HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամին

Կառավարության նոյեմբերի 23-ի նիստը գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը հերթական հանձնարականներով սկսեց․ առաջինը վերաբերում էր թվային օրակարգին։

«Ավարտին են հասցվում Հայաստանի թվային օրակարգ 20, 30 երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները, միաժամանակ անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման և դրանց իրագործման աշխատանքները՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ թվայնացման գործընթացի իրականացումն անհրաժեշտ է»,- ասաց Կարեն Կարապետյանը։

Վարչապետը հանձնարարեց գործադիր մարմնի ղեկավարներին ըստ ոլորտների եռօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվայնացման, փոխակերպում համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածությունները, ապա երկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ՝ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար։

«Մասնավորապես անդրադառնալ հետևյալ որորտներում թվային գործիքների ներդրմանը՝ կառավարման փոխգործունակության պլատֆորմի և հանրային ծառայությունների կառավարման մեկ պատուհանի ներդրում, բնական ռեսուրսների և հողերի կառավարում, խոշորացված համայնքներում պետական, սոցիալական, համայնքային և այլ ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցում, տեսական մարմինների էլեկտրոնային կառավարում։ Երրորդ՝ թվային միջավայրի ձևավորման շրջանակներում համապատասխան միջազգային աջակցության ստացման գործընթացների կազմակերպումն իրականացնել բացառապես «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ»,- ասաց Կարապետյանը։

Վարչապետը հանձնարարեց նաև «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին սահմանված առաջարկությունները ամփոփել և մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել թվայնացման գործողությունների ծրագիրը՝ նշելով միջոցառումների կատարման հստակ ժամկետներ և պատասխանատուների։

Վարչապետի երկրորդ հանձնարարականը վերաբերում էր իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատմանը․

«2016 թվականի մարտին կառավարության կողմից հիմնադրվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամը, որն իրականացնում է համապատասխան նախագծերի կարգավորման բնագավառների կարգավորման վրա ազդեցության գնահատումը։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել ենք դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներկայացնելու հիմնադրամի կողմից ընդունված առաջարկությունները չեն ընդունվել։ Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ գործադիր մարմնի ղեկավարներին գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքում ներկայացնել հստակ հիմնավորումներ»,- ասաց գործադիրի ղեկավարը։

Կարապետյանը հանձնարարեց նաև մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տարեկան գործողությունների շրջանակներում կարգավորման ազդեցության ենթակա իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը։

«Սրան հատուկ ուշադրություն դարձրեք, ինձ մոտ տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամն ինքն է որոշում՝ չունենալով պատվերներ, իսկ պատվիրատուն մենք ենք: Ստեղծել ենք մի օղակ, որը պետք է բոլոր ռիսկերը գնահատի, համապատասխան վերլուծություն տա, ըստ դրա՝ որոշենք ճիշտ ենք գնում, թե չէ։ Այդ պատճառով պետք է հստակ ձևավորենք այն առաջնահերթությունները, որոնք մեզ հետաքրքրում են, որպեսզի հիմնադրամը տա իր վերլուծությունները»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter