացի վարորդից ունեցե՞լ է նաև անվտանգության աշխատակից:

«Անվտանգության աշխատակից, չէ՛, բայց ով էլ Ալիկի հետ շփվել ա, կյանքը կտա իրա համար»,-համոզմունք հայտնեց Դավիթ Զաքարյանը:

Մեղադրող Գևորգյանի հարցերից կարելի էր եզրակացնել, որ վերջինս առնվազն կասկած է հայտնում, որ վկան ցուցմունք տալուց առաջ ուղղորդվել է Բանդուրյանի կամ մեկ այլ անձի կողմից: Դատախազը հարցրեց նաև, թե դատական նիստի մասին ծանուցված չլինելով՝ ինչպե՞ս է Զաքարյանը ներկայացնել դատարան:

«Էն մյուս անգամ իմ անուն, ազգանունն են կարդացել՝ որպես վկա, ես դրսում եմ եղել, ինձ այդ մասին ասել են»,-ասաց Զաքարյանը՝ պնդելով, թե ինքը դատարանից է իմացել նիստի օրվա և ժամի մասին:

Վկան նշեց նաև, որ իրեն ասել են, որ եթե չներկայանա դատարան, իրեն կձերբակալեն: Դատախազի հարցին՝ ո՞վ է ասել, Զաքարյանը պատասխանեց՝ «դե հիմա, խոսքի մեջ»: Հարցին՝ ասողը դատական նիստերի դահլիճո՞ւմ է, Զաքարյանը բացասական պատասխան տվեց:

Դատարանում հարցաքննված մյուս վկան` Արտակ Նազարյանը, Պետրոս Իսրայելյանի որդու` Գոռ Իսրայելյանի ընկերն էր, նրանց հարևանը:

«Հայտնի է, որ դեպքի օրը կիրակի է եղել»,-հարցին` դեպքի մասին ի՞նչ է հայտնի վկային, նման պատասխան տվեց հրազենային վնասվածք ստացած Արտակ Նազարյանը:

Ապա պատմեց, որ դեպքի օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկից ձայներ է լսել ու հետաքրքրությունից դրդված գնացել այնտեղ՝ տեսնելու համար` ինչ է կատարվում:

«Մտել եմ նկուղային հարկ, կիսաբաց դռնով մտել եմ ներս, տեսել եմ իմ մտերիմ Գևորգին, տեսել եմ, որ քաշքշուկի մեջ է ինչ-որ անծանոթ տղամարդու հետ: Ցանկացել եմ մոտենալ, հարց տալ, բայց անծանոթ տղամարդը սկսել է կրակել: Արդեն կեսը կռացած, կեսը պպզած մարդիկ եմ տեսել, նույնն էլ ես. որովայնիս շրջանում ծակոց եմ զգացել ու մտածել միայն փախնելու մասին: Վայրկյաններ է տևել, փախել եմ դեպի մեր բնակարան, բայց մորս առողջության մասին անհանգստանալով` մտածել եմ, որ ինքս կարող եմ մշակել վերքը, տանը չեմ մտացել, գնացել եմ տատիկիս տուն»,- պատմեց վկան ու նշեց, որ տան անդամներին խաբել ու ասել է, որ Գորիս է մեկնում, որպեսզի չանհանգստանան:

Վերջինս նշեց, որ կրակոցից հետո փամփուշտն իր մարմնի արտաքին հատվածում է մնացել` մաշկի մոտ, և ինքը ածելիի օգնությամբ այն հանել է մարմնից, ու Բետադին դեղի միջոցով մշակել վերքը:

Վկան ասաց նաև, որ իր այս արարքի համար իր նկատմամբ քրեական հետապնդում է եղել` պարտակման հոդվածով:

Վկան նշեց, որ դեպքի ժամանակ ինքն իր ծանոթ, ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին այնտեղ չի նկատել:

Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին, թե նկուղում մահակներ, բահ, երկաթյա կտորներ նկատե՞լ է, վկան ասաց, որ չի նկատել, որ այդ պահին փախնելու մասին է միայն մտածել:

Հարցաքննված մյուս անձը դեպքի օրը սպանված 25-ամյա Գևորգ Ավետիսյանի մայրն էր՝ Նելլի Ավետիսյանը: Գևորգ Ավետիսյանը նախաքննության ընթացքում տուժող է եղել, և նրա մայրը եղել է տուժողի իրավահաջորդ, սակայն հետո Ավետիսյանի կարգավիճակը փոխվել է: Ավետիսյանի մայրը դժգոհում է այս հանգամանքից:

«Ինչո՞ւ է իմ էրեխեն մեղավոր ճանաչվել... իմ անմեղ երեխու արյունն է թափվել, ի՞նչ կապ ունի էս ամենի հետ, որ մեղավոր են ճանաչել: Էդ անծանոթը եկել հարձակվել է ուրիշի տան վրա, ուրիշի երեխուն ա սպանել, մենակ էդ կարող եմ ասել, ուրիշ ոչ մի բան: Ինքը գա հարձակվի իմ երեխուն սպանի ու իմ երեխեն մեղավոր ճանաչվի՞: Ես իմ երեխուն մեղավոր չեմ ճանաչում»,-դատարանում սրտնեղեց Նելլի Ավետիսյանը:

Վերջինս նշեց, որ դեպքի օրը որդին դուրս է եկել բակ, հետո ինքը զանգահարել է, և հեռախոսազանգերին չի պատասխանել:

«Ես զարմանում էի, թե ինչո՞ւ իմ զանգերին չի պատասխանում, որովհետև ես առողջական խնդիրներ ունեմ, ու անհնար էր, որ չպատասխաներ իմ զանգին»,- ասաց Ավետիսյանը:

Վերջինս նշեց, որ հարևաններից է իմացել, որ «Լիա» գեղեցկության սրահում հարձակում է տեղի ունեցել, որ մարդ է մահացել, ապա ավելի ուշ համացանցից իմացել է, որ մահացածներից մեկն իր որդին է:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Արգիշտի Քյարամյանը բարձրացրեց դատարանի կողմից մրցակցային դատաքննության սկզբունքը խախտելու մասին:

Այս գործով նախորդ դատական նիստին դատավոր Նելլի Բաղդասարանը մեղադրող Քյարամյանին նախազգուշացրել է առանց ոտքի կանգնելու դատարանին դիմելու վերաբերյալ: Մեղադրողը նկատեց, որ թեև այս գործով որոշ ամբաստանյալներ դատարանին դիմելով ոտքի չեն կանգնում՝ Բաղդասարյանն այս հանգամանքն անտեսում է:

Դատախազը ուշադրություն հրավիրեց նաև հանգամանքին, որ Նելլի Բաղդասարյանը նկատում է ապակեպատ դահլիճի ապակիներից այն կողմ գտնվող անձանց վարքը, մաստակ ծամելու համար նկատողություն անում անգամ դահլիճի ծայրում նստած անձանց, բայց որևէ կերպ չի անդրադառնում ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի՝ «թզբեխով» դատարան ներկայանալու և նիստի ընթացքում այն օգտոգործելու հանգամանքին:

Դատական այս նիստն ավարտվեց, հաջորդ նիստին կշարունակվի գործով վկաների հարցաքննությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ